Ինչպես հայտնել էինք, ԱԺ-ում այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը 2020թ․-ի պատերազմի ժամանակ ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ թվեր հրապարակեց եւ հայտնեց, որ սպաների կողմից թույլ են տրվել ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման դեպքեր։ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հետաքրքրվեց՝ բարձրաստիճան զիվորականների՞ մասին է խոսքը, եւ հիշեցրեց՝ այս ընթացքում զոհված զինծառայողների ծնողները եւս անուններ են տվել, զորամասերի հրամանատարների մատնանշել։
Արթուր Դավթյանը դրական պատասխան տվեց․ «Այդ անձանց թվում կան զորամասերի հրամանատարներ, գումարտակի հրամանատարներ, գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Խնդիրը նրանում է, որ ամեն իրավիճակի հետ կապված հարյուրավոր մարդկանց հարցաքննելու կարիք կա։ Ցավոք, այնպես չի, որ բոլորը ներկայացնում են օբյեկտիվ իրականությունը։ Առաջանում են հակասություններ․ նույն զորամիավորման զինվորականները նույն հարցի մասին տարբեր ցուցմունքներ են տալիս, ի հայտ է գալիս առերեսումներ անելու անհրաժեշտություն։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ որոշ դեպքերում ռազմագիտական հատուկ գիտելիքների գործածման անհրաժեշտություն ենք ունենում»։
Արթուր Դավթյանի խոսքով՝ զորամասի հրամանատարը կամ զինվորը կանոնադրությամբ նախատեսված վարքագիծ ունեն, սակայն որեւէ իրավիճակ բացահայտվելու դեպքում պարզվում է, որ այդ իրավիճակն ունի առանձնահատկություն․ «Հատուկ ռազմագիտական գիտելիքների ներգրավմամբ պետք է պարզենք՝ զինծառայողը գործե՞լ է իրավաչափ, արարքն իրավիճակի՞ց է բխել։ Այո, մեղադրվող անձանց թվում մեծ թիվ են կազմում հրամանատարներ, որոնց հիմնականում մեղսագրել ենք ծառայության վայրը թողնելու հանցակազմը, պարտականությունները պատշաճ չկատարելու գործողությունները»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ