Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը բերնից փրփուրը դուրս գալով՝ ասում էր՝ մենք ինքնիշխան ենք, գնում էին սրա-նրա կոշիկներն են լիզում, սաղի կոշիկներն էլ լիզեցիք՝ թշնամունն էլ հետը». Վանեցյան

Ապրիլ 22,2022 14:43

«Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ թույլ չեն տալու իշխանություններին արյան գնով պահած հողը մեկ գրչի հարվածով տալ թշնամուն: Ըստ նրա, նստացույցից հետո մարդիկ արթնացել են. «Կան հազարավոր մարդիկ, որոնք գալիս ու իրենց վրդովմունքն են արտահայտում, ամենակարեւորը՝ ասում են, որ մենք թուրքին զիջելու հայրենիք չունենք»:

Aravot.am-ը հարցրեց՝ ձեզ ասում են՝ 50 հոգով որ այստեղ հավաքվում եք, Արցախը չեք կարող փրկել, Արցախը փրկելու օրակարգ ներկայացրեք, ծրագիր ներկայացրեք, ե՞րբ եք ներկայացնելու՝ Վանեցյանը պատասխանեց. «Դա ով ասում է՝ ջուր է լցնում իշխանությունների ջրաղացին, 50, 100, 200, 5000՝ թվով չեն փրկում Արցախը: Եթե մենք հիմա այստեղ չլինեինք, հավատացեք, արդեն իսկ լինելու էին ստորագրություններ, որով Արցախը հանձնվելու էր թշնամուն: Մենք այստեղ եկել ենք եւ ցույց ենք տալիս, որ Նիկոլ Փաշինյանը լիազորված չէ հայ ժողովրդի անունից գնալ միակողմանի զիջումների, ոչ հայանպաստ որոշումներ կայացնել: Այստեղ ենք՝ ցույց տալու ե՛ւ միջազգային հանրությանը, ե՛ւ իշխանություններին, որ դուք չեք կարող մաս-մաս, կտոր-կտոր մեր երկիրը հանձնել թշնամուն: Հիմա 50 հոգով ենք այստեղ, թե 100, չեմ ուզում մտնել այդ դիսկուրսի մեջ: Մարդիկ տեսնում ենք, որ քաղաքական օրակարգը թելադրվում է այլեւս Ազատության հրապարակում ու իշխանության կողմից իրենց կեղծ տեղեկատվությունը տարածող ԶԼՄ-ներով, սոցցանցերի կեղծ օգտատերերով մեր հանդեպ սկսված կեղծ արշավը, ինչպես նաեւ ոստիկանական այսքան շատ ուժեր այստեղ կուտակելը խոսում է նրա մասին, որ իշխանությունն ինչ էլ խոսի, ասի՝ իրենք իրականում հասկանում են՝ ինչ է կատարվում: Որեւէ հնար չունեն այս անգամ պահպանեն իրենց իշխանությունը, որովհետեւ այս անգամ ժողովուրդը արթնացել ու հասկացել է, որ անկախ իր քաղաքական հայացքներից՝ դուրս է գալու ու պաշտպանելու է իր հայրենիքը»:

Մեր դիտարկմանը՝ դուք ասում եք՝ մեր քայլով ցույց ենք տալիս, որ Փաշինյանը լիազորված չի, իրենք էլ ասում են՝ 600 հազար մարդ լիազորել մեզ, տվել է իր այսպես ասած «դաբրոն» խաղաղության օրակարգին՝ Վանեցյանն արձագանքեց. «Իրենք սուտ են ասում: Եթե ՔՊ-ի նախընտրական ծրագիրը կարդաք, մի քիչ չեն փոխել, էական են փոխել: Իրենք եկել են՝ ասելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ՀՀ ինքնիշխան տարածքից որեւէ միլիմետր հող չեն զիջելու, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը չի լինելու: Բայց այսօր խոսում են Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման, Զանգեզուրի միջանցքի հնարավոր բացման մասին: Չեն ասում՝ թույլ չենք տա, ասում են՝ եթե բացվի, դրանով կխախտվի ՀՀ տարածքային ամբողջականությունը: Գցում են՝ ռուսների վրա, ասում են՝ ռուսները պետք է անեն, բա դո՞ւք ինչ պետք է անեք: Հեսա փոխում են զինված ուժերը, ի՞նչ են արել՝ զրո բան, դատում են երկու ՊՆ նախարարների, մինչ օրս ԳՇ-ն չունի շտաբի պետ: Ես լավ գիտեմ, որ սահմանը պետք է պահեն սահմանապահ զորքերը, բայց լավ գիտեմ սահմանապահ զորքերը ինչ են անում: Նրանք պաշտպանում են իրենց վստահված սահմանը, այլ հատվածներ չկան: Ի՞նչ են անում երկու տարի, խոսում են Արցախի ՊԲ լուծարման մասին: Ասում են՝ խաղաղություն, ինչքա՞ն, ինչի՞ դիմաց, մեր տղերքի կյանքի՞ դիմաց: Կա պատասխան՝ խաղաղություն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու դիմաց»:

Վանեցյանը համոզված է, որ չնայած պատերազմով մեզ վախեցնում են, բայց պատերազմ միջազգային հանրությունը թույլ չի տալու: Իսկ 44-օրյա պատերազմը ո՞նց թույլ տվեցին՝ Վանեցյանը բացատրեց, որ Փաշինյանը Պուտինին չէր դիմավորում, ասում էր՝ սովորական պրոտոկոլ է, Բրյուսելում ասում էր՝ մեր բրենդը ժողովրդավարություն է, հակաչինական ծրագրին մաս էր կազմում, բոլոր գերտերությունների հետ խաղում էր. «Հայտնի ձայնագրությունը կա, չէ՞, որ ասում էր՝ ինձ գժի տեղ էի դնում, գժի տեղ դնելու վերջն էլ եղավ սա: Նիկոլ Փաշինյանը բերնից փրփուրը դուրս գալով՝ ասում էր՝ մենք ինքնիշխան ենք, մեր հետ ոչ մեկը չի կարա, գնում են՝ սրա-նրա կոշիկներն են լիզում: Սաղի կոշիկներն էլ լիզեցիք՝ թշնամունն էլ հետը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930