ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր նիստ գումարեց առանց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի։ Նիստը վարեց ՔՊ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը։ Օրակարգում էր այդ թվում «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» հայտարարության նախագիծը, որը հեղինակել է «Հայաստան» խմբակցությունը։
Հիշեցնենք՝ երեկ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ իշխանությունը այս թեմայով խորհրդարանական լսումները տապալել է, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ չզայրացնի թուրք գործընկերներին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նիստի ժամանակ հայտարարեց՝ կարեւոր գործելաոճ է, երբ նման կարեւոր հարցերի շուրջ հայտարարությունները նախ անցնում են հանրային քննարկումների փուլ, լրամշակվում, ինչից հետո նոր ներկայացվում հաստատման ու ԱԺ լիագումար նիստում քննարկման․ «Այս անգամ դա հնարավոր չեղավ՝ մեր համար անհեթեթ, անընդունելի պատճառաբանությամբ։ Լսումները երեկ խափանվել են ինչ-որ տեխնիկական պատճառներով։ Այսքան տարվա պատգամավորական փորձ ունեմ եւ չեմ հիշում դեպք, որ ԱԺ-ն չկարողանար միաժամանակ մեկից ավելի միջոցառում կազմակերպել։ Սա անհասկանալի, աբսուրդային վիճակ է, բայց ունենք այն, ինչ ունենք։ ԱԺ ղեկավարությունն ու աշխատակազմն այսպես գնացին կանոնակարգին դեմ եւ խափանեցին լսումները»։
Ռուստամյանի խոսքով՝ իրենք, այնուամենայնիվ, հավատարիմ են մնալու սկզբունքին, որ նման հարցերը պետք է անցնեն լսումներով, ուստի առաջիկայում նորից են կազմակերպելու ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին լսումներ․ «Հուսամ՝ այս անգամ չեն խափանի։ Դրանից հետո միայն լրամշակված տարբերակով կներկայացնենք այս նախագիծը։ Ուստի առաջարկում եմ հարցը հետաձգել»։
Կարդացեք նաև
Սարգիս Խանդանյանը պարզաբանեց․ «Իմ ընկալմամբ՝ լսումների հետ կապված տեխնիկական խնդիրը բխում է նաեւ նրանից, որ պահպանվի ԱԺ կանոնակարգը, եւ լսումները լինեն հրապարակային։ Որքան տեղյակ եմ՝ ԱԺ-ում որոշակի տեխնիկական բարդություններ են առաջացել՝ կապված այլ արտագնա միջոցառման հետ։ Այդ պատճառով է, որ հնարավոր չի եղել այս օրերին լսումներ անել։ Վստահ եմ, որ հետագայում հնարավոր կլինի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ