Լրահոս
Օրվա լրահոսը

«Իհարկե, մի վայրկյանում»․ Վանեցյանի արձագանքը հարցին՝ հրաժարական կտա՞, եթե պահանջեն Արցախի կարգավիճակի նշաձող իջեցնել

Ապրիլ 21,2022 17:09

«Հարցը, որ տալիս եք, իշխանության լարած ծուղակն է, որ մարդիկ ասեն՝ եթե իշխանությունը հանձնող է, բա դո՞ւք ինչ եք։ Դա անընդհատ հանրային դիսկուրսի մեջ կա։ Ասեմ։ Առաջինը պետք է արագ կասեցնել պարտությունների չկտրվող թելը, որ կարողանանք ինչ-որ կետից սկսել։ Այս իշխանությունը պարտության սիմվոլն է եւ ստորագրել է հրադադարի հայտարարությունը, որին դեմ չեմ, այլ դեմ եմ ստորագրված կոնտեքստին, իսկ դրանից հետո Փաշինյանի հրահանգով զորքերը հետ են քաշվել Սյունիքի հարակից տարածքներից»,-Ազատության հրապարակում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ ՀՀ-ն ու Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբման բողոքի գործողությունների ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը՝ արձագանքելով նկատառմանը, որ ընդդիմությունը ցույց չի տալիս Արցախը փրկելու ճանապարհը։

«Ադրբեջանը 41 ք/մ մտել է ՀՀ տարածք։ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես խոսում է սպառնալիքի լեզվով, Երեւանն ու Սեւանը գրավելուց, բայց ՀՀ-ի կողմից որեւէ արձագանք չենք տեսնում, անգամ երբ Ալիեւը ՀՀ վարչապետի հասցեին է վիրավորանք ասում։ Անկախ նրանից, թե ես ոնց եմ վերաբերվում վարչապետին, իմ համար որպես հայ տհաճ է, որ թշնամի երկրի ղեկավարը վիրավորում է իմ երկրի ղեկավարին։ Չկա պատասխան, ինչո՞ւ։ Փաշինյանը ցանկացած մեղադրանքի՝ օբյեկտիվ, թե սուբյեկտիվ, արձագանքում է։ Կարո՞ղ ենք ենթադրել կամ փաստել, որ Փաշինյանն ունի կաշկանդվածություն, պայմանավորվածություն, որ չի կարողանալու հայանպաստ լուծումներ եւ օրակարգ ձեւավորել։ Դրա համար ասում ենք, որ այստեղ հավաքվելու հիմնական նպատակն է ունենալ անվտանգ Արցախ, ՀՀ, Արցախի անկախության հարցի լուծում։ Կա միջանկյալ միջոց՝ իշխանափոխություն։ Եթե այն չենք անում, հիմնական նպատակին չենք կարող հասնել։ Ուստի իշխանությունը պետք է գնա, իսկ նորը զբաղվի այն գործով, որի մասին խոսում ենք»,-շեշտեց Վանեցյանը։

Հարցին՝ եթե ինքը դառնա երկրի ղեկավար եւ միջազգային հանրությունը պահանջի իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը, ի՞նչ կանի, Վանեցյանը պատասխանեց՝ կանի ամեն ինչ, որ նման բան չլինի, իսկ չստացվելու դեպքում չի խաբի ժողովրդին եւ չի առաջնորդվի Նիկոլ Փաշինյանի օրակարգով․ «Մենք պատասխանատու մարդիկ ենք եւ ժողովրդին ասում ենք, որ պետք է քայլ անել, հեռացնել իշխանությանը եւ լուծել խնդիրները։ Մեր նպատակն իշխանազավթումը չէ»։ Մյուս հարցին՝ այսինքն, հրաժարակա՞ն կտաք, նա պատասխանեց․ «Իհարկե, մի վայրկյանում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930