Գ Ր Ա Խ Ո Ս Ու Թ Յ Ու Ն
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ–ՋԱԼԱԼՅԱՆԻ «ԱԴՐԲԵՋԱՆԱԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈւԹՅԱՆ ԳԵՆԵԶԻՍԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈւՂԻՆԵՐԸ, ԵՐԵՎԱՆ, 2021» ԵՌԱԼԵԶՈւ ՄԵՆԱԳՐՈւԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բաքվի հակաքաղաքակրթական վարքը իրավաքաղաքական վավեր փաստաթղթերում
Լույս է տեսել քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանի «Ադրբեջանաարցախյան հակամարտության գենեզիսը և կարգավորման ուղիները» եռալեզու գիրքը Հարավային Կովկասում մեկ դար առաջ (ավելի ճշգրիտ՝ 1918 թվականին) բորբոքված մի հակամարտության մասին, որը միջազգային տեղեկատվական դաշտերում ստացել է «Ղարաբաղյան հակամարտություն» անվանումը:
Թեմայով հրատարակված բազմաթիվ աշխատություններ կան, և թվում է, թե նոր բան ասելու տեղ չի մնացել այն բանից հետո, երբ հրապարակի վրա են Վ. Ա. Միքայելյանի խմբագրությամբ լույս տեսած «Լեռնային Ղարաբաղը 1918-1923 թթ.: Փաստաթղթերի և նյութերի ժողովածուն» (Երևան, 1992), Յու. Բարսեղովի «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում և համաշխարհային քաղաքականության մեջ: Փաստաթղթեր և մեկնաբանություններ» (Մոսկվա, 2008) երկհատոր աշխատությունը և նմանատիպ այլ գործեր: Սակայն պարզվում է, որ գրախոսվող գործի կարիքն այնուամենայնիվ կար:
Կարդացեք նաև
Նախ և առաջ շահեկան է նրա եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) լինելու հանգամանքը, ինչը թույլ է տալիս նրան հայտնվելու ավելի մեծ թվով փորձագետների ու հարցով հետաքրքրվող ընթերցողների գրասեղաններին:
Երկրորդ առավելությունը, որ ունի հրատարակված գիրքը, այն է, որ նրանում զետեղված են հատկապես այն փաստաթղթերն ու վավերագրերը, որոնք ամփոփ և սպառիչ պատկերացում են տրամադրում ընթերցողին խնդրի պատմա-քաղաքական և իրավական էության մասին: Այդ տեսակետից դրանց ընտրությունը կատարված է բծախնդրորեն:
Գիրքը ծանրաբեռնված չէ երկրորդական-երրորդական կարգի նյութերով: Ընտրված են սկզբունքային նշանակության փաստաթղթերն ու վավերագրերը, որոնց թվում և միջազգայնորեն ճանաչվածները:
Աշխատության հաջորդ շահեկան կողմը վերաբերվում է այդ փաստաթղթերը ներկայացնելու ձևին:
Հեղինակը ճիշտ է վարվել՝ գրքում զետեղելով կարևոր փաստաթղթերի բնօրինակների լուսանկարները, ինչը հավելյալ համոզչականություն է հաղորդում դրանց կապակցությամբ հեղինակի կողմից արված գնահատականներին ու մեկնաբանություններին: Ընդ որում` խոսքը ոչ միայն փորձագիտական լայն շրջանականերին հայտնի, այլև խնդրի էությանը վերաբերվող առաջին անգամ շրջանառության մեջ դրվող փաստաթղթերի մասին է: Դա անկասկած մեծացնում է գործի տեղեկատվական նշանակությունը:
Հատուկ ընդգծման կարիք ունի աշխատանքի այն բաժինը, որ նվիրված է 1918-1920 թվականներին Արցախի շուրջ ծավալված գործընթացներին: Խոսքը ոչ միայն նրանում ներբերված փաստաթղթերի ընտրության, այլև դրանց իրավաքաղաքական գնահատակաների կապակցությամբ հեղինակային դիտարկումների մասին է:
Ընթերցողը համապարփակ տեղեկատվություն կարող է ստանալ ոչ միայն թուրքական զորամիավորումների ու մուսավաթական զինված խմբավորումների վայրագությունների, այլև Անտանտը ներկայացնող գեներալ Թոմսոնի գլխավորությամբ Արևելյան Անդրկովկաս մտած անգլիական զորախմբի վարքի մասին: Դա թույլ է տալիս համարժեք պատկերացում կազմել միջազգային-քաղաքական այն իրադրության վերաբերյալ, որում Արցախը հայտնվել էր Ռուսական կայսրության կործանվելուց հետո: Կարող է անհավանական թվալ, սակայն այդ շրջանին վերաբերվող իրադարձությունները լույս են սփռում նաև Արցախի շուրջը մերօրյա զարգացումների վրա:
Այն միտքը, որ պատմությունը բանալիներ է տրամադրում ներկան հասկանալու համար, վերաբերվում է ոչ միայն 1918-1920 թվականների իրադարձություններին, այլև դրան հաջորդած բոլոր զարգացումներին: Այդ իմաստով քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանի «Ադրբեջանաարցախյան հակամարտության գենեզիսը և կարգավորման ուղիները» եռալեզու գրքի արժանիքներից գլխավորը թերևս այն է, որ իր բովանդակությամբ այն առավելապես ուղղված է ներկային:
Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից–անդամ,
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գ Ր Ա Խ Ո Ս Ու Թ Յ Ու Ն
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆԻ «ԱԴՐԲԵՋԱՆԱԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵԶԻՍԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԵՎԱՆ, 2021» ԳՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանի հեղինակած «Ադրբեջանաարցախյան հակամարտության գենեզիսը և կարգավորման ուղիները» գրքում ամփոփ, ըստ քրոնոլոգիայի, ներկայացված են հայապատկան Արցախի պատմությունը, սկսած անտիկ աշխարհից մինչև 20-րդ դար։ Հեղինակի կողմից իրականացվել է հարուստ աղբյուրագիտական ուսումնասիրություն, մասնավորապես ուշագրավ են Արցախին առնչվող վերջին 200-ամյա պատմության իրավաքաղաքական փաստաթղթերը։ Գրքում առկա են նաև որոշ տեղական և միջազգային արժեքավոր փաստաթղթերի բնօրինակների լուսանկարներ։
Անշուշտ աշխատանքը կշահեր, եթե համակ ուշադրություն դարձվեր Արցախի աշխարհագրական տեղանվան, ֆիզիկական չափումներին և դիրքին, ներկայացվեին համաշխարհային քարտեզագիտական ժառանգության պատմական փաստերը, հղում կատարվեր Անանիա Շիրակացու «Աշխարհացույցին», ներկայացվեր Նիկոլայ 1-ին ցարի օրոք, Պարսկաստանից նվաճված տարածքների «Կովկասացման» լայնածավալ ծրագիրը, որի հայեցակարգը 1834 թվին մշակեց ցարի խորհրդական Լիտվինովը՝ հրապարակելով «Կովկաս, Ռուսաստանի ծայրամասերը» իր հետազոտությունը: Աշխատանքը կամբողջանար, եթե Արցախյան հակամարտությունը ներկայացվեր հայ-թուրքական հակամարտության հարացույցի շրջանակում և հարյուրամյա պատերազմի նորագույն շրջանի վերաբերյալ տրվեր իրավաքաղաքական գնահատական, սինթեզելով հանգուցալուծման այն ուղին, որին հանգել է հեղինակը իր հետազոտության վերջնարդյունքում։
Վերոնշյալ ակնկալիքները ամենևին էլ չեն ստվերում Ստեփան Հասան-Ջալալյանի հեղինակած «Ադրբեջանաարցախյան հակամարտության գենեզիսը և կարգավորման ուղիները» գրքի գիտամեթոդական արժեքը։
Ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ գիրքը, իր եռալեզու ձևաչափով արժեքավոր աղբյուրագիտական նշանակություն ունի և կարող է օգտակար լինել ինչպես դիվանագետներին, քաղաքական գործիչներին և Արցախի վերաբերյալ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող մասնագետներին, այնպես էլ ընթերցասեր լայն լսարանին, որոնք կարող են ուշագրավ փաստեր և տեղեկատվություն սերտել սույն աշխատանքից։
Գուրգեն ՍԻՄՈՆՅԱՆ
Քաղաքական գիտությունների թեկնածու
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ