Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոկո Շանելը, Պիաֆը, Ցվետաեւան եւ Ֆրիդա Կալոն` Գյումրիի «Բոհեմում»

Ապրիլ 22,2022 16:26

«Մենք փորձում են որքան հնարավոր է ակտիվ պահել թատերական կյանքը ոչ միայն Գյումրիում, այլեւ Գյումրիի մասին խոսել մայրաքաղաքում եւ Հայաստանի տարբեր քաղաքներում»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը:

Լյուդվիգ Հարությունյան

Նա անդրադարձավ իրենց թատրոնի այս տարվա առաջին առաջնախաղին, ասաց, որ ներկայացումը հնարավոր կլինի դիտել ապրիլի 27-ի, 28-ի և 29-ին: Նման եւս մեկ հնարավորություն ընձեռված է նաեւ մայիսի 8-ին, քանի որ ապրիլ ամսվա բոլոր տոմսերը սպառվել են:

«Յուրաքանչյուր առաջնախաղ թատրոնի համար առանձնահատուկ ու կարեւոր է, բայց այս մեկն էլ ավելի առանձնահատուկ ու կարեւոր է մեզ համար: Պիեսի հեղինակը երիտասարդ դրամատուրգ Մարիա Ակոպովան է: Գեղարվեստական խորհուրդը որոշեց, որ այդ պիեսը պետք է բեմադրվի թատրոնում, եւ այն պետք է բեմադրի երիտասարդ ռեժիսոր Տաթև Ժաքյանը»,-հավելեց տնօրենը: Նա տեղեկացրեց, որ ողջ ստեղծագործական խումբը բաղկացած է միայն իգական սեռի ներկայացուցիչներից:

Ընդգծեց, որ Տաթեւն առաջին անգամ է Գյումրու դրամատիկական թատրոնում ներկայացում անում, եւ փաստագրական ժանրին իրենք առաջին անգամ են անդրադառնում: Ինչ վերաբերվում է ներկայացմանը, այն կոչվում է «Բոհեմ»: Լյուդվիգ Հարությունյանը հույս ունի, որ գունեղ այս ներկայացումը երկար ժամանակ կմնա թատրոնի խաղացանկում:

Տաթև Ժաքյան

«Ներկայացման վերնագիրն արդեն իսկ պատասխանատու է ու շատ սիմվոլիկ: Բոհեմը արվեստագետների ներքին զգացողություն կարելի է համարել, թե ինչպես են իրենք ստեղծագործում, թե ինչ ներքին դաշտ ու ճանապարհ ունեն եւ ինչպես է ստեղծվում իրենց արվեստը: Ու այն, թե ինչ է մնում արվեստի հետեւում, հենց բոհեմն է»,-ասաց երիտասարդ բեմադրիչը:

Նա նշեց, որ բախտ ունեն ներկայացնելու 4 կանանց` Կոկո Շանելին, էդիտ Պիաֆին, Մարինա Ցվետաևային և Ֆրիդա Կալոյին: Տաթեւ Ժաքյանի խոսքով, նրանք անհատներ էին, կանայք, որոնք ճանապարհ անցան. «Ուզում ենք ցույց տալ, թե ինչ ձեռքբերումներ ու կորուստներ ունեցան իրենք, որպեսզի մեզ, մարդկությանը թողնեին այն, ինչ-որ թողեցին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930