Առողջապահության նախարարության հետ քննարկվում է կալանավորների տեսակցության կարգի մեղմացում՝ կապված կորոնավիրուսի համավարակի նվազման հետ. ՊՇՌ թեսթի պարտադիր պահանջը կհանվի։
«Արդյոք վտանգ չկա՞, որ ինքնախեղման, ինքնախոշտանգման դեպքերը շեշտակի աճ կունենան եւ մարդիկ, իրենց պատիժը կրելու ընթացքում, մեծ մասը կանցկացնեն ՔԿՀ-ների բուժհաստատությունում: Էդ ձեւերն իրենք շատ լավ գիտեն՝ ոնց են անում: Չմոռանանք, որ զինծառայության մեջ ինքնախեղումը քրեորեն պատժելի արարք է: Քրեակատարողական հիմնարկում, կարծում եմ, սա գոնե պետք է դիտարկվի կարգապահական խախտում՝ անկախ նրանից, թե միջազգային չգիտեմ ինչ պրակտիկա կա»,- ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանին հարց ուղղեց իշխող ուժը ներկայացնող պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում: Այս փոփոխություններով կալանավորված եւ ձերբակալված անձանց համար մի շարք մեղմացումներ է ենթադրվում՝ հղում անելով միջազգային փորձին:
Փոխնախարարն ասաց, որ զինծառայության հետ զուգահեռները տեղին չեն, քանի որ եթե առաջին դեպքում նպատակը հետագայում զինծառայությունից խուսափելն է, այս պարագայում՝ իր վրա ուշադրություն հրավիրելը, քանի որ ինքնավնասման դեպքեր հիմնականում լինում են, երբ պատժի կրումն է երկարացվում կամ վաղաժամկետ ազատումն է մերժվում եւ այդ կերպ կալանավորները փորձում են դատախազներին ու քննիչներին հրավիրել ՔԿՀ՝ հասկանալու համար, թե որքանով է հնարավոր չերկարաձգելը կամ այլ խափանման միջոցով փոխարինելը: Միտումն այն է, ըստ փոխնախարարի, որ այդ մարդկանց հետ փորձեն հոգեբանական աշխատանք տանել, ոչ թե ավելի սրել իրավիճակը:
Կարդացեք նաև
Արմեն Խաչատրյանը մնաց իր համոզմանը՝ բացի այն, որ կարգապահական խախտում չի դիտարկվում, այլ մի բան էլ պետությունն իր վրա է վերցնում սոցիալական աջակցության պարտավորություն, ինքնախեղումները հասնելու են առավելագույնի. «Բա դրանից լավ բա՞ն, սաղ օրը ինքնախեղում կանեն»:
Փոխնախարարն ասաց նաեւ, որ առողջապահության նախարարության հետ քննարկում են կալանավորների տեսակցության կարգի մեղմացում՝ կապված կորոնավիրուսի համավարակի նվազման հետ: Նա տեղեկացրեց, որ ՊՇՌ թեսթի պարտադիր պահանջը կհանվի:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ