Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուկաշենկոն բաց աջակցեց Ռուսաստանին, իսկ Հայաստանը դա քողարկված ձեւով արեց». Բորիս Նավասարդյան

Ապրիլ 21,2022 17:01

«Նիկոլ Փաշինյանի այցը եւ քննարկումները, որ տեղի ունեցան ՀՀ կառավարության տարբեր ներկայացուցիչների եւ Ռուսաստանի գործընկերների միջեւ, առաջին հերթին պետք է Ռուսաստանին` եւ հենց Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների եւ ուկրաինական պատերազմի համատեքստում էր»,- ապրիլի 21-ին «Մեդիա կենտրոնում» կայացած «Արցախյան շարժում. ի՞նչ հնարավորություններ բաց թողեցինք և ինչո՞ւ: Ի՞նչ կարող ենք շտկել այսօր» թեմայով քննարկման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով, Ռուսաստանն ուզում էր ցույց տալ, որ ինքը մեկուսացված չէ. «Համոզված եմ, որ Ռուսաստանը բազմաթիվ ջանքեր էր գործադրում վերջին օրերի, շաբաթների ընթացքում, որպեսզի հնարավորինս լինեն հանդիպումներ, այցեր նաեւ այլ պետություններից: Սակայն միայն Բելառուսի եւ Հայաստանի հետ հաջողվեց: Իհարկե, Լուկաշենկոյի եւ Փաշինյանի այցերի բովանդակությունը որոշ չափով տարբերվում է: Լուկաշենկոն բաց աջակցեց Ռուսաստանին Ուկրաինայի հետ պատերազմի առումով, իսկ Հայաստանը դա քողարկված ձեւով արեց, որովհետեւ այն փաստաթղթերը, որոնք քննարկվում էին, պարունակում են այնպիսի դրույթներ, որոնք հակադրվում են Արեւմուտքին եւ Ուկրաինային:

Մի օրինակը կենսաբանական անվտանգության հետ կապված բանակցություններն են: Դա հիմնական կետերից մեկն է, որը Ռուսաստանը մեջբերում է որպես փաստարկ, թե ինչու սկսեց իր ագրեսիվ գործողություններն Ուկրաինայի դեմ: Փաստորեն, գնալով համագործակցության այդ ուղղությամբ` մենք հաստատում ենք, որ այս պատերազմում այլեւս չեզոք կողմ չենք: Նույնը վերաբերվում է տեղեկատվական անվտանգության ուղղությանը: Մենք շատ լավ կարող ենք հետեւել, որ այս պատերազմում Ուկրաինայում տեղեկատվական բաղադրիչը երեւի երկրորդն է անմիջական ռազմական գործողություններից հետո: Եվ այստեղ նույնպես համաձայնելով Ռուսաստանի հետ համագործակցել` փաստորեն ձեռնոց ենք նետել եւ Ուկրաինային եւ ամբողջ Արեւմուտքին»:

Բորիս Նավասարդյանի խոսքով, նույնը վերաբերում է Ռուսաստանի ներդրումները մեծացնելու հարցին. «Ռուսաստանը եւ ռուսական հիմնական ընկերությունները գտնվում են պատժամիջոցների տակ, եւ ենթադրվում է, որ ներդրումները հենց նրանից են լինելու: Դա նշանակում է, որ Հայաստանը դեմ է գնում պատժամիջոցներին եւ փաստորեն մեղադրում է Արեւմուտքին այդ պատժամիջոցները կիրառելու համար: Իսկ Ադրբեջանը բավականին ճկուն քաղաքականություն իրականացնելով` կարողացել է ցույց տալ, որ ինքը գտնվել է Ուկրաինայի կողքին, թեեւ փետրվարի 22-ին Ալիեւի համար գաղտնիք չէր, որ Ռուսաստանը հարձակում է նախապատրաստում Ուկրաինայի դեմ, սակայն նա այդ երկրի հետ ստորագրեց ռազմավարական գործակցության վերաբերյալ փաստաթուղթ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930