Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ցավոք, պատերազմի ընթացքում ԶՈՒ բազում սպաներ պարտականությունները պատշաճ չկատարելու դրսեւորումներ են ունեցել»

Ապրիլ 22,2022 12:20

2020թ․-ի պատերազմի ընթացքում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ենթադրյալ հանցավոր խախտումների առնչությամբ ՀՀ դատախազության աշխատանքի արդյունքում 2021թ․-ին քննվել է պատերազմական հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ․ տարվա ավարտի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի վերաբերյալ։ Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ դատախազության 2021թ․-ի գործունեության մասին տարեկան հաղորդման զեկուցման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նրա խոսքով՝ 55 անձինք արդեն իսկ դատի են տրվել այդ գործերով, կան նաեւ դատավճիռներ․ «Կարծում եմ՝ պատկերացնում եք, թե այդ գործերի քննությունն ինչ բարդություններ ունի, բայց մեր համար արդեն իսկ ավարտված քրեական գործերով պատկերը պարզ է․ ցավոք, այդ պատերազմական գործողությունների ընթացքում մեր ԶՈՒ ներկայացուցիչներ, բազում սպաներ, այդ թվում՝ բարձրաստիճան, մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսեւորումներ են ունեցել, որոնցով ունեցել ենք նաեւ այլ անձանց հանդեպ քրեական հետապնդումներ։ Ունենք նաեւ դատի տրված անձինք։ Մնացած գործերով նախաքննությունը շարունակվում է։ Նախանձախնդիր ենք, որ օբյեկտիվ ճշմարտությունն առավելագույնս բացահայտվի»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության թույլ տված ռազմական բնույթի հանցագործություններին, Արթուր Դավթյանի խոսքով՝ օբյեկտիվ փաստարկներով կարող են վկայել, որ թույլ են տրվել միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ, կանխամտածված թիրախավորումներ, քաղաքացիական անձանց սպանություններ, արգելված զինատեսակների կիրառում, հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացում, խոշտանգումներ․ «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության 60 ներկայացուցիչներ ենթարկվել են քրեական հետապնդման։ Դեռեւս 2021թ․-ի հունիսից հավաքագրվել են վարձկաններ եւ տեղափոխվել Թուրքիա, հետո՝ Ադրբեջան, որտեղ պատրաստվել են լեռնային հատվածներում մարտեր վարելու համար, հրահանգավորվել են սպանել քաղաքացիական բնակչությանը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930