Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին կդարձնեն լուսանկարվելու քաղաք․ փոխքաղաքապետը՝ յուրահատուկ դիզայնով կանաչապատման մասին

Ապրիլ 21,2022 19:07

Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ  զբոսաշրջային քաղաքը պիտի ունենա յուրահատուկ դիզայնով կանաչապատում, այս ուղղությամբ սկսել են ակտիվ աշխատանքներ տանել։

Նա տեղեկացրեց, որ երկար պրպտումներից հետո գտել են այս ոլորտում  16 տարի շարունակ գործունեություն ծավալող ընկերության, որի հետ էլ սկսել են նախնական համագործակցությունը։

Ըստ փոխքաղաքապետի, այդ ընկերությունը կանաչապատել է նաև Բաղրամյան 26-ի, Ազգային ժողովի,շատ ու շատ դեսպանատների տարածքներ։

«Իրենց առջև խնդիր ենք դրել ՝ ոչ միայն կանաչապատել, այլ ամբողջությամբ ուսումնասիրել հողի որակը, հողում օրգանական նյութերի քանակը, ներդնել  կաթիլային ոռոգման համակարգ, հետազոտել բնակլիմայական պայմանները։ Նրանց գործառույթների մեջ պիտի մտնի նաև բույսերի ընտրությունը, բուժումը և լանդշաֆտային դիզայնը, վերջնական ձևավորումը և մեր մասնագետների վերապատրաստումը, որպեսզի կարողանան խնամք տանել։

Նրանց առջև նաև խնդիր է դրվել՝  այնպիսի դիզայն ստանան, որ  զբոսաշրջիկը  հատուկ գա Գյումրի, կանաչ տարածքների մոտ նկարվի ու գնա։ Գիտեք, որ  Գյումրու կենտրոնական հրապարակում՝ «Յոթվերք» եկեղեցու մոտ, կամ  Ալեքսանդրովսկի փողոցում լուսանկարվելն ու ինստագրամում տեղադրելը թրենդ  է դառնում»,-ասաց փոխքաղաքապետը։

Մեր  ճշտող հարցին ՝ դուք միայն քաղաքի կենտրոնական հատվածներ եք ներառե՞լ,  ստացվում է, որ Գյումրին միայն կենտրոնում է, ծայրամաս՝ որպես այդպիսին չկա, փոխքաղաքապետը պատասխանեց, որ Գյումրիի սահմանները միայն Կումայրի արգելոց- թանգարանով չեն սահմանափակվում։

«Շատ եմ հանդիպում ֆեյսբուքում, որ Անի  կամ Բուլվարային թաղամասում բնակվող մեր համաքաղաքացիները ֆեյսբուքում գրառումներ են անում, թե մեր հատվածները չեք նայում։ Անի թաղամասում հիմա  ջրագծերն են փոխում, ինչքանո՞վ  ճիշտ կհամարեն մեր քաղաքացիները, որ դեռ այդ ցեխերի մեջ, դեռ չասֆալտապատած փողոցների վրա տանենք ծաղիկ աճեցնենք։

Կանաչապատման համար միայն կենտրոնը չի ընտրվել, ամբողջ քաղաքն է մեզ համար թիրախ, քաղաք մտնողը կտեսնի, որ Ստրոմմաշի ասֆալտն ենք արել, լուսավորությունն ենք փոխել, բայց այդ մայթի ու փողոցի արանքում կանաչապատում չկա,  այդ հատվածի էսթետիկ տեսքը չես ունենում։

Մեր համար առաջնային է ամբողջ քաղաքի կանաչապատումը, բայց քանի որ մենք չգիտենք՝ հիմա ինչ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ այդ ամենի համար, ինչքան գումար կկարողանանք դոնորներից բերել,  ինչքանը՝ համայնքի բյուջեից տրամադրել, դրա համար պիլոտային ծրագրի մեջ ներառել ենք Վարդանանց հրապարակը, Ռիժկովի ճեմափողոցը, Թատերական հրապարակը, Սայաթ-Նովա փողոցը։

Եվ  նաև շատ կարևոր է Տիգրան Մեծ փողոցը, որը շատ գեղեցիկ սարքվել է, այգին է  նաև սարքվելու, կայարանամերձ հրապարակն է սարքվելու։ Կանաչապատման ծրագիրը ողջ քաղաքի համար է»,-ասում է փոխքաղաքապետը։

Նրա համոզմամբ,  ասֆալտապատման ենթակա 20-30  փողոցից կարելի է մի նրբանցք չասֆալտապատել ու այդ գումարը տրամադրել  այլ խնդիրների լուծման համար, օրինակ՝ կանաչապատմանը։

«Գուցե բնակիչները, որոնք դժգոհում են քիչ ասֆալտապատումից,  հիմա ասեն՝ ինչ է խոսում, բայց ես կասեմ՝ միայն ասֆալտով չէ քաղաքը, քաղաքը պիտի քաղաք դառնա»։

Դավիթ Առուշանյանը նաև ասաց, որ կանաչապատ տարածքների մեջ մտնելու են նաև լուսային էֆեկտները, արհեստական դեկորների ու նստարանների, ծաղկամանների տեղադրումը։

Փոխքաղաքապետը նկատում է, որ Գյումրու պատմական երկու փողոցները՝ Ռուսթավելու և Շիրազի անվան փողոցները, որտեղ զբոսաշրջիկների պակաս չկա, չունեն կանաչապատ տարածքներ։

Ի դեպ, նա նաև նշում է, որ Գյումրին ոռոգման համակարգ չունի, սովետական ժամանակաշրջանում 200 կիլոմետրից ավելի ոռոգման համակարգ է ունեցել, բայց այսօր խնդիր է սա, և ինչքան էլ համայնքապետարանի կոմունալ բաժինը գեղեցիկ ծաղիկներ, վարդեր աճեցնի, գազոններ տեղադրի, դրանք ջրցանով  կամ հրշեջ մեքենաների հաստ խողովակով ջրելը օգուտ չի տալու։

Նշենք, որ այսօր Գյումրին մոտ 3000 ծառեր և թփեր է նվեր ստացել «ԷՅ Թի փի» բարեգործական հիմնադրամի կողմից, որոնք տնկվելու են Գյումրու Վարդանանց, Հայուհու, «Մուշ-2» թաղամասի հրապարակներում և Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում։  Այսօր սկսվել են աշխատանքները Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում։ Այս մասին մեզ տեղեկացրեց «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրենի ժ/պ Արման Շաբոյանը։

Այս մասին քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930