Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձը իրենց տներ. Փաշինյան

Ապրիլ 22,2022 16:42

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի արդյունքներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման հնարավորություններին և հարակից այլ թեմաների: 

Ստորև ներկայացվում է վարչապետի խոսքի սղագրությունն ամբողջությամբ. 

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի հայրենակիցներ

Սույն թվականի ապրիլի 19-20-ը տեղի ունեցավ իմ պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Նախ ուզում եմ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար և արձանագրել այցի արդյունավետ լինելը:  

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի ամենաառանցքային հարցերը, ինչն արտահայտված է Ռուսաստանի Դաշնության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ:

Բնականաբար, առանձնակի ուշադրության արժանացրինք տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերը: Կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մոտեցումների նույնականությունը: Տվյալ հարցում կարող ենք արձանագրել գործնականում մեր բոլոր միջազգային գործընկերների դիրքորոշումների ընդհանրությունը: Եվ այս ֆոնին կրկին ուզում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ օր առաջ մեկնարկել Արևելքը Արևմուտքին կապող երկաթուղագծի և ավտոճանապարհների շինարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքով: Հույս ունեմ՝ այս հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ, առաջիկայում կկարողանա պրոցեսը մեկնարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր մշակել և համաձայնեցնել:  

Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ բանակցությունների հաջորդ արդյունքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումն էր՝ սրանից բխող քաղաքական հետևանքներով: Եվ եթե արձանագրենք, որ մոսկովյան այցի նախորդող օրերին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները, կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն: Մենք հստակ տեսնում ենք, որ համանախագահող բոլոր երկրները Լեռնային Ղարաբաղյան կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահողների համատեղ գործունեության համար դժվարություններ են ստեղծել: Բայց առավելևս այն, որ նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելություններ են իրականացնում տարածաշրջան և քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձնառությունը՝ աջակցել Լեռնային Ղարաբաղյան կարգավորմանը, լավատեսության շոշափելի հիմքեր են տալիս

Այս ֆոնին, իհարկե, չափազանց կարևոր է Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը, որի առանցքային բաղկացուցիչ է Լաչինի միջանցքի անխափան և անարգել գործունեությունը: Այս առումով, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներդրումն անուրանալի է, մյուս կողմից՝ մի շարք դրվագներում մենք տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն: Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու Փառուխի հատված չափազանց անհանգստացնող փաստ է, որն էական է իրադրության ընդհանուր գնահատման տեսակետից: Եվ մենք հույս ունենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կապահովի ադրբեջանական ստորաբաժանումների լիարժեք դուրսբերումը:  

Հարգելի ներկաներ

Սիրելի ժողովուրդ

Ուզում եմ տեղյակ լինեք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող իմ մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին աշխատանքային կարգով տեղյակ եմ պահել Լեռնային Ղարաբաղի նախագահին: Այս գործելակերպը նորություն չէ, և այսպես վարվել եմ միշտ՝ Ռուսաստանում, Եվրոպայում, Հայաստանում տեղի ունեցած բանակցություններից, քննարկումներից հետո: Եվ Արցախի նախագահն էլ իր հերթին այդ բանակցությունների արդյունքները ներկայացրել է Արցախի քաղաքական վերնախավին: Այս գործելակերպը շարունակվելու է միշտ:  

Ընդ որում, բանակցությունների ամեն փուլից հետո մանրամասն տեղեկությունները կիսում եմ հայաստանյան իշխանական, քաղաքական ամենատարբեր շրջանակների հետ, մշտապես պատրաստակամություն եմ ցուցաբերել այդ բովանդակությունը կիսել նաև խորհրդարանական ընդդիմության հետ, բայց վերջիններս մշտապես հրաժարվում են նմանօրինակ քննարկումներից թերևս հասկանալի պատճառներով: Որպեսզի այլազան դավադրության տեսությունների մասին լեգենդներ ստեղծեն և այդ լեգենդները դնեն իրենց գործունեության հիմքում:  

Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, գործնականում իմ ամեն օտարերկրյա այցից առաջ բոլոր հնարավոր ռեսուրսներով լուրեր են տարածվել, թե պատրաստվում եմ Լեռնային Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ինչոր փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պիտի հանձնվի Ադրբեջանին: Պատասխանատու կերպով ասում եմ, որ այս ընթացքում և այս պահին չի եղել և չկա Լեռնային Ղարաբաղյան կարգավորման ոչ մի նախագիծ, ուշադրություն դարձրեք՝ ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի: Կրկնում եմ՝ ոչ մի անգամ նման նախագիծ կամ նույնիսկ սևագիր չի եղել: Նկատի ունեմ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո

Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն՝ հազար անգամ ներողություն խնդրելով, ստիպված եմ արձանագրել, որ Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես: Արցախն առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է: Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձն իրենց տներ: Արցախը հանձնողը, ընդհակառակը, պատերազմից հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի, և Արցախի հանձնումը, ըստ էության, իրականություն դարձած կլիներ:  

Մենք, ընդհակառակը, աննախադեպ ծավալի ներդրումներ ենք իրականացնում Արցախում, որովհետև Արցախը պահել՝ նշանակում է արցախցուն պահել Արցախում: Հայաստանը պահել՝ նշանակում է հայաստանցուն պահել Հայաստանում և մի բան էլ հեռացածներին վերադարձնել: Իսկ սա առանց խաղաղության հնարավոր չէ: Առանց խաղաղության, հարգելի գործընկերներ, սա հնարավոր չէ:   

Էլ չեմ ասում՝ բացառում եմ, պարզապես բացառում եմ, որ գոյություն ունենա ստորագրմանը շատ թե քիչ մոտ մի փաստաթուղթ, որն ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում՝ Արցախի հանրության բոլոր շերտերի հետ: Սա երաշխիք է, երկաթյա երաշխիք, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում: Այս առումով հոռետեսները բերում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության օրինակը, որն ստորագրվեց առանց լայն հանրային քննարկման: Սա տարօրինակ համեմատություն է, որովհետև պատերազմի պայմաններում ժամերի, երբեմն րոպեների ընթացքում պիտի որոշում կայացվեր հազարավոր արցախցիների, 25000 զինվորի կյանքը և Արցախը հայաթափումից փրկելու համար, և համեմատությունները պարզապես տեղին չեն: Բայց, մյուս կողմից, մեր ողջ քաղաքականությունն ու քայլերը հենց դրանց են ուղղված, որ ստիպված չլինենք նմանատիպ պայմաններում որոշում կայացնել:  

Այս պահին հայադրբեջանական բանակցությունների առարկա հանդիսացող բոլոր թղթերի բովանդակությանը հանրությունը ծանոթ է: Դա Ադրբեջանի կողմից մեզ փոխանցված 5 կետն է, և դրան մեր արձագանքը, որը, ըստ էության, ամբողջությամբ հրապարակվել է հարցազրույցների, ելույթների ընթացքում: Այս գործելակերպը մենք շարունակելու ենք նաև հետագայում՝ այնքանով, որքանով թույլ կտա դիվանագիտական, միջպետական հարաբերությունների էթիկան:  

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու վերաբերյալ միջազգային հորդորների մասին իմ հայտարարություններին հաջորդած շահարկումներին, թե նախկինում հայտնի չի եղել նման որևէ հորդորի մասին, պիտի տարակուսանքս հայտնեմ այս փաստի առիթով, և ահա թե ինչու՝  

Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ 2016 թվականին ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներկայացրած առաջարկությունները ոչ այլ ինչ են, քան նշաձողն իջեցնելու փաստաթուղթ, որովհետև այդ փաստաթղթի առանցքային իմաստը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի հետաձգումն էր անորոշ ժամանակով: Անորոշ ասելով, ընդ որում, նկատի էին առնվում տասնամյակներ, եթե ոչ ավելի: 2016 թվականի առաջարկություններում նշաձողի այդպիսի իջեցում էր նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը միջազգային ատյաններին արտապատվիրակելու առաջարկը, ընդ որում՝ այնպիսի ատյանների, որոնք նախկինում արդեն դիրքորոշում արտահայտել էին խնդրի մասին Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Նշաձողն իջեցնելու այդպիսի հորդոր էր ԵԱՀԿ 1996 թվականի Լիսաբոնյան գագաթաժողովը: Նշաձողն իջեցնելու այդպիսի հորդոր էր 1999 թվականի «Ընդհանուր պետության» գաղափարը: Նշաձողն իջեցնելու այդպիսի հորդոր էր 2001 թվականի Քի Վեսթյան գործընթացը, 2007 թվականի Մադրիդյան սկզբունքները, որոնց վրա էլ հիմնված էին 2016 թվականի հունվարհուլիսօգոստոսի երեք առաջարկները: Նշաձողն իջեցնելու այդպիսի ուղիղ և անուղղակի հորդոր են պարունակել 1990-ականներից միջազգային տարբեր ատյանների ընդունած տարբեր փաստաթղթեր: Եվ այն, որ այս փաստերի նշանակությունը խնամքով թաքցվել է մեր հանրությունից, չի նշանակում, թե դրանք գոյություն չեն ունեցել: Հենց նրանում է իրավիճակի ամբողջ նրբությունը, որ ես հարկ եմ համարում, որ հանրությունը սրա մասին իմանա, և այն, որ հնարավորինս շատ քարտեր եմ բացում հանրության առաջ, վկայությունն է, որ հանրության առաջ հաշվետու լինելը կարևոր հանգամանք է մեզ համար:  

Կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ առումով մեր մարտավարությունը հետևյալն է՝ ապահովել այնպիսի իրավիճակ կամ այնպիսի լուծում, որ արցախցին ապրի Արցախում, և, ինչպես ասել եմ ապրիլի 14-ին խորհրդարանում իմ ունեցած ելույթում, ապրի այնպես, որ իրեն զգա, իրեն համարի ղարաբաղցի, արցախցի և հայ: Լեռնային Ղարաբաղի խնդրի որևէ հանգուցալուծում կամ Լեռնային Ղարաբաղում հաստատված որևէ իրադրություն, որ այս պայմանները ոչ միայն չի ապահովելու, այլև չի երաշխավորելու, ընդունելի չէ մեզ համար և ընդունելի չի լինելու երբեք:  

Սա է հարցի առանցքը, հարգելի, գործընկերներ, մնացածը, կներեք, բաժակաճառ է: Եվ այն ուժերը, որոնք ուզում են, որ Հայաստանի կառավարությունը որդեգրի բաժակաճառեր, որոնց արդյունքում նոր պատերազմ է սանձազերծվելու, և Արցախը հայաթափվելու է, ահա նրանք հանձնել են, հանձնում են և ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի Հանրապետությունը: Բայց նաև կարող ենք վստահ լինել, որ մենք դա թույլ չենք տա անել: Հայաստանի ժողովուրդը թույլ չի տա դա անել: Նաև թույլ չենք տալու զանազան սադրիչ հայտարարություններ, որոնք մեզ խաղաղության օրակարգից շեղելու նպատակ ունեն: Թույլ չենք տալու, որովհետև համոզված ենք, որ հենց խաղաղության օրակարգն է, որ ապահովելու է Հայաստանի Հանրապետության և Արցախի ապագան:

 Շնորհակալություն: Այսքանը որպես մեր այսօրվա նիստի նախաբան»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930