Պուտինի եւ Փաշինյանի համատեղ հայտարարության մեջ կա մի նրբերանգ, որի մասին առանձնապես չի խոսվում, բայց ես դա կարեւոր եմ համարում: Նախ նշեմ, որ Փաշինյանը, որքան գիտեմ, պետության առաջին ղեկավարն է, որը պաշտոնական այցով գնացել էր Մոսկվա՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ սկսված պատերազմից հետո (չհաշված այդ պատերազմում Ռուսաստանի «գործընկեր» Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին): Դա պետք է հաշվի առնել՝ երկու ղեկավարների համատեղ հայտարարությունը դիտարկելու տեսանկյունից:
Ռուսաստանյան քարոզչական կայքերից մեկի վերնագիրը հետեւյալն էր. «Պուտինը եւ Փաշինյանը պայմանավորվել են ուժեղացնել պայքարը նեոնացիզմի դեմ»: «Նեոնացիզմ» բառն ամբողջապես տեղավորվում է Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի օրակարգի մեջ: Հասկանալի է, որ նացիզմն ինքնին խիստ բացասական եւ վտանգավոր երեւույթ է, որի դեմ պետք է պայքարել, սակայն նման հայտարարություններում կարեւորը ոչ թե առանձին վերցրած հասկացություններն են, այլ այս պահին դրանց քաղաքական ենթատեքստը: Հայտնի է, որ Ռուսաստանը, քարոզչական նպատակներով, հարեւան երկրի վրա իր հարձակումն արդարացնելու համար «նացիզմ» պիտակը կպցնում է ուկրաինական պետականությանը՝ դրա համար որեւէ փաստական հիմք չունենալով:
Պուտին-Փաշինյան համատեղ հայտարարության բուն տեքստում Ուկրաինայի մասին հիշատակում չկա: Ասված է հետեւյալը. «կողմերը, պահպանելով ընդհանուր անցյալի նկատմամբ միասնական մոտեցումները, մտադրություն հայտնեցին շարունակել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման եւ պատմության խեղաթյուրման դեմ պայքարը»: Նշվում է նաեւ, որ կողմերը պայմանավորվեցին մեծացնել ռասիզմին, այլատյացությանը, նեոնացիզմին հակազդելու ուղղությամբ ջանքերը: Ինձ համար ակնհայտ է, որ այդ ձեւակերպումները գրվել են Մոսկվայում (որովհետեւ դա զուտ ռուսաստանյան պատում է), իսկ Փաշինյանը գնացել է եւ դրանք ստորագրել:
Բանն այն է, որ ապրիլի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը վարչական պատասխանատվություն է նախատեսում ԽՍՀՄ եւ նացիստական Գերմանիայի նպատակների եւ գործողությունների «հրապարակային նույնականացման», ինչպես նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ-ի «վճռորոշ դերի» եւ (ուշադրություն դարձրեք) «մարդասիրական առաքելության» ժխտման համար: Անձամբ ես «վճռորոշ դերի» մասին որեւէ կասկած չունեմ, «նույնականացումն» էլ սխալ եմ համարում: Ինչ մնում է «մարդասիրական առաքելությանը», ապա վստահ եմ, որ մարդկության հազարամյա պատմության ընթացքում ոչ մի պատերազմում ոչ մի բանակ նման առաքելություն չի իրականացրել: Բայց պատմական ձեւակերպումների մասին կարելի է վիճել. անվիճելին այն է, որ դրանց «իրավական» տեսք տալով, Պուտինը ճանապարհ է բացում իր երկրում հետագա բռնաճնշումների համար: Եվ այդ ամենը (դարձյալ շեշտենք) արվում է ուկրաինական իրադարձությունների համատեքստում: Ահա թե ինչու է ինձ համար անընդունելի հայտարարության մեջ արձանագրված «համատեղ պայքարը»:
Կարդացեք նաև
Իհարկե, բնական է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով կարեւորն անվտանգությունն է, Արցախյան հիմնախնդիրը, որոնց շուրջ անհրաժեշտ է համագործակցել: Բայց երբեմն, կարծում եմ, պետք է մտածել, թե քաղաքակրթական, արժեքային, մշակութային առումով մենք ի՞նչ ուղղությամբ ենք ընթանում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Էսպիսի մի հարց՝ հայոց բանակը (թե 30 տարի առաջ, թե վստահ եմ տարիներ հետո), Արցախի տարածքը ազատագրելով, հայ ժողովրդին ցեղասպանությունից փրկելով, միթե մարդասիրական առաքելություն չի իրականացնում՞:
Խամաճիկներն իրենց ժողովրդաատյաց ու պետականաքանդ օրակարգն են իրականացնում սիրուն խոսքերով: Մենք մեր ժողովրդասիրական ու պետականազարգացման օրակարգը պետք է սկսենք իրականացնել: Առանց հակախամաճիկային միջոցների՝ լյուստրացիայի ստեղծել որեւէ օրակարգ անիմաստ է, իսկ լյուստրացիան միայն մասնավոր հատուկ ծառայությունները կարող են իրականացնել: Մեզ պետք չի պատժել որեւէ մեկին, ընդամենը պետք է սահմանափակել դրածո խամաճիկների մասնակցությունը ժողովրդասիրական օրակարգին: Մասնավոր դեդեկտիվներերի ագենստվաներ կան, ուրեմն մասնավոր ԱԱԾ ստեղծելն էլ է հնարավոր, որոնք պետականանպաստ դեպքերում կաջակցեն պետական ԱԱԾին: Ամեն ինչ պետք է լինի օրենքով եւ թափանցիկ, դրա համար ոչ մի անհատական, հասարակական եւ կուսակցական նախաձեռնություն, միմիայն մասնավոր մասնագիտական ձեռնարկատիրության ձեւով, այդ թվում նաեւ վերը նշված մասնավոր ԱԱԾն պետք է պետականորեն գրանցված լինի որպես մասնավոր ձեռնարկատիրություն: Նմանապես թափանցիկ պետք է լինեն այդ մասնավոր ձեռնարկությունների փողի եւ այլ ռազմավարական արժեքների աղբյուրները: Մեղավորության կանխավարկածը որպես հակախամաճիկային միջոց: Մասնավոր դատարան, մասնավոր փաստաբան, մասնավոր օրենքներ.. Մեր ստվերային կառավարությունը պետք է բաղկացած լինի միմիայն մասնավոր մասնագիտական ձեռնարկատիրություններից: