Aravot.am-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում երեկ ուշ գիշերին փեսայի կրակոցներից ծանր վիրավորում ստացած 72 ամյա կինը հիվանդանոցում մահացել է:
Հիշեցնենք, որ կրակոցներից տեղում մահացել էր աները, վիրավորում էին ստացել զոքանչն ու աներձագը: Վերջինս, մեր տեղեկություններով, արդեն տանն է, լուրջ վնասվածքներ չունի:
Սպանությունը տեղի է ունեցել մահացածների տան հարեւանությամբ՝ փողոցում: Առայժմ հայտնի չէ, թե այդ ուշ ժամին ինչու են նրանք դրսում եղել: Նախնական տեղեկություններով՝ սպանությունը կենցաղային հարցերի շուրջ է տեղի ունեցել:
Սպանության համար մեղադրվող տղամարդը օրինակելի համբավ ունի գյուղում, բնորոշվում է որպես շատ խելացի ու կազմակերպված անձնավորություն: Նրա ծնողները հայտնի մանկավարժներ են: 2 տարի առաջ այս տղամարդու տանը ընտանեկան խոսակցություն եղել է, բայց ամեն ինչ խաղաղ լուծում է ստացել, որովհետեւ կնոջ ազգականներն էլ շատ հանգիստ ու խաղաղ մարդիկ են բնորոշվում:
Կարդացեք նաև
Դեպքի օրը որեւէ խոսակցություն տանը չի եղել, կինը ծնողների սպանության մասին լսել է ուրիշներից ու անակնկալի եկել: Մեր տեղեկություններով՝ սպանություն կատարած անձը գիշերը 00:00-ի սահմաններում տուն է եկել, կնոջը հաջող է արել ու ասել՝ կներես, ես գնացի ու գնացել, հանձնվել է Ոստիկանություն:
Սպանված տարեց տղամարդը լռելյայն, շատ խելոք անձնավորություն է բնորոշվում, իսկ վերջինիս տղան գյուղում նույնպես հայտնի է որպես շատ խաղաղ մարդ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ https://shamshyan.com/-ից