Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երկրապահից չեմ կարող տարածք խլել, մեր մոտեցումը՝ մեր երկիրը պահելն է»․ Առուշ Առուշանյան (Տեսանյութ)

Ապրիլ 21,2022 23:55

Հինգշաբթի՝ ապրիլի 21-ին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ավագանու արտահերթ նիստ էր հրավիրել։ 2021 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած Գորիսի ավագանու ընտրություններում «Աոռւշ Առուշանյան» դաշինքի ընտրվելուց եւ մեծամասնություն կազմելուց հետո սա առաջին նիստն էր, որ վարում էր կալանքից ազատված Առուշանյանը։ Ավագանու 21 անդամից նիստին մասնակցեց 18-ը։

«Մենք աշխատել ենք սկզբունքային, աշխատում ենք եւ աշխատելու ենք նույն կերպ: Ձեզ ցանկանում եմ Աստծո կողմից մեծ էներգիա՝ ձեր եւ մեր համաքաղաքացիների մտքերը ռեալիզացնելու համար»,- նշել է Գորիսի համայնքապետը՝ արտահերթ նիստը բացելով ու շնորհավորելով ավագանու անդամներին։ Առուշանյանը համոզված է, որ ինչպես նախորդ ժամանակահատվածում, այս անգամ եւս ավագանու անդամները պատվով կիրացնեն իրենց վստահված մանդատները:

Մինչ օրակարգին անցնելը՝ Առուշ Առուշանյանն անդրադարձել է նաեւ նախորդ նիստի օրակարգում ներառված հարցերից մեկին, որը համայնքապետի ձեւակերպմամբ՝ «որոշ լրատվականներում շահարկման թեմա է դարձել, որ մենք Երկրապահից տարածք ենք խլում» ։

Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին կայացած Գորիսի ավագանու նիստում ՝ համայնքի սեփականություն հանդիսացող Գորիսի Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի 2-րդ հարկից 94, 3քմ ընդհանուր մակերեսով տարածքը 5 տարի ժամկետով, վարձակալությամբ տրվեց «Առանցք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի հիմնադիրը Առուշ Առուշանյանի հայրն է՝ Գագիկ Առուշանյանը։ Տարածքը չնայած նախկինում՝ 2018թ.-ին վարձակալությամբ տրվել էր «Ար-Գրուպ» ՍՊ ընկերությանը, բայց տարածքից հիմնականում օգտվում էր Երկրապահ կամավորականների միությունը։

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ ես ունեմ ջերմ հարաբերություններ, հետեւաբար, ես Երկրապահից չեմ կարող տարածք խլել: Առկա է օրենսդրական բաց, հաջորդ նիստում խնդիրը կլուծվի։ Տվյալ տարածքը կծառայի եւ՛ «Առանցք» ընկերությանը, եւ՛ ԵԿՄ-ին, երկուսն էլ կշահագործեն, հարկ եղած դեպքում՝ տարածքը կտրամադրվի նաեւ ԵԿՄ-ին, մասնավորապես, ԵԿՄ նախագահին՝ Սասուն Միքայելյանին»,-նշել է Առուշ Առուշանանը՝ շեշտելով, որ չի ցանկանա, որպեսզի հարցը «ինչ-որ քաղաքական շահարկումների թեմա դառնա»։ «Մեր մեջ երբեւէ քաղաքական մոտեցումների խնդիր չի եղել, չկա եւ կարծում եմ՝ չի լինի: Մեր մոտեցումը՝ մեր երկիրը պահելն է, հետեւաբար այդ խոսակցություններն անլուրջ են»,- ավագանու անդամներին պարզաբանել է Գորիսի համայնքապետը։

Իսկ ավագանու արտահերթ նիստի օրակարգում ընդամենը երկու հարց էր ընդգրկված՝ Գորիս համայնքի 2022թ.-ի բյուջեի կատարման առաջին եռամսյակի ընթացքի մասին եւ ՀՀ պետբյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով՝ 2022թ.-ի ծրագրային հայտեր ներկայացնելու համաձայնություն տալու մասին։

Ավագանու հերթական նիստը նախատեսված է մայիսի 5-ին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930