Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27-ի գործով ոչ թե հիասթափված վիճակում ենք, այլ մեծ սպասումներ ունեմ»․ գլխավոր դատախազ

Ապրիլ 22,2022 12:54

«Մարտի 1-ի եւ հոկտեմբերի  27-ի գործերով նոր զարգացումներ սպասվո՞ւմ են, թե՞ ոչ։ Նկատի ունեմ բացահայտումները։ Մարդիկ սպասում են, որ մարտի 1-ի գործով զարգացումներ լինեն, նույնն էլ հոկտեմբերի 27-ով»,-այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ դատախազության 2021թ․-ի գործունեության մասին տարեկան հաղորդման զեկուցման ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Արթուր Դավթյանը պատգամավորի խոսքը նախ շտկեց․ «Մարտի մեկի առնչությամբ հավանաբար նկատի ունեք դատարանում այս պահին քննվող գործը։ Երբեք սուբյեկտիվ հրապարակային խոսք չեմ ասի, եթե չկա հիմնավոր համոզմունք։ Այո, մեր համար անակնկալ էր այդ մոտեցումը (նկատի ունի ՍԴ որոշումը, որով սահմանադրական կարգի տապալման 300.1 հոդվածը, որով մեղադրվում էր, այդ թվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ճանաչվեց հակասահմանադրական․-հեղ․)։ Իրավակարգավորումներով նախատեսված այլ միջոցներ ձեռնարկել ենք։ Որտեղ որ հանդիպել ենք մեկնաբանության անհրաժեշտության, դիմել ենք ՍԴ։ Մեր աշխատանքը հրապարակային է։ Հույս ունենք, որ առաջիկայում հանրությունն ականատես կլինի այդ քրեական գործով ապացույցների ամբողջական հետազոտմանը»։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ի գործին, Արթուր Դավթյանը շեշտեց, որ արդեն երկու տարի վերաբացել են կազմակերպիչներին առնչվող նախաքննությունը․ «Քանի քննության ընթացք կա, դատախազն իրավունք չունի եւ չի կարող հիասթափվել։ Ավելին՝ այս քրեական գործով ոչ թե հիասթափված վիճակում ենք, այլ մեծ սպասումներ ունեմ, որ հանրությանը հետաքրքրող շատ հարցերի, հանգամանքների օբյեկտիվ բացահայտման կարողանալու ենք հասնել»։

Վիգեն Խաչատրյանը նաեւ ասաց․ «Մարդիկ մեր իշխանությանը կշտամբում են, որ օդիոզ պաշտոնյաների անունները հայտնի են, ինչո՞ւ նրանք բանտում չեն։ Ես նախկին-ներկա չեմ ասում, գուցե ներկաների շրջանում էլ կան, եւ մեծ կասկած կա, որ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ են նրանք ունեցածը ձեռք բերել։ Դա մեր ամենամեծ բացթողումն են համարում։ Ո՞րն է պատճառը, որ ամեն ինչ գիտենք, բայց 1-2-3 մարդ բանտում չէ»։

Արթուր Դավթյանն արձագանքեց․ «Ասում եք, թե բոլորն ամեն ինչ գիտեն, բայց թղթի վրա չկա։ Ցավն այն է, որ երբ գալիս է ոմանցից տեղեկություններ ստանալու վիճակը, ասողները բոլորի շարքերում չեն։ Սա է դժվարություններից մեկը, բայց դա չի նշանակում, որ մենք համակերպվում ենք իրավիճակի հետ։ Վերջին տարիներին քրեական հետապնդման ենթարկվող անձանց ցանկում ավանդաբար կան նախկին նախագահներ, նախկին նախարարներ, գործող նախարար, պետական բարձր պաշտոնների անձինք, եւ այդ ամենն աշխատանքի արդյունք է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930