Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ կատարած այցի շրջանակում Շուշիում ելույթ է ունեցել Ադրբեջանական աշխարհի 5-րդ համագումարում: Իր ելույթում Ալիևն ասել է, որ իրենք խաղաղություն էին ցանկանում, մինչդեռ 2019թ. բանակցությունները դադարեցվեցին, և իրենք հարցը լուծեցին ռազմական ճանապարհով:
«Ես իսկապես ցանկանում էի հարցը լուծել խաղաղ, և ոչ թե ռազմական ճանապարհով: Հնարավոր էի համարում հարցի լուծումը խաղաղ ճանապարհով, քանի որ միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները պաշտպանում էին մեր երկիրը: Միջազգային առաջատար կազմակերպությունները, սատարելով Ադրբեջանի արդար դիրքորոշումը, բանաձևեր էին ընդունել իրավունքի և արդարության հիմքի վրա: Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունն արդեն միջազգային թատերաբեմում որևէ մեկի համար գաղտնիք չէր»,- ասել է Ալիևը:
Նա հավելել է, որ կարծում էր, թե Հայաստանի ղեկավարությունն ի վերջո կհասկանա, որ Երևանը որևէ ռեսուրս չունի Բաքվի հետ մրցակցելու համար՝ ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ մարդկային: Առավել ևս ուժերի հավասարակշռությունն Ադրբեջանի օգտին էր:
«Ես կարծում էի, որ Հայաստանում ի վերջո կհասկանան, որ հնարավոր չէ 21-րդ դարում օկուպացված պահել մեկ այլ երկրի մի մեծ տարածք: Բայց, ցավոք, Հայաստանի ղեկավարությունը, միաժամանակ նաև միջազգային հանրությունը, կազմակերպություններն այլ կարծիք ունեին: Բայց մոտ 30 տարի շարունակված բանակցությունները խոսում էին այն մասին, որ դրանք միտված էին հավերժացնել օկուպացիան, քողարկել Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը՝ միաժամանակ նպատակ հետապնդելով մեզ ստիպել հաշտվել ողբերգական իրավիճակի հետ: Բայց մենք երբեք չկարողացանք հաշտվել դրա հետ»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Ալիևն ընդգծել է, որ 2019թ-ից Հայաստանի հետ խաղաղության բանակցությունները դադարեցվել էին: «2019թ-ից Հայաստանի նոր իշխանությունները սկսեցին հանդես գալ անհեթեթ հայտարարություններով, ինչը փաստացի հանգեցրեց բանակցությունների ավարտին: Օրինակ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»: Նման հայտարարությունից հետո անիմաստ էր խոսել որևէ բանակցության մասին: Բայց Հայաստանի ղեկավարությունն էլ ավելի հեռուն գնաց, սկսեց սպառնալ նոր պատերազմ՝ նոր տարածքներով, սպառնացին մեզ նոր օկուպացիաներով»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ