Ազատության հրապարակում «ընդդեմ Արցախի եւ Հայաստանի թրքացման» բողոքի ցույցին ասֆալտային նստացույցով միացել է նաեւ «Ռեֆորմիստներ» կուսակցությունը: Կուսակցության նախագահ Վահան Բաբայանը Aravot.am-ին ասաց. «Մեր կուսակցության անդամները այս պայքարին միացել են առաջին իսկ օրվանից, իսկ այսօր որոշել ենք մեր կուսակցության անդամներով իսկական նստացույց անել հենց Ազատության հրապարակի ասֆալտին, կոմֆորտի գոտուց դուրս: Գտնում ենք, որ պայքարն արդեն պետք է թեւակոխի իրական փուլ:
Մեր համոզմունքն այն է, որ ժողովուրդն այսօր պետք է հավաքվի՝ անկախ իր կուսակցական պատկանելիությունից, քաղաքական հայացքների տարբերությունից կամ բացակայությունից: Մենք եկել ենք Արցախի դրոշով եւ Եռագույնով, եկել ենք ասելու, որ վճռական ենք՝ գնալ իրական, ոչ ֆեյսբուքային պայքարի, առանց ավելորդ շոուների եւ պայքարը հասցնենք հաղթական հանգրվանի՝ Հայաստանը եւ Արցախը փրկենք թրքացումից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ