«Վլադիմիր Պուտինը ՀՀ թիվ մեկ ռազմավարական գործընկեր երկրի ղեկավարն է։ Այսքանը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ արձագանքելով նկատառմանը, որ ամիսներ առաջ ինքը ՌԴ նախագահի անունից մեդալ է ստացել, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհը Պուտինին ագրեսոր է համարում։
Արթուր Դավթյանը հավելեց․ «Երկու երկրների դատախազությունների համագործակցության ոլորտում իմ կատարած աշխատանքի գնահատականի զգացողությունը ունեմ»։
Լրագրողները նաեւ հարցրին՝ սեպտեմբերին լրանում է գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը, իշխանություն առաջարկե՞լ է նորից լինել թեկնածու։ Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ վաղ է հարցը մեկնաբանել։
Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե դատական համակարգում տասնամյակներով աշխատած մի անձ աչք ունի գլխավոր դատախազի պաշտոնի վրա եւ ամեն ինչ անելու է՝ դրան հասնելու համար, Արթուր Դավթյանը նշեց․ «Այս պաշտոնի բեռն ու պատասխանատվությունը չպատկերացնողներին խորհուրդ չեմ տա աչք ունենալ դրա վրա»։
Կարդացեք նաև
Լրագրողները նաեւ նշեցին՝ տասնյակ քրեական գործեր կան, որոնցով մեղադրյալները՝ Աղվան Հովսեփյան, Մամիկոն Ասլանյան, Նարեկ Մանթաշյան, կալանքի տակ են գտնվում, ըստ պաշտպանների, անհիմն պատճառաբանություններով․ հանրային վտանգավորության ի՞նչ արարք են նրանք թույլ տվել, որ խափանման միջոցը չի փոխվում։ Արթուր Դավթյանը հարցադրում արեց՝ ուզո՞ւմ եք այդ ցանկը ես էլ շարունակեմ, ապա շեշտեց՝ չկա մի գործ, որի դեպքում մեղադրյալը կասի, թե իր հանդեպ քրեական հետապնդումը հիմնավորված է․ «Դատարանում կողմերը կարտահայտվեն։ Հանրային խոսք ասողների գնահատականները քրեական գործերի վերաբերյալ սուբյեկտիվ են»։
Մեկ այլ հարցին՝ ի վերջո ո՞վ էր գաղտնալսել Արթուր Վանեցյան-Նիկոլ Փաշինյան-Սասուն Խաչատրյան հեռախոսազրույցը, ինչո՞ւ իրավապահ համակարգն անկարող եղավ դա բացահայտել, Արթուր Դավթյանը պատասխանեց․ «Այո, բոլոր քրեական գործերով, որոնցով լիարժեք բացահայտում չունենք, դուք իրավունք ունեք նման գնահատական տալ։ Եթե բացահայտված լիներ, կհայտարարեինք»։ Նկատառմանն ի պատասխան, որ ըստ Վանեցյանի՝ պարզ է, թե ով է գաղտնալսել, Դավթյանը նշեց․ «Եթե այդպես է, ինչո՞ւ չի ասում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ