Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաձգվող բարեփոխումներ․ գործադիրը գաղտագողի ժամկետներ է փոխում. ԻՔՄ

Ապրիլ 22,2022 17:05

2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունը, ի թիվս այլի, հայտարարեց ոստիկանության, հակակոռուպցիոն, դատաիրավական ոլորտներում բարեփոխումների մասին: Շահագրգիռ կողմերի և քաղաքացիական հասարակության հետ լայն հանրային քննարկումների արդյունքում գործադիր իշխանությունը մշակեց այդ ոլորտների բարեփոխումների ռազմավարություններն ու դրանց գործողությունների ծրագրերը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը», ուսումնասիրելով վերոհիշյալ ոլորտներում բարեփոխումների ռազմավարությունների գործողությունների ծրագրերն ու ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը, միջոցառումների իրականացման ժամկետների բազմաթիվ անհամապատասխանություններ հայտնաբերեց:

Մինչդեռ, ռազմավարությունների գործողությունների ծրագրերում ամրագրված ժամկետները սահմանվել էին 2019 և 2020 թվականներին` հանրային քննարկումների (այդ թվում՝ e-draft հարթակում) փուլում` շահագրգիռ բոլոր կողմերի փոխհամաձայնությամբ: Սակայն դա չի խանգարել գործադիրին առանց քննարկումների ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում 2021 թվականի օգոստոսին միջոցառումների նոր ժամկետներ սահմանել:

Ոստիկանության բարեփոխումներ ՆԳՆի, Ազգային գվարդիայի, մարզերում Պարեկայինի ստեղծման նոր ժամկետներ

2020 թվականի ապրիլի 23-ին ՀՀ կառավարությունն ընդունեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրերը հաստատելու որոշումը, որի Հավելված N2-ում հստակ նկարագրված է գործողությունների ժամանակացույցը:

Արդարադատության նախարարությունը 2021-ի գարնանը e-draft.am կայքում այդ ժամանակացույցից բխող՝ «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ դրեց շրջանառության մեջ, որում նախարարության ստեղծման ժամկետ էր ամրագրված 2021 թվականը: ՆԳՆ-ն պետք է ստեղծվեր և արդեն գործելիս լիներ՝ ոստիկանության և միգրացիայի ծառայությունների հիմքով, պետք է հաստատված լինեին նախարարության կանոնադրությունն ու կառուցվածքը, ապահովված լիներ նախարարության տարածքը, համալրված՝ պաշտոնները:

Սակայն ԱԺ-ի լուծարման և նոր խորհրդարանի գումարման արդյունքում նախագիծը ուժը կորցրեց և կրկին ուղարկվեց գործադիր: Իսկ օգոստոսին ընդունված ՀՀ կառավարության գործունեության ծրագրով առանց հանրային քննարկման փուլն անցնելու փոխվեցին ՆԳՆ-ի ստեղծման ժամկետները՝ տեղափոխվելով 2023 թվականի մարտ ամսվա 3֊րդ տասնօրյակ:

Հատկանշական է, որ 2022-ի հունվարի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից ընդունված «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը» բանաձևում կոչ էր արվում ՀՀ իշխանություններին իրագործել ՆԳՆն վերականգնելու ծրագիրը։

Ռազմավարությամբ՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ոստիկանության Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ստորաբաժանումների ստեղծման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի ապրիլը, սակայն գործադիրն իր ծրագրում, դարձյալ առանց հանրային քննարկումների, հետաձգել է ժամկետները մինչև 2024 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ:

Ոստիկանության բարեփոխումների ևս մեկ խոշոր՝ ոստիկանության զորքերի ապառազմականացումն ու Ազգային գվարդիայի վերածելու միջոցառումը հետաձգվել է․ ռազմավարությամբ այն պետք է իրագործվեր 2021-ին, սակայն կառավարությունը որոշել է նախ այդ միջոցառումը «Ոստիկանության զորքերի կարգավիճակի վերանայում, խնդիրների և գործառույթների վերաիմաստավորում, ոստիկանության զորքերի ծառայության կազմակերպաիրավական նոր ձևի սահմանում» անվանմամբ միջոցառման մեջ ընդգրկել՝ հետաձգելով դրա ժամկետը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ:

Ըստ ոստիկանության կատարողական հաշվետվությունների՝ բարեփոխումների ռազմավարության շրջանակում այս և մի շարք միջոցառումների՝ նախատեսված ժամկետներում չկատարելը կամ մասնակի կատարելը պայմանավորված է եղել հիմնականում COVID-19-ի համավարակով և Արցախյան երկրորդ պատերազմով: Թեև համավարակն ու պատերազմը իրոք կարող էին ազդել բարեփոխումների ընթացքի վրա, սակայն դրա նոր ժամկետները որևէ հանրային քննարկում չեն անցել, ու որոշ ուշացումներ ակնհայտորեն դուրս են այդ հիմքերից:

Հավելենք նաև, որ ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդը ՀՀ արդարադատության նախարարության կողմից ստացել է առաջարկ՝ բարեփոխումների իրականացման ընդունելի ժամանակացույց մշակելու և ներկայացնելու մասին։

Հակակոռուպցիոն ոլորտ մասնագիտացված դատարանի ստեղծումը հետաձգվում է

Հայաստանի կառավարությունը Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատել է 2019 թվականին:

Սակայն կառավարության գործողությունների ծրագրից տեղեկանում ենք, որ գործադիրը, առանց հանրային քննարկումների, որոշել է փոխել այդ ռազմավարության մեջ ընդգրկված մի շարք միջոցառումների իրագործման ժամկետները՝ դրանք ընդգրկելով 2023-2027 թվականների Հակակոռուպցիոն նոր ռազմավարության մեջ, որը, ըստ ծրագրի, գործադիրը պետք է ընդունի առաջիկայում:

Մասնավորապես, 2023-2027 թվականների համապատասխան ռազմավարությանն է վերապահվել հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը: Համաձայն 2019-2022 թվականների ռազմավարության, այդպիսի դատարաններ պետք է ստեղծվեին 2021 թվականին, սակայն կառավարությունը այդ միջոցառումը որոշել է իրականացնել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակը:

Ըստ այդմ, հետաձգվել են նաև այդ գործողությունից բխող մի շարք մանր ու միջին ենթամիջոցառումների ժամկետներ, օրինակ՝ դատավորների կազմի 30%-ը վերապատրաստված ու նշանակված պետք է լիներ 2021 թվականի 4-րդ եռամսյակում, մինչդեռ կառավարության ծրագրով այդ միջոցառումը տեղափոխվել է 2024 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ:

2019-2022 թթ․ ռազմավարության մեջ ամրագրված է նաև Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված նվերների գրանցման միասնական էլեկտրոնային համակարգի ստեղծման ժամկետը՝ 2021 թվական․ գործադիրը հետաձգել է նվերների ռեեստրի ստեղծումը մինչև 2022 թ մայիսի 3-րդ տասնօրյակ:

Դատաիրավական բարեփոխումներ օրենսդրական փոփոխություններ են հետաձգվել

Կառավարությունը դատական և իրավական բարեփոխումների 2019֊2023 թվականի ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու որոշումն ընդունել է 2019-ի հոկտեմբերին:

Այս բարեփոխումների շրջանակում նախատեսված մի շարք օրենսդրական փոփոխություններ են հետաձգվել․ օրինակ՝ Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունների մշակումն ու կառավարության կողմից ընդունումն իսկզբանե նախատեսված է եղել 2020 թվականին իրականացնել: Սակայն գործադիրն այստեղ ևս ժամկետ է փոխել՝ հետաձգելով այն մինչև 2023 թվականի դեկտեմբեր: Նույն ճակատագրին են արժանացել նաև «Սնանկության մասին օրենքում» փոփոխությունները, որոնք 2021-ից տեղափոխվել են 2024-2026 թվականներ:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ կառավարության՝ քաղհասարակության և շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերով շրջանառության մեջ դրված մի շարք ոլորտների կարևոր բարեփոխումների ժամկետները փոփոխվել են՝ առանց հանրային քննարկումների փուլ անցնելու՝ թաքուն որոշման արդյունքում:

Ստորև բերված ինֆոգրաֆիկայում ներկայացված են վերոհիշյալ ոլորտներում բարեփոխումների նախապես սահմանված, ապա փոփոխված ժամկետները։

Նանե ՄԱՆԱՍՅԱՆ

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930