Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկաններն եկան, ինչ ունեինք-չունեինք մի քանի ժամ տակնուվրա արեցին, է՛լ կռիշ, է՛լ հավաբուն, քիչ էր մնում հավերին էլ ստուգեին». Ցուցարար կապիտան Հարությունյան

Ապրիլ 21,2022 17:17

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ոստիկաններն այցելել են «Սեւ հովազ» ջոկատի երկու անդամների տուն՝ զենք-զինամթերքի խուզարկության պատրվակով:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված հերոս Ռուստամ Գասպարյանի հրամանատարությամբ գործող «Սեւ հովազ» ջոկատի անդամները, այդ թվում՝ «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, Արցախյան ազատագրական պայքարի մասնակից Սերոբ Գասպարյանն ու նրա աջակիցներն արդեն քանի օր է՝ Ազատության հրապարակում ցույց են անում:

Aravot.am-ը զրուցեց «Սեւ հովազ» ջոկատի անդամ, պատերազմների մասնակից, կապիտան Վաչիկ Հարությունյանի հետ, որին այսօր ոստիկանները անակնկալի էին բերել. «Առավոտ շուտ դուռը թխկացնում են, բացեցի, մի 10 հոգի քաղաքացիական հագուստով ներկայացան, որ ոստիկաններ են, փաստաթղթերը ցույց տվեցին, ասացին՝ ձեր տունը, հողամասը, տարածքը խուզարկելու ենք: Որոշում ունեին, ցույց տվեցին, իսկականից զենք-զինամթերք փնտրելու համար էին եկել: Դե պարզ էր ինչի համար են անում: Հիմա բողոքի ակցիաների ենք իշխանությունների դեմ, որովհետեւ Ղարաբաղի մասին այնպես անորոշ ձեւով են խոսում, ոնց որ ինքը Պակիստանի վարչապետն է ու Հայաստանի շահերը չի պաշտպանում: Հանուն դրա այսօր գալիս ենք, խաղաղ ձեւով մեր բողոքն ենք արտահայտում: Ոստիկաններն եկան, ինչ ունեինք, չունեինք, մի քանի ժամ տակնուվրա արեցին, իրենք էլ թոզոտ, փոշոտ, է՛լ կռիշ, է՛լ հավաբուն, քիչ էր մնում հավերին էլ ստուգեին: Վերջում էլ գրեցին, որ ոչինչ չի հայտնաբերվել՝ հեռացան»:

Հարցին՝ ի՞նչ նպատակ էի այդ գործողությունները հետապնդում ձեր գնահատմամբ, ուզում էին ձեզ վախեցնե՞լ, լռեցնե՞լ՝ նա պատասխանեց. «Ես առաջ էլ բողոքի ակցիաների համար ձերբակալվել եմ, ծանոթ էր՝ ինչի համար է: Բնական է, մեր տունն ի՞նչ պետք է փնտրեն։ Իմ երեխեքը սովորում են, երկուսն էլ պատերազմի մասնակիցներ են, իմ հետ են եղել սահմանում: Իրենք նախազգուշացնում են, որ իբր խելոք մնացեք: Երեւի չեն ճանաչում, թուրքի ձեւով են մտածում: Ի՞նչ եք ուզում, խաղաղ ակցիա ենք անում, ի՞նչ կա մեր տունը: Խի ես պոստերից զենք-զինամթե՞րք եմ բերելու, ընդհակառակը, ես եմ մարդկանց ասում, որ հանկարծ մի փամփուշտ էլ տուն չտանեն, որովհետեւ սահմանից փամփուշտ էլ տուն տանելը ստորություն է»:

Ըստ Վաչիկ Հարությունյանի, իշխանությունները այս քայլով միայն իրենց չէ, իր ընկերներին էլ են նախազգուշացնում, որ «խելոք մնացեք». «Այսօր խելոք մնալու ժամանակ չի, երկիր ենք կորցնում: Կարող է ժամանակի մեջ Երեւանն էլ կորցնենք: Ղարաբաղ կորցնելով՝ մենք մեզ ենք կորցնում, մեր ինքնությունն ենք կորցնում ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ ուրիշ ազգերի մոտ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930