«Մեր ընդդիմադիր գործիչների տպավորությունն այն է, որ ծանր վիրավորանքը քրեականացնող դրույթը կիրառվում է միայն պաշտոնատար անձանց պաշտպանելու նպատակով։ Կխնդրեի հստակեցնել։ Նաեւ լրատվական դաշտը եւ հանրային անձինք առաջնահերթ թիրախավորվողներն են»,-այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ դատախազության 2021թ․-ի գործունեության մասին տարեկան հաղորդման զեկուցման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
Արթուր Դավթյանն արձագանքեց․ «Սա չի դիտարկվում կոնկրետ թիրախ պաշտպանելու համատեքստում։ Պետությունը պոզիտիվ պարտավորություն ունի հանրությանը պաշտպանել ատելության խոսքից, ոչ թե կոնկրետ անձի։ Այսօրվա քրեական հետապնդումների եւ դատարան ուղարկած գործերի պրակտիկան բացարձակ չի վկայում, որ տուժողներ են կամ ծանր վիրավորանքի արժանացածներ են միայն պաշտոնատար անձինք։ Ունենք ընդդիմադիր գործիչների եւս։ Մեծ մասը քրեական գործերի միջանձնային, կենցաղային բնույթի դեպքեր են։ Այսինքն, ուղղությունը դեպի մեր նպատակն է, ուզում ենք հրապարակային խոսքում բացառել հայհոյանքը, ուզում ենք հանրությանը պաշտպանել հայհոյանքից»։
Արթուր Դավթյանը վստահեցրեց, որ ըստ վիճակագրության՝ նշյալ հանցատեսակից տուժած անձինք միայն իշխանության ներկայացուցիչները չեն․ «Պատասխանատու կերպով ասում եմ, որ մեր համար նշանակություն չունի՝ հայհոյանքը հնչել է ընդդիմադրի, թե իշխանության ներկայացուցչի կամ լրագրողի հանդեպ։ Մի հատ նայեք մեր հրապարակային խոսքին։ Վիճակը նո՞ւյնն է, ինչ մինչեւ օգոստոսը։ Իհարկե ոչ։ Այսինքն, նպատակին հասնում ենք։ Երբ սա դառնա վարքագծի կանոն, էլ կարիքը չի լինի։ Մինչեւ օգոստոս անգամ բազում կայքերում կարելի էր առաջին էջերում հայհոյանք ու ծանր վիրավորանք տեսնել։ Հիմա սոցցանցերում օգտատերերի կողմից են օգտագործվում։ Սա վարքագծի կանոնի պարտադրանք է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ