Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրիացի անվանի դիրիժոր Գյունտեր Նոյհոլդը` Ցեղասպանության զոհերի հիշատակի համերգների, մշակույթը պատերազմին «խառնելու» մասին

Ապրիլ 22,2022 12:00

– Մաեստրո, ձեր առաջին այցն է Հայաստան։ Մեր ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան), Ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Հովհաննես Չեքիջյան) եւ մեներգիչների՝ աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Աննա Սամուիլի, ճանաչված բաս Թոբիաս Բերնդտի, մեցցո սոպրանո Սոֆիա Թումանյանի եւ տենոր Տիգրան Մելքոնյանի մասնակցությամբ երկու օր կղեկավարեք Մոցարտի Ռեքվիեմը՝ ապրիլի 23-ին Ծիծեռնակաբերդում, 24-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Վստահ ենք՝ գիտեք հայերիս համար ինչ խորհուրդ ունի ապրիլի 24-ը…

– Ընդհանրապես բոլոր Ռեքվիեմները բոլոր ժամանակների համար ազդեցիկ հոգեհանգստյան մեսսաներ են։ Անշուշտ, Մոցարտի Ռեքվիեմի կատարումը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։

– Այսօր էլ աշխարհը հանգիստ չէ. նկատի ունենք ռուս-ուկրաինական պատեազմը, որից, մեղմ ասած՝ անմասն չէ Արեւմուտքը։ Ականատեսն ենք այն բանի, որ նույն Արեւմուտքը ռազմական գործողությունների մեջ ներքաշեց նաեւ ռուսական մշակույթը՝ արգելելով ոչ միայն ռուս արվեստագետների հյուրախաղերն իրենց երկրներում, այլեւ աշխարհահռչակ ռուս կոմպոզիտորների գործերի կատարումները։ Կուզեինք լսել ձեր խոսքն այս մասին։

– Իմ խոսքն ի սկզբանե եղել է հակիրճ՝ դա իսկական հիմարություն է։

– Մաեստրո, բեմական գործունեությունը սկսել եք պատանեկան տարիքից, ղեկավարել եք ոչ միայն ճանաչված նվագախմբեր (թվարկումը երկար ժամանակ կխլի), այլեւ օպերային ներկայացումներ։ Նվագախմբերից շատերում հանդես եք եկել որպես գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ներկայումս գլխավորում եք Կիպրոսի սիմֆոնիկը։ Ընդ որում, 1960-ականներին երաժշտի ձեր կարիերան սկսել եք Գերմանիայի օպերային թատրոններում՝ որպես կոնցերտմայստեր։ Վստահ ենք, որ կարիերայի սկզբում ներկայացնելով ձեզ՝ նշել են, որ խոստումնալից դիրիժոր եք…

– Միշտ էլ ընդունված է եղել երիտասարդ դիրիժորներին ներկայացնելիս շեշտել, որ նրանք խոստումնալից են։ Ես էլ բացառություն չեմ եղել։ Երիտասարդ դիրիժորները մշտապես, եւ այսօր էլ, ակտիվություն են ցուցաբերում։ Բայց հնարավոր չէ երկար մնալ երիտասարդ դիրիժոր։ Պետք է անընդհատ կատարելագործվել… Տարիքի հետ էլ պետք է ճիշտ որոշումներ կայացնել, թեկուզ համերգային ծրագրերի ընտրության հարցում եւ այլն։

– Դուք ղեկավարել եք Վիեննայի ֆիլհարմոնիկը՝ աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը։ Ինչպե՞ս են դառնում նման նվագախմբերի դիրիժոր։ Իհարկե պարզ է, որ պետք է լինել բարձրակարգ, բարձրարվեստ երաժիշտ։ Դա նաեւ վարչակա՞ն որոշումների արդյունք է։

– Այո, վարչական որոշումների խնդիր է։ Նման նվագախմբեր ղեկավարելն այնքան էլ դյուրին չէ, մարդիկ այնտեղ միշտ չէ, որ բարի են։ Հիշում եմ, օրինակ, թե ինչպես տաղանդաշատ Կառլոս Քլայբերը հեռացավ Վիեննայի ֆիլհարմոնիկից հենց փորձի ժամանակ… Տոսկանինիի եւ ֆոն Կարայանի ժամանակ դիրիժորներն ավելի շատ ուժ ունեին, նրանց խոսքը կշիռ ուներ։ Բայց այդ համակարգը սպառել է իրեն, հայտնվել են հզոր արհմիություններ։ Դիրիժորն այլեւս ժամանակ չունի շատ փորձեր անելու։ Այժմ նույն արդյունքին նա պետք է հասնի մեկ-երկու փորձից հետո, գտնի ավելի արդյունավետ ճանապարհ։ Ինչ վերաբերում է վարչական որոշումներին, դրանք միշտ չէ, որ անխափան են եղել։ Օրինակ, Կարայանը ցմահ պայմանագիր ուներ Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ։ Մաեստրոյի մահից վեց ամիս առաջ նվագախմբի միությունն ամեն ինչ արեց պայմանագիրը ժամկետից շուտ խզելու համար։ Մեկ այլ օրինակ էլ. Վիեննայի պետական օպերայում Մալերի ժամանակներից ի վեր քչերին է հաջողվել ղեկավարել կամ դիմանալ մինչեւ իրենց պայմանագրի ավարտը։ Ես հիմա բարձրաձայնեմ նրանց անունները, որոնք պարզապես չդիմացան։ Սկսեմ հենց Մալերից, հետո՝ Ռիչարդ Շտրաուս, Կարլ Բյոմ, ֆոն Կարայան, Լորին Մաազել, Կլաուդիո Աբբադո։

– Աստված մի արասցե, եթե հանկարծ ձեր ղեկավարած նվագախումբը բողոքի ձեր դեմ, ո՞րը կլինի ձեր պատասխանը։

– Կարծում եմ՝ դա կլինի մեր ստեղծագործական հարաբերությունների վերջակետը։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930