Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բրյուսելը 2020թ. նոյեմբերի 10-ի հանձնվողական փաստաթղթի՝ շարունակությունն էր՝ մեր դիվանագիտության 2-րդ խոշոր ֆիասկոն. «Հայացք Երևանից»

Ապրիլ 22,2022 10:46

Բրյուսելում ապրիլի 6-ին տեղի ունեցած՝ Միշել-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպումներից հետո հայաստանյան անկախ փորձագիտական շրջանակներում տիրապետող տեսակետը հետեւյալն էր. Արեւմուտքի միջնորդությամբ, Թուրքիայի գործուն դերակատարմամբ, Ալիեւի մասնակցությամբ ու Փաշինյանի համաձայնությամբ մեր տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու, Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու եւ Հայաստանը կիսապետություն դարձնելու գործընթաց է մեկնարկել:

Այս գնահատականն առաջինը շրջանառության մեջ է դրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը: «Անունը դրել են «խաղաղության դարաշրջան», բայց բերում են հայաթափում ու պարտություն՝ մեռելային խաղաղություն»,- ցավով նկատել է պատգամավորը՝ վկայաբերելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության փաստացի դադարեցումը, որին անդրադարձել էր նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 8-ին հայ պաշտոնակցի՝ Արարատ Միրզոյանի հետ Մոսկվայում հանդիպման ժամանակ:

Ակնհայտ է, որ ՌԴ թիվ մեկ դիվանագետը դժգոհ է ՀՀ իշխանություններից, ինչը երեւում է նրա խոսքի տողատակերից եւ այն պնդումներից, թե Կրեմլը, «անկախ ամեն ինչից, կպաշտպանի Հայաստանի ու Արցախի շահերը», որոնք, ըստ նախարարի, համահունչ են իր երկրի շահերին: Սակայն Մոսկվային չի կարող գոհացնել արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի իշխանությունների երերուն պահվածքը՝ Արեւմուտքի եւ Թուրքիայի հետ խաղեր տալու եւ, մասնավորապես, հակառուսական դաշտում հանդես գալու առումով: Լավրովն ակնարկում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փլուզմանը նպաստել է նաեւ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, այդ թվում՝ նրա բրյուսելյան այցը։

Այստեղ ՌԴ ԱԳ նախարարին դժվար է հակաճառել: Մինսկի խմբի համանախագահության միջնորդական առաքելության տապալումը վաղուց էր ներառված թուրք-ադրբեջանական զույգի օրակարգում, եւ եթե այդ զույգն այժմ հասավ իր նպատակին, ապա հաստատ՝ ոչ առանց Նիկոլ Փաշինյանի օգնության: Փաշինյանն էր, որ 2018-ից սկսած՝ արցախյան խնդրի կարգավորման բանակցությունները մտցրեց փակուղի, բերեց պատերազմ եւ պարտություն, իսկ պատերազմից հետո ամբողջովին նվիրվեց թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկմանը։ Այդ տեսակետից Բրյուսելը, թերեւս, Փաշինյանի գրեթե 4 տարվա արատավոր գործունեության վերջին «ակորդն» էր՝ ուղղված Մինսկի գործընթացից Ռուսաստանին դուրս թողնելուն:

Եվ պատահական չեն ռուսական կողմի «ավանդական խանդին» զուգահեռ՝ հայկական կողմին ներկայացվող այն դժգոհություններն ու պահանջները, որոնք կարմիր թելի պես անցնում էին այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունների միջով: Անշուշտ, դժգոհությունների տեղ կա, Հայաստանի ղեկն այսօր ապաշնորհ, գործին անտեղյակ, անպատասխանատու կառավարիչների ձեռքում է:

Սա մի թիմ է, որը չունի հստակ կողմնորոշում, ռազմավարություն եւ գերակայությունների հայեցակարգ ո՛չ արտաքին քաղաքականության ճակատում, ո՛չ էլ ներհայաստանյան անդաստանում: Բրյուսելը 2020թ. նոյեմբերի 10-ի տխրահամբավ հանձնվողական փաստաթղթի՝ եռակողմ հայտարարության շարունակությունն էր՝ մեր դիվանագիտության երկրորդ խոշոր ֆիասկոն, այս անգամ եվրոպական դաշտում:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Նյութն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2022թ.-ի 14-րդ համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930