Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նստենք տանը և զբաղվենք ընդամենը ստատուսներ գրելով, ոչ մի բան չի լինելու»․ Արսեն Գրիգորյանը (Մրո)՝ Ազատության հրապարակում

Ապրիլ 21,2022 23:35

«Կեցցենք բոլորս, որ ես-ը թողած մենք-ով ենք տառապում։ Առանց դրա մենք չենք կարող որևէ բանի հասնել»,- Ազատության հրապարակում 5165 շարժման հրավիրած հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո)։

Նա նշեց՝ շատերն են հարցնում՝ ո՞ւր են երգիչները, ո՞ւր են արտիստները, որտե՞ղ են մնացած մշակույթի և արվեստի գործիչները։ Այս առիթով ասաց․ «Պիտի ասեմ, որ շատերը անընդհատ հանդիպումների ժամանակ դժգոհություն են հայտնում, թե սա ի՞նչ դարձավ, մենք մեր երկիրն ենք կորցնում, մեր ինքնությունն ենք կորցնում, ո՞ւր հասանք, որտե՞ղ էինք։ Հիմա դիմում եմ ձեզ՝ այ, եկեք միասին պայքարենք, որպեսզի չկորչի մեր պետությունը, չկորչի մեր ինքնությունը»։

Նա վստահեցրեց՝ ոչ ոք մեր փոխարեն չի պայքարելու․ «Եթե նստենք տանը և զբաղվենք ընդամենը ստատուսներ գրելով, ոչ մի բան չի լինելու։ Դուրս եկեք ֆեյսբուքից, ինստագրամից, եկեք հողի վրա, մեր վերաբերմունքը ցույց տանք, մեր արժևորումը ցույց տան մեր երկրին, մեր երկրի համար զոհված մեր տղերքին։ Եկեք, սա քաղաքական խնդիր չէ, հազար անգամ ասել եմ, էլի եմ ասում՝ ես ի՞նչ քաղաքական գործիչ։ Սա ազգի խնդիրն է։ Սա բոլորիս է վերաբերում, ամբողջ աշխարհի հայությանն է վերաբերում։ Ձեր ոգևորվածությունը բերեք այստեղ, բերեք իրար ձեռք ձեռքի տանք և ցույց տանք, թե ով է հայրենիք սիրում։ Եվ որ մի քանի օր առաջ ինչ- որ մեկն ասում էր՝ դրանք ի՞նչ հայրենասերներ, ես ասում եմ՝  մենք ենք հայրենասերները, մենք սիրում ենք մեր հայրենիքը և մենք սիրում ենք մեր տեսակը։ Ոչ ոք չի կարող դնել կասկածի տակ մեր հայրենասիրությունը։ Սա մեր տունն է, այս տունը մեր վարկն է պաշտպանել, մեր հայի ինքնությունը, որ հինգ հազար տուրուց ավելի գոյություն ունի և արարում է և ամբողջ աշխարհի զարդն է դարձել։ Մեզ մի իջեցրեք, մենք բարձր ենք ու բարձր ենք լինելու։ Ուզում եմ բոլորիս ասել՝ մի կորցրեք հույսը, հույսը այստեղ՝ Ազատության հրապարակում է, հույսն ամեն տեղ է, հույսը աշխարհում ամեն տեղ է։ Որտեղ հայ կա, հույս կա, որովհետև մենք արդար ենք, մեր պահանջն արդար է։ Այո, ծափահարեք և բարձր ծափահարեք, քանի որ այս ծափահարությունները հայինն են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930