Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. Եթե այդքան լավ է Ադրբեջանի կազմում լինելն ու ապրելը, ձեր ընտանիքներով գնացե՛ք ու Ադրբեջանում ապրե՛ք, մենք էլ կնայենք

Ապրիլ 21,2022 18:05

Այսօր ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը «Հայելի» ակումբում ասաց. «Մեր ժողովրդի դուրը գալիս է «խաղաղություն» բառը, բայց խաղաղությունը երբեք ուզելով կամ մուրալով չի: Միակողմանի ցանկությամբ խաղաղություն չի լինում: Խաղաղությունը լինում է, երբ դու ուժեղ ես»: Նրա խոսքով, վերջին 30 տարվա խաղաղությունը դրա վկայությունն է. «Վերջին 30 տարում եղել է ռազմաքաղաքական հավասարակշռություն: 2018-ից հետո մասնավորապես՝ քաղաքական բաղադրիչը խախտվեց, ի չիք դարձավ, հասցրին նաեւ կազմաքանդել ու բարոյալքել բանակը, եւ արդյունքը եղավ պատերազմը»:

Պարոն Նիկոյանին զայրացնում է, որ այսօր բանակից խոսում են այնպիսի մարդիկ, որոնք «ոչինչ չեն հասկանում բանակից կամ ընդհանրապես տեղեկացված չեն»:

«Որեւէ մեկը կարո՞ղ է հասկանալ, որ փոքր Հայաստանը իր նվազ ռեսուրսներով ուներ այնքան տանկ, որքան՝ Ադրբեջանը, եւ Ալիեւն առանց «խոդի տալու» տեղում կանգնած այդքան տանկերը վերցրեց: Ալիեւն էլ էր զարմացել ու հարց հնչեցրել՝ որտեղի՞ց Հայաստանին այդքան տանկ: Բա ասում էին՝ բանակը թալանել են, ես էլ հարց եմ տալիս՝ որտեղի՞ց Հայաստանին այդքան տանկ», – ասաց ԱԺ նախկին նախագահը:

Ըստ Սամվել Նիկոյանի՝ հայտնի խոսք կա՝ խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի. «Եթե դու պատերազմից փախչում ես, այն ինչն այսօր անում են այս իշխանությունները, պատերազմը քո հետեւից գալիս է քո տուն: Նույնիսկ կենդանական աշխարհում յուրաքանչյուր կենդանի իր կենսատարածքի համար կռիվ է տալիս: Մեր ազգի գոյատեւման համար առաջին պայմանը կենսատարածքն է: Մենք 90-ականներին կարողացել ենք ազատագրել մեր հսկայական կենսատարածքից մի մասնիկ, սակայն այն կորցրինք: Ամբողջ աշխարհն ասում է՝ Ղարաբաղով ու բանակով դուք ուրիշ պետություն էիք, առանց Ղարաբաղի եւ բանակի՝ այլ եք»:

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հայտարարությանը, որ Արցախը պետք է Ադրբեջանի կազմում լինի, Սամվել Նիկոյանն ասաց՝ եթե այդքան լավ է Ադրբեջանի կազմում լինելն ու ապրելը, ձեր ընտանիքներով գնացե՛ք ու Ադրբեջանում ապրե՛ք, մենք էլ կնայենք:

«Յուրաքանչյուր պետություն ունի իր հենասյուները, ուզո՞ւմ ես քանդել պետությունը կտրիր այդ հենասյուները: Մեր պետության համար առաջին հենասյուները հաղթանակած բանակն ու գեներալներն են: Իր պետության համար կռվող ազգին գնահատում են բոլորը:
Իրենց համար հայրենիքը սահմանափակվում է կառավարություն, Ազգային ժողով եւ կառավարական «դաչաներով»: Եվ մի քանի հոգու համար էլ՝ բիզնես տարածքներ Երեւանում», – ասաց պարոն Նիկոյանը:

Նրա համոզմամբ, այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը ազգը պետք է հավաքվի, միաբանվի բռունցք դառնա ու փորձի իր կռիվը տալ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930