Լրահոս
Օրվա լրահոսը

Կանաչ դրախտավայր՝ Գյումրու քաղաքային աղբանոցի փոխարեն․ այն շուտով կոչնչացվի

Ապրիլ 21,2022 23:00

Գյումրու ծայրամասային «Մուշ -2» թաղամասում գտնվող քաղաքային աղբանոցը, որտեղ երբեմն հանցագործություններ են տեղի ունենում․ վերջերս 30-ամյա մի տղամարդու էին սպանել, երբեմն էլ շներն են մարդկանց վրա հարձակվում ու վնասում, շուտով կոչնչացնեն։

Նախ հարակից տարածքը կվերածեն կանաչ գոտու, իսկ փակվելուց հետո նաև աղբավայրի տարածքը։

Այս մասին այսօր մեզ հետ զրույցում ասաց «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրենի ժ/պ Արման Շաբոյանը։

Վերջինիս տեղեկացմամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գրություն է հղել Գյումրու համայնքապետարանին՝ առաջիկայում քաղաքային աղբանոցը փակելու անհրաժեշտության մասին ու նշել է, որ Շիրակի մարզի համար աղբանոց կկառուցվի նոր վայրում, որը կսպասարկի մարզի բոլոր համայնքներին։

Գյումրու քաղաքապետարանն էլ, որն այսօր մոտ 3000 ծառեր և թփեր է նվեր ստացել «ԷՅ Թի փի» բարեգործական հիմնադրամի կողմից, որոշել է աղբանոցի տարածքը վերածել կանաչ գոտու, այնտեղ տնկել հացենիներ, վայրի ծիրանենիներ, վայրի խնձորենիներ։

Համայնքապետարանն այդ ծառատեսակները որպես նվեր ստանալու է ամերիկյան բարեգործական «ԷՅ Թի Փի» բարեգործական հիմնադրամից, որի հետ համագործակցում է վաղուց։ Խոսքը հազար ծառի մասին է։

Ըստ Արման Շաբոյանի, մոտ օրերս կհարթեցնեն համաքաղաքային աղբանոցի հարակից տարածքում լցված շինարարական աղբը, դրանից հետո նոր միայն այդ ծառերը կբերեն Գյումրի։ Ծառերը մշտապես ջրելու համար կանցկացնեն նաև ոռոգման ջրագիծ։

«Մուշ թաղամասի ու աղբադաշտի միջակայքում մոտ 2 հեկտար անտառաշերտ ենք ստեղծելու, հետո ընդլայնելու հնարավորություն կունենանք։ Աղբադաշտը հետագայում կծածկենք, անտառի կվերածենք։ Ներկայումս այդ աղբավայրը նաև Գյումրու հարակից գյուղերին է ծառայում։

Նախկինում մաքրելով շինարարական աղբը՝ մի ծառուղի ստեղծել ենք, 500 հատ բարդի ենք տնկել։ Շատ լավ արդյունք տվեց, հիմա էլ այդ նույն փորձը հաշվի առնելով՝ կշարունակենք»,-ասաց Արման Շաբոյանը։

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու քաղաքապետարանն, այսօր 3000 թփեր նվեր ստանալով ամերիկյան բարեգործական հիմնադրամից, որոշել է այն տնկել Վարդանանց, Հայուհու, «Մուշ -2» թաղամասի հրապարակներում և « Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում։

Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ այսօր արդեն իսկ մեկնարկել են աշխատանքները «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում։

Գյումրու քաղաքային աղբանոցի լուսանկարը՝ Shantnews.am-ի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930