Օրեր առաջ Aravot.am-ն անդրադարձել էր, որ ոստիկանություն հաղորդում է ներկայացվել, թե Ազնվաձոր գյուղի նախկին գյուղապետ Ն. Հ․-ն համայնքի բյուջեից 2021 թվականից մինչ օրս գումարներ է յուրացրել, որպեսզի գյուղից 44-օրյա պատերազմում զոհված երկու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթող կառուցի: Տեղեկության համաձայն՝ այդ ընթացքում ձեւականորեն կատարվել է տարածքի պատնեշի եզրագծման աշխատանքներ, որոնք կառուցելուց հետո փլուզվել են:
Մենք փորձեցինք կապվել համայնքի նախկին ղեկավար Նարեկ Հովսեփյանի հետ:
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում, եւ որ ինքն այդ մասին իմացել է մամուլից. «Լուրերը բացառապես իրականությանը չեն համապատասխանում: Միակողմանի, ոչ հստակ տեղեկություններ են եւ չգիտեմ ինչ աղբյուրներից: Իրականում նախատեսվել է Ազնվաձորում կառուցել պուրակ՝ հուշաքարով, պլանավորվել է այդ ամեն ինչը կառուցել, բայց դա չի նշանակում, որ կառուցումն ընդհատվել է: Ընդհատվել է ուղղակի եղանակային պայմանների պատճառով: Չնայած բոլոր տեսակի ձեռքբերումները դրա հետ կապված կան, բայց քանի որ ֆինանսական սուղ բյուջե ենք ունեցել, մի մասը դեռեւս չենք կարողացել գնել: Իսկ այն ինչ-որ նախատեսվել է բյուջեով, բոլոր գնումները փաստաթղթավորված են»:
Հովսեփյանի խոսքով՝ աշխատանքներն իրականացնելու համար նախատեսվել է մոտ 2 մլն. դրամ. «Քանի որ մենք չենք ունեցել այդքան գումար, խոշորացված համայնքն է նույնիսկ փոխանցել մեր պարտքերը: Քարը գնվել է, պարիսպը կառուցվել է, բարեկարգման, հարթեցման, խճապատման բոլոր աշխատանքները կատարվել են: Սակայն ընդհատվել է եղանակի պատճառներով: Այս տարի մեծ քանակի տեղումների պատճառով պատի մի փոքր մասը վնասվել է, որը հիմա վերականգնման փուլում է: Իսկ հիմա մնում է միայն հուշաքարը տեղադրելու աշխատանքները, որը տեխնիկական խնդիր է»:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ