Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ կատարած այցի շրջանակում Շուշիում մասնակցել է Ադրբեջանական աշխարհի 5-րդ համագումարին: Իր ելույթում Ալիևը հերթական անգամ սպառնացել է, որ եթե Հայաստանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ կարող է հասկանալ, թե «թե դա ինչ հետևանքներ կունենա»:
«Մենք պատրաստվում ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարել միայն մեր առաջարկած 5 հիմնարար սկզբունքների հիման վրա: Այս պահին երկու երկրների արտգործնախարարությունները զբաղվում են աշխատանքային խմբերի ձևավորմամբ: Կարծում եմ, որ առաջիկայում պետք է անցնել կոնկրետ բանակցությունների, և կարիք չկա այդքան երկար ձգել այս բանակցությունները, քանի որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն 5 հիմնարար սկզբունքների հիմքի վրա: Համաձայնագրի տեքստը շուտով կնախապատրաստվի և կստորագրվի»- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ այդպիսով Ադրբեջանի և Հայաստանի միջև կձևավորվեն կապեր, այդ թվում դիվանագիտական:
Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հրաժարվի տարածքային հավակնություններից:
Կարդացեք նաև
«Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև այն, որ Ադրբեջանի նկատմամբ չունի որևէ տարածքային հավակնություն, և չի ունենա ապագայում: Կարծում եմ, որ դա հետպատերազմական շրջանում կարևոր ասպեկտ է… Մեր առաջարկով մենք ևս մեկ անգամ ցույց ենք տալիս մեր բարի մտադրությունները և հեռատեսությունը: Եվ ռևանշիստական ուժերը, որոնք երբեմն գլուխ են բարձրացնում Հայաստանում, պետք է իմանան, որ Հայաստանի համար դա միակ ելքն է, կարելի է ասել՝ միակ հնարավորությունը: Եթե նրանք այն մերժեն, ապա մենք էլ չենք ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, դրա մասին պաշտոնապես կհայտարարենք»,- ասել է Ալիևը:
Նա նաև ասել է, որ հաշվի առնելով Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները, հայկական կողմը կարող է հասկանալ, թե ինչի դա կարող է հանգեցնել:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ