Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյան. Երազում էր դառնալ ոստիկանապետ, այսօր պատգամավոր է և նման օրինագիծ է առաջ քաշում. «Հրապարակ»

Ապրիլ 22,2022 10:37

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ առավել հայտնի որպես «Նավակ ճոճող», եւս երկու ՔՊ-ականի հետ համատեղ շրջանառության մեջ է դրել մի օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում 21 տարին լրացած քաղաքացին կարող է դիմել եւ օրինական կարգով ձեռք բերել ակոսափող զենք՝ առանց հինգ տարի Որսորդմիության անդամ լինելու։

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մեզ հետ զրույցում եւս դեմ արտահայտվեց այսօրինակ նախագծին՝ նշելով․ «Անթույլատրելի եմ համարում Հայաստանում 21 տարեկանից ակոսափող զենք կրելը։ Այսօր օրենք է գործում, որ անձը պետք է հինգ տարի լինի Որսորդմիության անդամ, ունենա ողորկափող զենք, նոր դրանից հետո կան հատուկ ակոսափող հրացաններ, որոնք թույլատրում են հինգ տարի Որսորդմիության անդամ լինելուց հետո նոր ձեռք բերել։ Բայց 21 տարեկանում ձեռք բերել ակոսափող զենք՝ ես դեմ եմ դրան, որովհետեւ դա լավ բանի չի հանգեցնի, եւ տեսեք, թե ովքեր են այդ օրինագծի հեղինակները, ու դրանով իսկ պատասխանը պարզ կլինի»։

– Ովքե՞ր են, ինչպե՞ս կբնորոշեք հեղինակին (Վիլեն Գաբրիելյանին)։ Ձեր «թրի տակով» անցե՞լ է նա երբեւէ։

– Ինչո՞ւ չէ որ։ Նա այն երիտասարդն է, որը երազում էր դառնալ ոստիկանապետ եւ այսօր պատգամավոր է եւ նման օրինագիծ է առաջ քաշում։

 – Վիլեն Գաբրիելյանը երազում էր ոստիկանապե՞տ դառնալ։

– Իրեն հարցրեք։ Հիշո՞ւմ եք՝ իմ պաշտոնավարման տարիներին, շուրջ 1 տարի 6 ամիս ես պաշտոնավարել եմ, ու չի եղել մեկ օր, որ ոստիկանության հասցեին կամ իմ հասցեին որեւէ գրառում չլիներ, քննադատություն չլիներ։ Այդ ամենն ուղղորդված էր։ Իսկ ես Ձեզ ասեմ, որ իմ պաշտոնավարման տարիներին, գնացեք բացեք ցուցանիշները, եւ ես շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին, իրենց հետ միասին մենք ունեցել ենք լուրջ ձեռքբերումներ։ Ամենակարեւորը հանցավորության աճի նվազումն է։ Այդ ամենը փաստ է, այնպես չէ, որ ես ամպագոռգոռ բաներ եմ Ձեզ ասում։

– Վիլեն Գաբրիելյանի բերած հիմնավորումն այն է, թե վիճակագրությունը ցույց է տալիս, որ օրինական զենքով հանցագործություններ շատ քիչ են տեղի ունենում կամ առհասարակ տեղի չեն ունենում։ Այսինքն՝ եթե օրինականացվի, մարդիկ իրար վրա չե՞ն կրակի։

– Ուրեմն, մենք այն  ազգն ենք եւ ապրում ենք այնպիսի երկրում, որ մեզ զենք պետք չէ։ Ես կողմ եմ, թող զենք տան սահմանամերձ գոտիներում բնակվող մեր հայրենակիցներին։ Այ, էնտեղ թող տան, ինչո՞ւ են մերժում այդ նախագիծը։ Եթե իրենք չեն կարողանում, թող մարդկանց տան զենքը՝ իրենք իրենց պաշտպանեն։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930