«Լույս» հիմնադրամի ավագ հետազոտող, արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Տարիներ շարունակ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ամենահզոր զենքերից մեկը եղել է հզոր հայկական սփյուռքը։ 2018թ-ի իշխանափոխությունից հետո նոր իշխանություններն ամեն ինչ արեցին սփյուռքը ևս պառակտելու, վերջինիս դերը նվազագույնի հասցնելու համար։
Այս համատեքստում կարելի է դիտարկել Սփյուռքի նախարարության փակումը, սփյուռքի ավանդական հայկական կազմակերպությունների հետ համագործակցության թուլացումը, ի վերջո Հայաստան համահայկական հիմնադրամի հեղինակազրկումը (պատերազմի ժամանակ կատարված նվիրաբերությունների փոխանցումը պետական բյուջե)։
Հայաստան-Սփյուռք վերջին՝ 6-րդ համաժողովը տեղի է ունեցել 5 տարի առաջ՝ 2017թ-ի սեպտեմբերին, այսինքն 2018 թ.-ի իշխանափոխությունից հետո չեղարկվել է նաև այս կարևորագույն հարթակը։ Եվ այս քաղաքականությունը ևս պատահական չէ, քանի որ սփյուռքը միշտ եղել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հետևանքների վերացման պայքարի դրոշակակիրը։ Տրամաբանական է, որ ամեն գնով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել ձգտող իշխանությունը պետք է թուլացներ նաև սփյուռքի գործոնը։
Կարդացեք նաև
Այսօր մեր Շուշիում անցկացվում է այսպես կոչված «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը»։ Մինչ մենք վերջին տարիներին կործանում էինք Հայաստան-սփյուռք անքակտելի թվացող կապերը, Ադրբեջանը նպատակաուղղված հզորացնում էր իր Սփյուռքը, իսկ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակը վերջինիս հնարավորություն տվեց էական առաջընթաց գրանցել ազգային ինքնության ձևավորման և ադրբեջանցիների համախմբման հարցում։
Նախքան 2018թ-ը Հայաստանը կենսունակ պետություն էր առաջին հերթին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհվ, իսկ Ադրբեջանը պարտված պետության, Ալիևի բռնապետության սահմաններից դուրս ազգային ինքնության բացակայության, տարածքային կորուստներ ունեցող երկրի համբավ ուներ։
Այժմ, երբ մեր եռամիասնությունից մնացել է կիսաՀայաստան-կիսաԱրցախ-կիսաՍփյուռք անհասկանալի և աննպատակ մի համակցություն, Ադրբեջանը Շուշիում ազդարարում է ադրբեջանական ինքնության ձևավորման մեկնարկը՝ ինչպես միշտ հայ ժողովրդի շահերի հաշվին։
Հայաստանում ազգային իշխանության ձևավորումից հետո(գուցե նաև այդ իշխանության ձևավորման ճանապարհին) առաջին քայլերից մեկը պետք է լինի Ստեփանակերտում Հայաստան-Արցախ-Սփյուռք 7-րդ համաժողովի կազմակերպումը։ Մենք ոտքի կկանգնենք, եթե կարողանանք վերականգնել 18թ-ից առաջ եղած այս ամուր եռամիասնությունը, դրան նոր իմաստ հաղորդել և վերջինիս ողջ ներուժը նպատակաուղղել Արցախի փրկությանը։