Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-ին ԱԺ-ում ունեցած աղմկոտ ելույթի հիմքով զոհված զինծառայողների ծնողների կողմից Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում տալու առնչությամբ այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում նախ նշեց․ «Մենք քանիցս հրապարակային հաղորդել ենք, որ նախորդ տարվանից Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է քննվում։ Քննության առարկան է պատերազմի նախապատրաստման, դրա գործընթացում ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների կատարման, հետեւանքի հետ կապը։ Այդ քրեական գործը, ունենալով քննության ծավալուն առարկա, ի վերջո պատասխանելու է հարցերին՝ մինչեւ պատերազմը, դրա ընթացքում մեր ղեկավարությունն իր պարտականություններն իրավաչա՞փ է իրականացրել»։
Դավթյանը նշեց՝ ծնողների հաղորդումը վերաբերում է վարչապետի ելույթում հնչած խոսքերին․ «Դրանք մեր կողմից արդեն իսկ ուղարկվել էին հակակոռուպցիոն կոմիտե՝ նույն քրգործի շրջանակում քննության առարկա դառնալու համար։ Այսինքն, սա վերաբերում է այն հանգամանքներին, որոնց առնչությամբ հնչել է վարչապետի խոսք։ Հետեւաբար, այդ խոսքը քրեական գործով ձեռք բերված այլ տվյալների համադրման արդյունքում պետք է արժանանա իրավական գնահատականի։ Խոսքը չի կարող իրավական նշանակություն ունենալ, եթե այլ հանգամանքների հետ չդիտարկվի»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հանցակազմ չկա՞ Նիկոլ Փաշինյանի այն խոսքում, որ կարող էինք պատերազմը կանխել, եւ կլիներ նույն արդյունքը, իհարկե՝ առանց զոհերի։ Արթուր Դավթյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող նման իրավական գնահատական տալ։ Ասելիքս այն է, որ այլ ապացույցների հետ պետք է համադրել։ Այո, իհարկե համադրվում են, կարեւոր հարց եք բարձրաձայնում։ Մենք ձեռնարկել եւ ձեռնարկում ենք միջոցները, որ օբյեկտիվ, բազմակողմանի քննություն անենք»։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը որեւէ քրեադատավարական կարգավիճակ ունի՞, երբեւէ կանչվե՞լ է հարցաքննության, Արթուր Դավթյանը պատասխանեց․ «Ցանկացած հրապարակային խոսք, որը կհնչի վարչապետից կամ այլ անձից, միջոցներ ենք ձեռնարկում, որ լինեն այդ գործում։ Բնականաբար, վարչապետն այդ քրեական գործով տեղեկություններ հայտնելու իրավունք եւ պարտականություն ունի, այսինքն, նախաքննական մարմինը պարզաբանումները պետք է ստանա շատ հարցերի շուրջ։ Իսկ հարցաքննվել է, թե ոչ, թույլ տվեք այս պահին չմանրամասնել»։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ այս իշխանության դեպքում օբյեկտիվ քննություն ակնկալել հնարավո՞ր է, Փաշինյանի՝ վարչապետ լինելու հանգամանքը կաշկանդող չէ՞։ Արթուր Դավթյանը պատասխանեց․ «Ինձ ոչ մի բան չի կաշկանդում։ Իմ համար տեսանելի բարդություն է գործի մեծածավալ լինելը։ Որ պահին խոչընդոտ տեսնեմ, կհայտարարեմ»։
Ապա Դավթյանը անլուրջ խոսակցություններ որակեց պնդումները, թե դատախազությունը հակասություններ ունի իրավապահ այլ մարմիների հետ․ «Պարապ զրույցներ են»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ