Լեւոն Ջավախյանը՝ հեղափոխությունից հիասթափության, քաղաքականությունից եւ ճշտից քամած իր գրքի մասին
«Ինչ-որ տեղ ես եւ հավատացյալ եմ, եւ անհավատ եմ, ավելի շատ ճակատագրապաշտ մարդ եմ, ինձ համար Աստված կա, բայց ոչ էնպես, ինչպես գրված է գրքերում, այլ էնպես, ինչպես ինքը կա: Այս տարի միտք չունեի գիրք տպելու, բայց ըստ չինական հորոսկոպի, ես Վագրի տարում եմ ծնվել, 72 տարեկան եմ, մեկ էլ 12 տարի հետո է լինելու Վագրի տարին, եսիմ` էդ ժամանակ ես յա սաղ, յա մեռած… Հիմի եկել ա Վագրի տարին, բա գիրք չտպեի՞… Մի երկու սիմվոլ էլ ա էստեղ խոսում, սա 7-րդ գիրքս է: Ես թվերի նկատմամբ մի քիչ խորհրդապաշտ եմ: Ես որ 70 տարեկան էի դարձել, ասում էի մի բան պիտի լինի, ոգեւորված էի, այ մարդ եղա՜վ… Եղավ, ինչ եղա՜վ, ինչ եղավ, փորձանք եղավ, ավելին եղավ` պատերազմ եղավ, սաղ հարամ եղավ` 70-ամյակ, բան…»,-«Առավոտի» հետ զրույցում իր նորատիպ` «Ետ արի» ժողովածուն է ներկայացնում սիրված եւ փնտրված գրող Լեւոն Ջավախյանը:
Հարցրինք` իսկ ինչու հենց «Ետ արի», ի՞նչ նկատի ունի հեղինակը… «Մի սիրուն վերնագիր էի դրել գրքիս, բայց տպարան տանելուց 10 օր առաջ մի երազ տեսա: 2022 թ. մարտի 16-ն էր… Երազումս գնացել եմ բարեկամի տուն, մի խեղճ ու կրակ տուն էր, բայց տանը մի մեծ գորգ կար, վրան գրած էր` «Ետ արի»… Վեր կացա գիշերվա ժամը 4-ն էր… Ես նման խորհրդավոր երազ երբեք չէի տեսել: Մտածեցի, որ Աստված ինձ հղում է արել, բան ա գլխի գցում… Էդ գորգը, խալիչեն փաստորեն իմ գիրքն ա էլի, բառերով գործած, նախշուն տողերով գործած մի բան … Մնում ա վրեն գրեմ` «Ետ արի»: «Ետ արին» գիտե՞ս ինչ խորհուրդ ունի, դա նախնիների կանչն ա… Որքան կարեւոր ա առաջ գնալը, նույնքան էլ կարեւոր ա ետ գնալը… Պատկերացրու ծառը մեկ էլ մոռանա, որ իրեն պահողը արմատներն են… Ու էտպես գրեցի «Նախաբանի փոխարեն» իմ էդ պատմությունը, որ մի վեպի արժեք ունի… Ինչի՞ համար է սա կարեւորվում, որովհետեւ էս շուն-շան որդիք գլոբալիզացիայի անվան տակ մոռանում են իրենց ազգությունը, ինքնությունը, արմատները, ծրագրերը ռեւիզիայի են ենթարկում… Դրա համար հիմա առավել եւս կարեւորվում է հետ գալը, որովհետեւ էս իշխանությունները գլոբալիզացիայի անվան տակ գնում են դեպի համաեվրոպական մսաղաց, իսկ մենք խնդիր ունենք մեր ազգությունը պահելու… Եթե մեր արմատները մոռանանք, մենք էլի կապրենք, բայց ոչ որպես հայ, իսկ ես ուզում եմ որպես հայ ապրեմ, որպես հայ էլ մեռնեմ…»,-ասում է մեր զրուցակիցը:
Լեւոն Ջավախյանը փաստում է, որ իր բոլոր գրքերում հերոսը եւ հեղինակը նույնականացված են, ու դրա համար բացատրություն ունի. «Ցանկացած մարդու համար տիեզերքի առանցքն ինքն է, իր շուրջ է պտտվում աշխարհը: Ընդհանրապես գեղարվեստի հենքը սուտն ա լինում, բայց ուստա գրողները կարողանում են էնպես գրել, որ հավատան, բայց քանի որ ես չեմ կարում էդպես բան անել, ձեռքս դրել եմ սրտիս ու ասել եմ, որը ճիշտն ա, էն էլ պիտի գրեմ… Ես ճշտից եմ գեղարվեստ քամում, ու իմ շուրջ պտտվում է իմ աշխարհը, էդպես էլ գրում եմ… Ընդհանրապես մեր լոռեցի գրողները չեն կարողանում վեպ գրել, լայն մարաթոնի վազող չեն, օրինակ, իմ տղան նշանավոր մարզիկ ա, աշխարհի ամենաարագավազ հայը, բայց 100 մետր վազքում ա չեմպիոն, այսինքն մեր Լոռվա աշխարհը պոռթկումով ա, բայց էստեղ մի հրաշք ա տեղի ունեցել, ինձանից անկախ վեպ ա դուրս եկել…»:
Նրա խոսքով. «Էս գրվածքի ամբողջ լեյտմոտիվը մեր 4 տարվա պատմությունն է, Մովսես Խորենացին «Հայոց պատմություն» է գրել ըստ Մովսես Խորենացու, ես էլ կտոր-կտոր 4 տարվա հայոց պատմությունն եմ գրել` ըստ Լեւոն Ջավախյանի, որը սկսվում է «Երիքովի անկումը» պատմվածքով, որտեղ ոչ ավել, ոչ պակաս իմ հորթային հրճվանքն ա էս հեղափոխության առիթով ու հեղափոխության արժեքների նկատմամբ, գիրքն ավարտվում ա «Ասեղի ծայրին» փոքրիկ ակնարկով, որտեղ զգում ես ամբողջ հիասթափության պաթոսը առ էս իշխանություն, առ մեր ճակատագիրն ու մեր վիճակը… Էստեղ իմ գրականությունը նաեւ քաղաքականությունից եմ քամել»:
Կարդացեք նաև
Ըստ Լեւոն Ջավախյանի, մենք, չգիտես ինչու, հակվում ենք դեպի Արեւմուտք, երբ Արեւելքի ժողովուրդ ենք. «Մտավորական աշխարհում գյորմամիշություն կա, մենք Արեւելքի ժողովուրդ ենք, բայց, այսպես կոչված, առաջադեմ մտավորականությունը հակված է դեպի Արեւմուտք, դեպի գլոբալիզացիայի մսաղացը, բայց ինչի՞… Չէ՞ որ ամեն դեպքում պատմության արշալույսը Արեւելքից է եկել` Պարսկաստան, Միջագետք, Հնդկաստան, Դալայ լամաները, Տիբեթ, Չինաստան, Ճապոնիա… Մեր ինքնությունը էդտեղ ա, մեր ետ արին Արեւելքում ա»:
Մեր զրույցի ժամանակ գրողն իր նորատիպ գիրքը համեմատեց տնական տոլմայի հետ. «Սա ինչ-որ տեղ տնական գիրք է, որովհետեւ այն խմբագրել է աղջիկս` Աննա Ջավախյանը, գիրքը ձեւավորել է իմ եղբայրը՝ Ռաֆայել Ջավախյանը, գիրքը գրել է ձեր խոնարհ ծառան, մի խոսքով, որ գիրքը կարդում ես, ոնց որ տնական տոլմա ուտես»:
Մեր զրույցի ավարտին Լեւոն Ջավախյանը հետեւյալը նշեց. «Նախորդ գիրքս, տպարանից որ դուրս էր գալիս, համոզված էի, որ նախագահի մրցանակ պիտի ստանամ, որովհետեւ էդ գրքում մի պատվածք ունեմ մորս մասին, իսկ իմ մերը ինձ համար Աստված ա, էն աստիճանի Աստված, որ գետնի տակ ննջում ա, բայց ձեռքերը պարզած գետնի տակից ինձ բարձրացնում ա… Ես մտածում էի, որ նախագահի մրցանակ եմ ստանալու, ու առաջին անգամ ինձ ասեցին, թե մեր հանձնաժողովին խաղաղություն բերեցիր, միակ դեպքն է, երբ հանձնաժողովի բոլոր անդամները ձայները քեզ են տվել… Ընդ որում՝ մորս մասին պատմվածքն ամենաարագ գրածն ա, միանգամից բազկաթոռից վեր կացա, նստեցի ու գրեցի… Էս գիրքս էլ ամենակարճ ընթացքում գրված գիրքս ա… Որ գնացի տպարան գիրքս վերցնելու, տպարանի տնօրենն ասաց` էս քո արածը քեզ դուր եկա՞վ, աշխատանքը խաթարվել ա, փոխանակ գործ անեն, գիրքդ են կարդում»:
Եթե նախորդ գրքի դեպքում Նախագահի մրցանակի ակնկալիք ուներ, այս անգամ Լեւոն Ջավախյանի համոզմամբ, հերթական գիրքը հեղաշրջում է առաջ բերելու. «Հարցն էն չի, որ էս գիրքն ա հեղաշրջելու, սա հոգեւոր աշխարհում կարա հեղաշրջում անի… Բայց ամեն դեպքում, աշխարհի ամենադժբախտ մարդը կլինեմ, որ էս իշխանությունն ապրի, ես մեռնեմ… Ի դեպ, ես կողմ եմ մահին, ասում են` որ մարդ ծնվելու բախտ ա ունեցել, մեռնելու բախտ էլ պիտի ունենա… Իսկ ես բախտավոր մարդ եմ, Աստված ինձ ճակատագիր ա տվել, փայփայել ա, դյուրահավատ, մի քիչ դեբիլոտ տղուց ստեղծել է Լեւոն Ջավախյան, ինչ-որ տեղ նաեւ մարգարեություն կա իմ մեջ… Մի խոսքով, ես պիտի բախտ ունենամ` սրանցից ազատագրված մեռնեմ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
21.04.2022