Ինչո՞ւ ՄԽ-ն, ըստ Լավրովի, այլեւս չի կարողանում աշխատել: Պարզ է, որ Ռուսաստան-Արեւմուտք առճակատումը բացառում է համագործակցությունը նման ձեւաչափերում: Մյուս կողմից էլ՝ երեք երկրների աշխարհաքաղաքական շահերի բախումը Հարավային Կովկասում եւս սրվել է: Արեւմուտքը ջանում է խանգարել Ռուսաստանի ներկայությունը Կովկասում, իսկ Ռուսաստանը՝ ընդհակառակը: Սա է տարաձայնությունների հիմնական պատճառը: Արեւմուտքն ուզում է, որ ռուս խաղաղապահները լքեն Արցախը, ինչը հաջորդ փուլում անիմաստ է դարձնում ՀՀ-ում ռուսական ռազմակայանի ներկայությունը:
Բրյուսելյան վերջին հանդիպումից, ըստ հրապարակային հայտարարությունների, կարելի է եզրակացնել, որ Արեւմուտքի ու Ադրբեջանի նպատակն է՝ Հայաստանին մղել Ադրբեջանի կազմում Արցախի ընդունման քայլին, եւ դա նրանց, կարծես թե, հաջողվում է։ Մինսկի խմբի պահպանումը, որի իրական կոչումը մինչ այդ հարցի սառեցումն էր, արդեն իմաստազրկվում է: Լավրովը հենց դա նկատի ուներ, երբ ասում էր, թե ՄԽ-ն դադարել է գոյություն ունենալ՝ միաժամանակ պնդելով, որ Արեւմուտքը փորձում է զոհաբերել հայկական շահերը, ինչպես նաեւ Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳ նախարարի հավաստիացմանը, թե Մինսկի խումբը տակավին գործում է, պետք է հասկանալ այլաբանորեն, այն է՝ Հայաստանը պատրաստ է կայացնել աշխարհաքաղաքական որոշում, թե ում հետ լինել՝ Ռուսաստանի՞, թե՞ Արեւմուտքի: Միրզոյանի հակադարձումը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը չեղարկված չէ, այդ երկընտրանքից խուսափելու փորձ էր:
Սակայն որքան խորանում է ռուս-ուկրաինական պատերազմը, որին Արեւմուտքն ավելի լայնորեն է սկսում մասնակցել՝ արդեն մատակարարելով ծանր զենքեր, այնքան խամրում է Ռուսաստան-Արեւմուտք համագործակցության հեռանկարը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView «Հայացք Երեւանից» կայքէջի acnis.am 2022թ.-ի 14-րդ համարում