ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ դատախազության 2021թ․-ի գործունեության մասին տարեկան հաղորդման զեկուցման ժամանակ այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը գլխավոր դատախազին հիշեցրեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ արգելանքի տակ գտնվող առանձնատունը վաճառելու փաստը։ «Դատախազության կողմից քրեական գործերի հանդեպ ոչ պատշաճ հսկողությո՞ւնն է պատճառը, որ նման դեպքեր են գրանցվում։ Ի՞նչ եղավ, որ այսպես եղավ»,-հետաքրքրվեց Դավոյանը։
Արթուր Դավթյանը նախ պարզաբանեց, թե ինչու է նախորդիվ լրագրողների հետ զրույցում ասել, որ այս դեպքի առիթով տարակուսած է․ «Մենք աշխատանքային շփում, օրենքով նախատեսված համագործակցություն ենք ունեցել նախաքննական մարմնի հետ։ Երբ գույքի հետ կապված նախաքննական մարմինը սահմանափակումներ է կիրառում, դա կիրառվում է դատավարական որոշմամբ, որից տեղյակ էինք ու ստուգել ենք դրա օրինականությունը, այսինքն՝ գիտեինք, որ կոնկրետ գույքի հանդեպ կա օրինական սահմանափակում։ Այս դեպքում պատրաստել ենք բողոք եւ մեկ էլ տեղեկացել ենք, որ նախաքննական մարմինն արդեն իսկ այդ սահմանափակումը հանելու ուղղությամբ գործողություններ է կատարել։ Այո, իրավական հարց է վիճարկվում, բայց մենք, որպես քրեական հետապնդման մարմին, ունեցել ենք պրակտիկա, որ դա կատարվում է այն ժամանակ, երբ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում՝ բողոքարկման ընթացակարգերը սպառված լինելու իմաստով։ Նման դեպքերը բազում են»։
Արթուր Դավթյանը հավելեց․ «Վճռաբեկ դատարանն այս հարցով դեռեւս չունի նախադեպային որոշում։ Դատավարական պրակտիկայում դատավորների մոտեցումները տարբեր են։ Իսկ մեր համար սա անակնկալ չէր կարող լինել, որովհետեւ պարզ էր՝ քննիչը պետք է սպասի մեր բողոքարկման արդյունքին։ Նկատի ունենալով, որ ունեցել ենք ձեւավորված պրակտիկայի հանդեպ այլ իրադրություն եւ պարզել ենք, որ օրերի ընթացքում տեղի են ունեցել նաեւ գույքի հետ կապված գործարքներ, մեր մոտ հիմքեր են առաջացել՝ այդ հանգամանքները ստուգելու։ Դրա համար ԱԱԾ քննչական մարմնում հարուցված է քրեական գործ, որի շրջանակում կպարզաբանվի, թե ինչու այդ իրավիճակում ունեցանք պրակտիկայից տարբերվող վիճակ։ Սա է իմ տարակուսանքը»։
Արթուր Դավթյանը նաեւ նշեց՝ գործարքն արդեն կատարվել է, սահմանափակումը հանվել է, եւ անձը ձեռք է բերել այդ գույքը․ «Գործարքի իրավաչափությունը ստուգելուն է վերաբերում մեր նախաձեռնած գործընթացը։ Գույքն այդ քրեական գործով որպես իրեղեն ապացույց է ճանաչվել, միջոցներ ենք ձեռնարկել՝ սահմանափակումները նորից կիրառելու, որպեսզի դրա հետ կապված նոր գործարքներ չիրականացվեն, իսկ քննությունը պետք է պատասխանի՝ ձեռքբերումը բարեխի՞ղճ էր, թե՞ ոչ, եթե ոչ, ապա եղե՞լ են հանցավոր կապեր պաշտոնատար անձանց պարտականությունների կատարման հետ՝ քննիչ, դատական ակտ ընդունած դատավոր եւ այլն»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ