Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշխարհի աչքի առջեւ զոհվում են բացարձակ անմեղ խաղաղ բնակիչներ

Ապրիլ 22,2022 13:00

1,5 ամսից ավելի է, ինչ սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմը, որն ընթանում է նաեւ պատերազմականից դուրս կանոններով: Այս պատերազմի մասին կարելի է ներկայացնել որոշ նկատառումներ, սակայն ուզում եմ հիմնական շեշտը դնել անմեղ զոհերի վրա եւ ներկայացնել երկու կողմերի մոտեցումները՝ կապված այդ երեւույթի հետ: Այն, որ դաժան պատերազմ է ընթանում եւ երկու կողմերի մոտ էլ բնական է մեծաթիվ զոհերի առկայությունը, այնքան էլ զարմացնող չէ, շատ ավելի զարմացնող է այն հանգամանքը, որ հզոր ականանետային զենքեր են կիրառվում այն վայրերում, որտեղ նախապես հավաքում կամ հավաքված են լինում մեծ թվով խաղաղ բնակիչներ՝ ընդհուպ բավականաչափ մեծ թվով երեխաներ ու նպատակադրված արձակված ականները պայթում են ճիշտ այդ կետերում՝ ամեն անգամ առաջացնելով մի քանի տասնյակի հասնող զոհեր, որից հետո Ուկրաինան ու իր համախոհները՝ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, Եվրոպան այդ տեռորիստական ակտերի համար սկսում են աշխարհով մեկ բարձրաձայնել ու մեղադրել Ռուսաստանին, Ռուսաստանն էլ իր հերթին նույն կերպ սկսում է մեղադրել Արեւմուտքին ու Ուկրաինային:

Փաստացի, նմանատիպ քայլերով երկու կողմերն էլ ոչ թե ուզում են վերջ տալ նմանատիպ անմարդկային գործողություններին ու ոչնչացնել հակառակորդի մարդուժը, ռազմական տեխնիկան ու ստրատեգիական օբյեկտները, այլեւ աշխարհին ցույց տալ, թե իրենց հակառակորդը որքան դաժան է ու անմարդկային, որ ոչնչի առջեւ կանգ չառնելով ու այդ քայլերով ունակ է անգամ կոտորել անմեղ՝ խաղաղ բնակիչների մեծ խմբերի, հաշվի չառնելով, որ նրանց մեջ կան նաեւ բավականաչափ թվով երեխաներ ու ծերեր եւ կատարվածի վերաբերյալ ողջ տեղեկատվությամբ՝ իրենց հարմար մեկնաբանությամբ, հեղեղում աշխարհի տեղեկատվական դաշտը, որը կարող է իրականության հետ ոչ մի աղերս չունենալ:

Առանց որեւէ լուրջ ապացույցի, հակառակորդներից ամեն մեկը վստահ տոնով մեղադրում է մյուսին եւ աշխարհին հայտնում, թե ինքն ընդհանրապես կապ չունի կատարվածի հետ եւ լիովին մեղավոր է միայն դիմացինը: Անգամ տպավորություն կարող է ստեղծվել, որ երկու կողմերն էլ որեւէ կապ չունեն կատարվածի հետ եւ մի երրորդ՝ պատերազմի հետ կապ չունեցող երկիր է ճիշտ նույն ձեռագրով իրականացնում այդ անմարդկային, տեռորիստական ակտերը:

Փաստորեն, աշխարհի աչքի առջեւ լրիվ անիմաստ զոհվում են բացարձակ անմեղ խաղաղ բնակիչներ եւ աշխարհը փոխանակ պահանջելու հիմնավոր ապացույցներ, թե ում ձեռքի գործն են այդ տեռորիստական ակտերը, ընդամենը լուռ լսում է, թե առանց հիմնավորումների՝ ամեն կողմն ինչպես է իրեն հարմար բառակույտերով մեղադրում դիմացինին, կարծելով, որ դրանով իսկ արդարացնում է իր անմեղությունը: Արդյունքում, կողմերը կատարված ոճրագործություններն իրավական, ապացուցողական դաշտից բերում են զուտ տեղեկատվական դաշտ: Իրականում, այս վատ ներկայացումն ինձ հիշեցնում է հին ժողովրդական անեկդոտը. «Է, դու էլ ասա»: Այս դաժան պատերազմը աշխարհը խառնել է իրար, առ այսօր հաշտության եզրերի մասին խոսք լինել չի կարող եւ բնավ չի հասկացվում, թե այս վիճակն ուր կտանի աշխարհը: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա հեռու չէ հերթական համաշխարհային պատերազմի սկիզբը, որն էապես կտարբերվի նախորդ երկու համաշխարհային պատերազմներից, քանզի այսօր միջուկային ու բիոկենսաբանական զենքեր ունեն մի շարք երկրներ, որոնք անկառավարելիության եւ հետդարձի ճանապարհ չտեսնելու պայմաններում, հնարավոր է՝ գործի դնեն հենց դրանք եւ լրիվ կործանեն աշխարհը:

Չեմ ուզում դատավորի դեր ստանձնել եւ ներկայացնել, թե պատերազմող կողմերից ով է ռումբերը նետել խաղաղ բնակչության վրա, քանզի ես ապացույցներ չունեմ, սակայն հաստատ պատերազմող կողմերից միայն մեկն է նմանատիպ տեռորիստական ակտերն իրականացնում, քանզի դրանցում առկա է նույն ձեռագիրը:

Փաստորեն, կարեւորն այն է, որ ով էլ արձակել է այդ ռումբերը կամ արկերը, նա միտումնավոր է դա արել, որպեսզի բարդի հակառակորդի վրա եւ փորձի տեղեկատվական դաշտում մեղադրել նրան, աշխարհին ներկայացնելով, որ պատերազմող այդ կողմն այնքան տականք ու անխիղճ է, որ կոտորում է խաղաղ մարդկանց խմբերին եւ փորձում մեղքը բարդել դիմացինի վրա, դրանով աշխարհի աչքին փուշ դարձնելով հակառակորդին ու փորձելով ժողովուրդների մոտ կարծիք ձեւավորել, որ ինքն անմեղ է, իսկ հակառակորդն այնքան սրիկա, որ կոտորում է անմեղ մարդկանց:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
21.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930