Լրահոս
Օրվա լրահոսը

«Խզմալյան, չե՞ս ամաչում». երկու ցույց ՌԴ դեսպանատան մոտ

Ապրիլ 21,2022 19:40

Հայաստանի եւ ԵՄ դրոշներով ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցող՝ «Ոչ մերօրյա Ցեղասպանությանը», խորագրով ցույցի ժամանակ այսօր միջադեպ եղավ. մի երիտասարդ մոտեցավ ցույցի կազմակերպիչներին եւ դիմելով Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին՝ ասաց. «Էս ի՜նչ ես անում, դավաճան»: Ոստիկաններն արագ շրջափակեցին ցույցի կազմակերպիչներին եւ երիտասարդին. վերջինիս հեռացրին՝ թույլ չտալով նրան մոտենալ Տիգրան Խզմալյանին: Զուգահեռաբար նաեւ վանկարկումներ էին լսվում՝ «Խզմալյան, ս..տիր», «Խզմալյան, չե՞ս ամաչում» եւ այլն: Տիգրան Խզմալյանն էլ իր հասցեին վանկարկումներին հակադարձում էր՝ «թուրքերենից բացի լեզու չգիտե՞ք»:

Տիգրան Խզմալյանն իր թիմակիցների հետ եկել էր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ՝ ասելու, որ ՌԴ-ն այժմ ուկրաինացիների ցեղասպանություն է իրականացնում, ճիշտ այնպես, ինչպես 100 տարի առաջ քեմալական Թուրքիայի հետ սովետական Ռուսաստանը իրականացրեց հայերի ցեղասպանություն: «Մինչ հայերի ցեղասպանության հիշատակի խնկարկումը, եկել ենք ասելու աշխարհին, որ մենք տեսնում ենք ուկրաինացիների ցեղասպանությունը եւ համերաշխություն են հայտնում նրան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանը:

«Խղճում եմ, որ մարդիկ, ովքեր չեն հասկանում ուրիշի ցավը, ուզում են, որ ուրիշները հասկանան մեր ցավը: Կարծում եմ, որ մենք պետք է լինենք պատմության ճիշտ կողմի վրա: Կարծում եմ, որ մենք այսօր ցույց ենք տալիս համերաշխություն ոչ միայն Ուկրաինային, այլ ողջ քաղաքակիրթ աշխարհին: Ցեղասպանության մասին խոսում են եւ ԱՄՆ-ը, եւ ԵՄ-ն եւ շատ կարեւոր է, որ հանուն ապագայի, հանուն Արցախի՝ հայերը այսօր լինեն այստեղ՝ քաղաքակիրթ աշխարհի, քաղաքակիրթ մարդկության հետ»,- ասաց Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով հակընդեմ ցույցին եւ հայտարարելով. «Մարդիկ, ովքեր թողել են Արցախը, փախել են Արցախից, ինձ՝ պատերազմի մասնակցին, մեղադրում են, որ մենք ենք ինչ-որ բան դավաճանում: Մենք չենք նահանջել ոչ մի քայլ, իսկ մարդիկ, ովքեր թողել են Շուշին, հիմա փորձում են Արցախը փրկել Երեւանի կենտրոնում. դա ծիծաղելի է»: Հակընդեմ ցույցի կազմակերպիչն, ըստ Տիգրան Խզմալյանի, ՌԴ-ն է, որ զավթել է մեր երկիրը 1920 թվականին, վերազավթել է Ադրբեջանի հետ 2020-ին եւ որը, շարունակում է այդ զավթումը:

Հակընդեմ ցույցի մասնակիցները Հայաստանի եւ Արցախի դրոշներով էին: Տիգրան Խզմալյանն ասաց, որ ամաչում է, որ այն դրոշի տակ, որի համար զոհվել են իր ընկերները, այսօր այդ մարդիկ են կանգնած:

Տիգրան Խզմալյանն ասաց նաեւ, որ իր կողքին այսօր կանգնած են ՌԴ-ից եկած մարդիկ՝ «Մեմորիալ» կազմակերպության անդամները:

Իր բնութագրմամբ, Հայաստանն այսօր պատանդի կարգավիճակում է, Նիկոլ Փաշինյանի այցն էլ ՌԴ՝ պատանդի այց է, ինչը նաեւ Կիեւում հասկացան՝ դատելով պաշտոնական հայտարարությունից, հասկանում են ԱՄՆ-ում, Եվրոպայում. «Ես կարծում եմ, որ մեր խղճուկ վիճակը շուտով կթեթեւանա, որովհետեւ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանը միանա քաղաքակիրթ աշխարհին, ժողովրդավարական աշխարհին»:

Ավելի ուշ՝ «Ոչ մերօրյա Ցեղասպանությանը» ցույցի մասնակիցները երթով անցան Երեւանի փողոցներով՝ վանկարկելով՝ «Ոչ պատերազմին», «Ոչ Ցեղասպանությանը»: Երթն ավարտվեց Ֆիտիոֆ Նանսենի հուշարձանի մոտ՝ ցույցով: Երթի ավարտի վայրը պատահական չէր ընտրված: Տիգրան Խզմալյանը հիշեցրեց, որ 1920-21 թվականներին Ֆիտիոֆ Նանսենը ոչ միայն հայերի, այլ մոտ կես միլիոն ռուսների կյանք է փրկել, նրանց ապաստան, հաց եւ ապրելու հնարավորություն տալով: Ցույցն ավարտվեց՝ «հանուն մեր եւ ձեր ազատության» վանկարկումներով: Հաջորդ ցույցը եւ երթը կլինի ապրիլի 24-ին՝ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930