Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ «Ցորի զորամասի գործով»

Ապրիլ 22,2022 13:30

Ըստ դատարանի՝ դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության միջոցներ ձեռնարկելու հիմքեր չկան

Զոհված 21 զինծառայողների ծնողների եւ հարազատների ստորագրությամբ հաղորդում է ներկայացվել ՀՀ դատախազություն՝ հանցագործության մասին: Հանրապետության դատախազության շենքի մոտ շարունակվում է ստորագրահավաքը, դրան միանում են նաեւ զինվորների այլ ծնողներ, հարազատներ: «Ցորի զորամասի գործով» տուժողների իրավահաջորդները պահանջում են փաստի առթիվ հարուցել քրեական գործ եւ իրականացնել նախաքննություն։ Հաղորդման առիթը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-ին խորհրդարանում արած հայտարարությունն է։ Զոհված եւ անհետ կորած զինծառայողները Ցորի զորամասում էին ծառայում, նրանց որդիները զոհվել են 2020թ. հոկտեմբերի 12-ին, Ջուվաղլու կոչվող տեղանքում։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում այնպիսի ձեւակերպումներ են հնչել, որոնք հիմք են տալիս հաստատված համարելու, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները սկսվել եւ իրականացվել են ՀՀ վարչապետի դրդչությամբ, ինչպես նաեւ նրա պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում»,-դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է զոհված զինծառայողի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը։

ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Գեւորգ Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործով, որը հայտնի է «Ցորի գործ» անվամբ, «Առավոտը» հետեւում էր Սյունիքի մարզում մինչ վերջերս ընթացող դատական գործընթացներին: Հիշեցնեմ, որ 2022 թվականի փետրվարի 10-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունից ուղարկված թիվ 90150222 նախաքննական համարով քրեական գործն ըստ մեղադրանքի Գեւորգ Գեւորգյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով: Մարտի 1-ին որոշում էր կայացվել քրեական գործը դատական քննության նշանակելու մասին: Ըստ այդ որոշման՝ դատավորների միջեւ գործերի բաշխման համակարգչային ծրագրի միջոցով քրեական գործը՝ թիվ ՍԴ1/0011/01/22 համարի ներքո, մակագրվել եւ 2022 թվականի փետրվարի 11-ին հանձնվել է դատավոր Լ.Սեփխանյանին:

Դատավորն արձանագրել էր. «Գործի նյութերում բացակայում են քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործի վարույթը կասեցնելու, քրեական գործը մեղադրողին վերադարձնելու կամ ըստ ընդդատության ուղարկելու առերեւույթ հիմքերը»:

2022 թվականի փետրվարի 16-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել մեղադրյալ Գեւորգ Գեւորգյանի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը վերացնելու, փոխելու, դրա հիմնավորվածության հարցը, ինչպես նաեւ այլ խափանման միջոցներ կիրառելու թույլատրելիության հարցը եւ որոշում է կայացրել ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին: Անդրադառնալով ամբաստանյալի պաշտպան Գոռ Գեւորգյանի դատական քննությանը մասնակցելու թույլատրելիության հարցին՝ դատարանն արձանագրել է, Գեւորգ Գեւորգյանի մասնակցությունը բացառող առերեւույթ հիմքեր չկան, ինչպես նաեւ. «Դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության միջոցներ ձեռնարկելու հիմքեր չկան»: Այս գործով քաղաքացիական հայց չի ներկայացվել, արգելադրված գույք չկա:

Դատական անդրանիկ քննությունը նշանակվել էր 2022 թվականի մարտի 11-ին՝ ժամը 12:30-ին, Գորիսի նստավայրում:
Գեւորգ Գեւորգյանի պաշտպանը նույնպես դիմել էր վերաքննիչ քրեական դատարան՝ իր պաշտպանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 4-րդ մասով ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու, ինչպես նաեւ կալանավորման հիմնավորվածության հարցը քննության առնելու մասին 16.02.2022թ. որոշումը եւ նրան կալանքից անհապաղ ազատ արձակելու միջնորդությամբ: Վերաքննիչ քրեական դատարանը ապրիլի 12-ին որոշում է կայացրել Գեւորգ Գեւորգյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժելու մասին: Ըստ տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանի՝ վերաքննիչը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի՝ Գեւորգ Գեւորգյանի կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշում է կայացրել:

Հետագա զարգացումներն այսպիսին են. Սյունիքի մարզի դատարանն ապրիլի 12-ի որոշմամբ բավարարել է տուժող կողմի միջնորդությունը՝ գործի տարածքային ընդդատությունը փոփոխելու մասին, եւ գործի քննությունը իրականացվելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում: Այս միջնորդությանն, ի դեպ, միացել են նաեւ ամբաստանյալն ու պաշտպանը, ինչպես նաեւ մեղադրողը:

ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Գեւորգ Գեւորգյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: Նա, ըստ մեղադրանքի, 2020թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 6-ի սահմաններում (Վարանդայի) Ֆիզուլիի շրջանում գտնվող «Զովառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում ԳԱԶ մակնիշի զինմեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից, առանց ղեկավարման մնացած մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել՝ փորձելով հնարավոր միջոցներով պաշտպանվել: Ըստ այս որոշման, Գեւորգյանի նման գործողությունները հասցրել են ծանր վնաս, զոհվել են մարտկոցի քսան պահեստազորայիններ, զինծառայողներ: Նրանք էին՝ Նվեր Էդուարդի Ավանեսյանը, Վահե Սերգեյի Ավագյանը, Վաչագան Գարիկի Հարությունյանը, Կարեն Բորիսի Դանիելյանը, Նաիրի Գրիգորի Բաղդասարյանը, ժամկետային զինծառայողներ՝ Գեորգի Արմենի Բալայանը, Սամվել Արթուրի Ղազարյանը, Արթուր Արմենի Ասրյանը, Լեւոն Մհերի Գրիգորյանը, Դավիթ Լեւոնի Ազատյանը, Արտյոմ Արտակի Տեփանյանը, Ռուբեն Արսենի Պողոսյանը, Նարեկ Արմենի Օհանյանը, Արտակ Ջիվանի Միքայելյանը, Հայկ Մհերի Պապիկյանը, Վահե Արթուրի Պապյանը, Հայկ Հովհաննեսի Անտոնյանը, Գոռ Գեւորգի Ափանոսյանը, Սամվել Ստեփանի Պողոսյանը, Հայկ Սարգսի Մելիքյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930