Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ-ից խոսում են լավ թուրքերի, ոսկե սարերի, լավ ու բարի Թուրքիայի մասին, որն իրականում գոյություն չունի»․ Ռուբեն Մելքոնյան

Ապրիլ 21,2022 19:55

«ՀՀ-ն երբեք դեմ չի եղել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն։ Հիմա կեղծ հակաքարոզչություն է տարվում, թե մենք դեմ ենք, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Պարզապես ՀՀ-ն երբեք կողմ չի եղել թուրքական խաղի կանոններով եւ նախապայմաններով հարաբերություններ հաստատելուն, որոնք ուղիղ առնչվում են մեր պետական եւ ազգային ինքնությանը, համազգային եւ համապետական կարմիր գծերից զիջում են ենթադրում»,-Ազատության հրապարակում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ ՀՀ-ն ու Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբման բողոքի գործողությունների ժամանակ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին հանրային քննարկման ընթացքում հայտարարեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նա շեշտեց․ «Թուրքիան էլ իր հերթին երբեք համաձայն չի եղել այլ ոճով ՀՀ-ի հետ հարաբերություններ հաստատել, եւ հիմա էլ այդ համոզմունքը չի փոխվել։ Երեսուն տարում մի շարք փորձեր են եղել ՀՀ-Թուրքիա հարաբերություններ հաստատելու։ Այս ժամանակաշրջանը՝ պատերազմից հետո, դիվանագիտական ամենավատ ստարտային պայմաններով, ամենաթույլ իշխանության, ոչ պրոֆեսիոնալ թիմով, միջազգային ոչ բարենպաստ վիճակում, ՀՀ-Թուրքիա հարաբերություններ հաստատելու համար ձեռնտո՞ւ է, իհարկե՝ ոչ։ Այսինքն, ՀՀ-ն ոչ թե նախաձեռնել է այս գործընթացը, այլ մեզ տանում են դրան։ Դիմադրողականության վերջին նշույլները ոչնչացվել են 2021թ․ հունիսի քսանին եւ ոչնչացվել են գիտակցաբար։ ՀՀ պատմության ամենավատ, ամենաանբարենպաստ ժամանակն է Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու, որոնք նուրբ եւ պրոֆեսիոնալ մոտեցումներ են պահանջում։ Դրանք բացակայում են ներկայիս պատասխանատուների մոտ»։

Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ թեեւ պաշտոնապես հայտարարվում է, որ ՀՀ-Թուրքիա երկխոսությունը շարունակվում է առանց նախապայմանների, իրականում ՀՀ-ին ներկայացված թուրքական նախապայմաններն օրակարգում են՝ ամենախիստ ոճով․ «Դրանք ավելանում են եւ ունեն ավելանալու միտումներ․ Արցախի հարցում ադրբեջանանպաստ լուծում, ցեղասպանության հարց, Թուրքիայի տարածքային ամբողջականության՝ Կարսի պայմանագրի ճանաչում։ Այս երեքը Թուրքիայի օրակարգում են։ Արցախի մի մեծ հատվածի օկուպացիայից հետո Թուրքիան հիմա պահանջում է, որ ՀՀ-ն պաշտոնապես, դե յուրե ճանաչի Արցախը որպես ադրբեջանական։ Արդյոք սա նույն նախապայմանը չէ՞։ Եթե նախկինում ասում էին, թե Արցախը վերադարձրեք, հիմա էլ ասում են, որ մնացած հատվածն էլ պետք է ճանաչեք Ադրբեջանի մաս, ինչից հետո կսկսեն հարաբերությունները։ Թուրքիայի նախագահն ու ԱԳ նախարարը դրա մասին քանիցս խոսել են։ Նախկինում Թուրքիան հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցումն էր պահանջում, հիմա ասում է՝ ՀՀ-ն պետք է դադարեցնի անցյալի հիման վրա թշնամանքի տարածումը։ Դա միայն հայոց ցեղասպանության եւ դրա բաց մնացած վերքի հիշողությունն է մեր մոտ։ Այսինքն, թուրքական նախապայմանը մնում է՝ ՀՀ-ն պետք է դադարեցնի ցեղասպանության միջազգային ճանաչումը»։

Մյուս կողմից, ինչպես Ռուբեն Մելքոնյանը նշեց, Իլհամ Ալիեւն իր հերթին ՀՀ-ից պահանջում է՝ եթե ՀՀ-ն ուզում է Թուրքիայի հետ հարաբերություններ ունենալ, ապա պետք է վերանայի  սահմանադրությունը․ «Նշյալ հարցը նաեւ իրավական ենթաշերտ ունի, որը վերաբերում է անկախության հռչակագրի կետին, ըստ որի՝ ՀՀ-ն հանձնառու է ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Երրորդ․ ՀՀ-ն երբեք տարածքային պահանջներ չի ունեցել Թուրքիայի հանդեպ, բայց Թուրքիայի պահանջն է ճանաչել Կարսի պայմանագիրը, եւ սա օրակարգում է։ Նախապայմաններից հետընթաց չկա։ Երբ հանրությանը ներկայացնում են, թե առանց նախապայմանների հարաբերությունների են գնում, դա սուտ է, կեղծիք եւ չունի հիմնավորում։ Մեկ այլ թեզ էլ կա «դրական ազդակների» մասին։ Իշխանությունը պնդում է, թե նման ազդակներ է ստանում Թուրքիայից։ Հանրությանը որպես մասնագետ ասեմ։ Թուրքագետների մեծամասնությունը կամ նրանք, ովքեր իրավունք ունեն թուրքագետ կոչվելու, որեւէ դրական ուղերձ չեն տեսնում։ Դա նույնն է, որ բժիշկն ասի՝ հիվանդի մոտ դրական առաջընթաց չի տեսնում, իսկ հիվանդանոցի պահակն ասի՝ տեսնում է»։

Ռուբեն Մելքոնյանը նաեւ ընդգծեց՝ նշյալի հեղինակը թշնամի պետությունն է, բայց մեծագույն ողբերգություն է, որ ՀՀ ԱԺ ամբիոնից տարատեսակ վտանգավոր թեզեր են հնչում, որոնք միտված են ՀՀ ժողովրդի զգոնությունը թուլացնելուն, ներկայացնելուն երեւակայական լավ Թուրքիա, որն իրականում գոյություն չունի․ «Նման թեզերը հիմնված են նաեւ իշխանամերձ որոշ հետազոտությունների վրա ցավոք։ Հանրությունը «կրակահերթի» ներքո է՝ մեկը թշնամի պետությունից, մյուսը՝ ներսից»։ Հարցին՝ ձեզ որպես մասնագետի, ԱԳՆ-ն զրույցի կամ քննարկման հրավիրե՞լ է այս գործընթացի հետ կապված։ Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց․ «Ոչ, եւ դրա համար երջանիկ եմ։ Այս ուժի ներկայացուցիչների հետ ՀՀ շահերը քննարկելու պատրաստակամություն չունեմ, որովհետեւ չեմ կարող քննարկել մի ուժի ներկայացուցիչների հետ, որոնք այդ շահերը չորս տարի ոտնահարել եւ կործանել են, որոնք ԱԺ-ից խոսում են լավ թուրքերի, հայկական ինքնությունից թուրքատյացությունը հանելու մասին, Թուրքիայի հետ հարաբերություններից սպասվող ոսկե սարերի մասին, որոնք ոտնահարում են ազգի, պետականության, պատմության կարմիր գծերը։ Փորձագետների հետ հանդիպումներ եթե անգամ լինում են, ապա դրանք ձեւի համար են, ոչ թե բովանդակության։ Մենք՝ որպես մասնագետներ, ունենք մասնագիտական իմացություն եւ գիտելիք ու իրավունք չունենք մեղանչել մեր մասնագիտական խղճի հանդեպ եւ ժողովրդին ներկայացնել սուտ տեղեկություն՝ մի Թուրքիա, որն ըստ իշխող ուժի՝ շատ լավն ու բարի է, բայց իրականում գոյություն չունի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930