Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«2020թ. դեկտեմբերին, երբ ավելի քան 50 հոգու քաղաքական որոշմամբ զրկել են հանապազօրյա հացից, երկիրը պակաս ճակատագրական օրեր չէր ապրում». Անուշ Դոլուխանյան

Ապրիլ 21,2022 23:25

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Դատարանին ուղղված աշխատանքային իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին իմ հայցադիմումը’ ընդդեմ ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակի։

ԱՀ Նախագահի 2020 թվականի նոյեմբերի 16-ի հրամանագրով Սամվել Բաբայանը, համաձայն իր դիմումի, ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, իսկ նույն թվականի դեկտեմբերի 2-ի հրամանագրով նույն պաշտոնում նշանակվել է Վիտալի Բալասանյանը։

2020թ. դեկտեմբերի 4-ին ԱԽ գրասենյակի աշխատակազմը, այդ թվում՝ ես, տեղեկացվել ենք, որ նորանշանակ քարտուղար Վ. Բալասանյանը հրաժարվում է աշխատանքային հարաբերություններ ունենալ նախկին քարտուղար Ս. Բաբայանի օրոք ձևավորված աշխատակազմի հետ, ուստի 2020 թվականի դեկտեմբերի 7-ից աշխատակիցները համարվում են աշխատանքից ազատված:

Կառուցվածքային փոփոխությունների և հաստիքների կրճատման փաթեթավորմամբ ԱԽ գրասենյակի ողջ անձնակազմը քաղաքական հայացքների խտրականության հիմքով ազատվել է աշխատանքից, մինչդեռ որպես այդպիսին աշխատանքից ազատելու հրաման մեզ չի տրամադրվել։ Հրամանի մեկ օրինակը անգամ փաստաբանական հարցմամբ չտրամադրելու դիրքորոշման հիմքում ԱԽ գրասենյակի լիազոր անձինք դրել են նշված փաստաթղթում առկա տվյալների՝ զբաղեցրած հաստիքների գաղտնի լինելը։ Այլ կերպ ասած՝ ԱԽ գրասենյակը կարծել է, որ ի զորու է իբր թե գաղտնիք հանդիսացող աշխատանքից ազատելու հրամանը գաղտնի պահել նաև իր հասցեատիրոջ՝ աշխատողի համար։ Աշխատանքից ազատվելու հրաման չտրամադրելով հանդերձ, ԱԽ գրասենյակի աշխատակազմից պահանջել են հանձնել աշխատասենյակների բանալիները և արգելել այդուհետ ներկայանալ աշխատանքի։

Ընդամենը օրեր անց գրասենյակի իբր թե կրճատված անձնակազմը ամբողջությամբ համալրվել է նույն գործառույթներով, սակայն արդեն վերանվանված հաստիքներով։

Նախքան դատական պաշտպանություն հայցելը, ԱԽ գրասենյակի աշխատակազմը դիմել էր Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին, ում  կողմից արձանագրվել էին նշված հարցում մեր նկատմամբ թույլ տրված մի շարք խախտումներ, սակայն ԱԽ գրասենյակը հրաժարվել էր ի կատար ածել ՄԻՊ-ի կողմից իրենց ուղղված առաջարկը՝ աշխատանքային իրավունքների խախտումները վերացնելու բովանդակությամբ։

Նշվածի համատեքստում դիմել ենք փաստաբանի և հրամանի իրավաչափության վիճարկման հնարավորություն չունենալու պայմաններում հայցել դատական պաշտպանություն՝ ուժի մեջ չմտած առոչինչ անհատական իրավական ակտի հետևանքները չկիրառելուն պարտավորեցնելու պահանջով։

Օրերս ԱՀ ԸԻ դատարանը հրապարակեց վճիռը՝ ներկայաված հայցերից բավարարելով իմ հայցը։ Դատարանն իրավացիորեն արձանագրեց, որ քանի դեռ աշխատանքից ազատելու հրամանի մեկ օրինակն օրենքով սահմանված կարգով չի հանձնվել աշխատողին, ուրեմն նման իրավական ակտը առոչինչ է և չի կարող հանգեցնել որևէ հետևանքի։

Ստորև հրապարակում եմ Դատական ակտի ներածական և եզրափակիչ մասերը, որոնց բովանդակությունը բավարար է արձանագրելու այն պարզ իրականությունը, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահումն ու պաշտոնատար անձանց իրավաբանական անգրագիտությունը անհետևանք չեն մնում, ավելին’ բումերանգի էֆեկտ են ունենում։ Պետք է նաև շեշտեմ, որ նկարագրված ամենաթողության արդյունքում տուժում է Արցախի Հանրապետությունը, քանզի վճարման ենթակա գումարները կգանձվեն ոչ թե նույն անձանցից, այլ բյուջեի միջոցներից։

Այս ամենի համատեքստում ուզում եմ ընդգծել երիտասարդ, բայց սկզբունքային և խոստումնալից փաստաբան Ռոման Երիցյանի ներդրումն ու նվիրումը, որն արժանի է բարձր գնահատանքի։

Պակաս մասնագիտական սկզբունքայնություն չդրսևորվեց նաև ԱՀ ԸԻ առաջին ատյանի դատավոր Անատոլի Թադևոսյանի կողմից, ում թերևս շնորհակալ պիտի լինել այն բանի համար, որ վերահաստատեց, որ արդարադատությունը Արցախում չի մեռել։

Հ.Գ. Նրանք, ովքեր կմտածեն, թե մեր երկրի համար ճակատագրական շրջափուլում մանր-մունր աշխատանքային վեճերով ենք զբաղվում, թող չմոռանան, որ 2020թ. դեկտեմբերին, երբ ավելի քան 50 հոգու քաղաքական որոշմամբ զրկել են հանապազօրյա հացից, երկիրը պակաս ճակատագրական օրեր չէր ապրում։

Հ.Գ.Գ. Երկիրը նախևառաջ իրավունք հարգելով և օրենք պահպանելով են պահում։ Մնացածը մտավարժանք է։

Անուշ Դոլուխանյան, ԱԽ գրասենյակի վարչության նախկին պետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930