Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են ապրիլի 24-ից հետո արեք․ վախենում են, որ իրենց թուրք գործընկերները կզայրանան»․ Գեղամ Մանուկյան

Ապրիլ 21,2022 18:09

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն օրեր առաջ մշակել էր ՀՀ-Թուրքիա հարաբերությունների հետ կապված հայտարարություն, եւ խորհրդարանում մտադիր էր նույն թեմայով հանրային սլումներ իրականացնել, որոնք, սակայն, չէին կայացել՝ տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ։ Ազատության հրապարակում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ ՀՀ-ն ու Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբման բողոքի գործողությունների ժամանակ քաղաքացիների հետ քննարկում էր կազմակերպվել, որի ժամանակ էլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնեց՝ ԱԺ-ին պետք է առաջարկեին ընդունել այդ հայտարարությունը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների ներկայիս բանակցային գործընթացի մասին։

«ԱԺ-ում այսօր պետք է լսումներ լինեին, մոտ հարյուր մասնագետներ, պատմաբաններ եւ թուրքագետներ պետք է գային, սակայն վերջին պահին ԱԺ ղեկավարությունն ինչ-որ տեխնիկական պատճառաբանությամբ հրաժարվեց դահլիճ տրամադրել՝ խախտելով բոլոր օրենքները։ Առաջարկում են ապրիլի 24-ից հետո անել։ Թերեւս վախենում են, որ իրենց թուրք գործընկերները շատ կզայրանան, որ ԱԺ-ում նման հարցեր քննարկվեն», – շեշտեց Գեղամ Մանուկյանը։ Նա վստահեցրեց, որ լսումներն, այնուամենայնիվ, առաջիկայում կազմակերպվելու են։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ ասաց՝ ԱԺ ղեկավարության նշյալ պարզաբանումը ծիծաղելի է․ «Ստացվում է, որ «տեխնիկական պատճառներով» օրենք են խախտում։ Ադրբեջանն ու Թուրքիան հստակ հակահայկական ծրագրեր ու պահանջներ ունեն, եւ դրանց ադեկվատ չարձագանքելը, կարմիր գծերը չգծելը նշանակում է սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի ջանքերը։ Նման ապօրինի կերպով մեզ խոչընդոտելով՝ այս բացահայտումը եւս արեցին։ Մենք, միեւնույնն է, լսումներն անելու ենք եկող շաբաթ»։

Արմեն Ռուստամյանն ընդգծեց՝ հայ-թուրքական հարաբերությունները համահայկական նշանակություն ունեն, այն արդիական օրակարգ է, եւ որեւէ իշխանություն իրավունք չունի զիջումների գնալով՝ հայ-թուրքական հաշտություն կնքել առանց կարմիր գծերը պահելու․ «Սրա մասին էր մեր հայտարարությունը, եւ մենք այն լրամշակելու ենք նաեւ մասնագետների միջոցով։ Վաղն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստ են անում եւ նպատակ ունեն տապալել լրամշակումը։ Մենք, միեւնույնն է, լրամշակելու ենք, որից հետո կազմակերպելու ենք լսումները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930