Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնությունը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից՝ Սև Հովազների նկատմամբ իրականացվող հալածանքների և անօրինականությունների ալիքը։
Մենք հայտարարում ենք, որ թույլ չենք տալու մեր մարտական ընկերների հանդեպ որևիցե անօրինական և ապօրինի գործողություններ, նաև ընդգծում ենք, որ անտարբեր չենք լինելու այս ալիքի հանդեպ և պայքարելու ենք հնարավոր բոլոր միջոցներով, այն կանգնեցնելու համար։
Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց ի վեր նպատակաուղղված իրականացնում է հերոսի ինստիտուտի կործանման գործընթաց և գործուն քայլեր։
Հերոսի ինստիտուտի կործանումը հենց այս է, երբ ռազմի դաշտից փախածներին հերոսացնում ես, պաշտոններ ու առավելություններ ես տալիս, իսկ իրական հերոսներին հալածում և ունեզրկում ես։
Կարդացեք նաև
Եվ Սև Հովազների դեմ իրականացվող այս լայնածավալ գործողությունները մենք դիտարկում ենք հենց վերը նշված դիտանկյունից։
Գաղտնիք չէ, որ նոր սերնդի դաստիարակման համար, քաղաքացու և հայրենիքի ընկալման գիտակցությունն ամբողջությամբ հիմնված է հենց հերոսի տիպարի վրա։
Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնությունը գիտակցում է, որ ամեն գնով պաշտպանել է պետք հերոսի ինստիտուտը, կանխել է պետք այդ ինստիտուտի հանդեպ տեղի ունեցող ոտնձգություններն ու հարձակումները, քանզի առանց այդ ինստիտուտի մենք երբեք չենք կարող առողջ հասարակություն, հզոր և հայրենասեր սերունդ կամ մարտունակ բանակ ունենալ։
Այսինքն՝ առանց այդ ինստիտուտի մենք չենք կարող պահպանել Պետականությունը և լինել Ինքնիշխան։
Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնություն