Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քիչ վիրավորական էլ է, երբ մարդուն ասում են՝ արի ապացուցի, որ դու հայ ես». Վիգեն Խաչատրյան

Ապրիլ 21,2022 16:49

«Կարծում եմ, ճիշտ չի, երբ որ մենք ասում ենք՝ պարզեցված կամ արագացված կարգով, ազգությամբ հայերին քաղաքացիություն շնորհելու մասին: Կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ, որ ասեինք՝ արագացված, պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհելու մասին եւ ազգությամբ հայերը հանել, որովհետեւ, հնարավոր է ազգությամբ հայ չլինի, բայց մենք գտնենք եւ ընդառաջենք որեւէ մեկի ցանկությանը՝ դառնալ ՀՀ քաղաքացի: Ես ոչ թե դեմ եմ ազգությամբ հայերի ընդգծմանը, այլ գտնում եմ, որ դա մի քիչ վիրավորական էլ է, երբ մարդուն ասում են՝ արի ապացուցի, որ դու հայ ես: Դա պիտի թողնել քաղաքացիություն տվողի մոտեցմանը: Եթե այն մարմինը կամ պետական պաշտոնյան, որը քաղաքացիություն է շնորհում, համոզում ունի, որ դիմացը հայ է նստած, պետք չի մեկն էլ ապացուցի, որ ինքը հայ է»,- այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում ելույթ ունենալով՝ ասաց իշխող ուժը ներկայացնող պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում այսօր միաձայն դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցին: Նիստին մասնակցում էին միայն իշխող ուժը ներկայացնող պատգամավորները: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է՝ կառավարությանը տալ լիազորություն՝ սահմանել ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը եւ ժամկետները, ինչպես նաեւ ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը:

Արա Ֆիդանյան

Հարցը ներկայացնող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ասաց, որ ցանկում ներառված է մոտ 50 եկեղեցական կառույց, իսկ մնացյալ փաստաթղթերն են ամուսնության վկայականը, ծննդյան վկայականը եւ բոլոր այն փաստաթղթերը, որոնցում նշվում է՝ ազգությունը՝ հայ:

Վիգեն Խաչատրյանը հստակեցրեց՝ իր ելույթը քննարկվող նախագծին չի վերաբերում, բայց սրա շուրջ հետագայում հարկ է համարում խորհել: Նրա գնահատմամբ, մարդու համար, ով ՀՀ քաղաքացիություն է ցանկանում ստանալ, տարբեր փաստաթղթեր ուզելով՝ խնդիրներ ենք ստեղծում եւ պահանջում ենք ապացուցել, որ հայ է: Նման դեպքերում նա հորդորում է վստահել պետական մարմնին եւ մարդուց բազմաթիվ տեղեկանքներ չպահանջել:

Իշխող ուժի մեկ այլ պատգամավոր՝ Արմեն Խաչատրյանը համաձայնեց գործընկերոջ հետ՝ նկատելով, որ այսօր արդիական է նաեւ պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիության տրամադրումը ոչ հայազգիներին, քանի որ այսօր ՀՀ են տեղափոխվում այլ երկրներից՝ աշխատելու, բնակվելու, ներդրումներ անելու եւ մեր օրենսդրությունը բավականին խրթին է նրանց համար: Նա առաջարկում է՝ ստեղծված իրավիճակից ելնելով լուծումների գնալ:

Վլադիմիր Վարդանյան

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մանրամասնեց՝ այդ ինստիտուտը եվրոպական մի շարք երկրներում կիրառվում է, հակասական է, բայց կիրառվում է՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով: Նա ասաց, որ այդ հարցը կառավարությունում քննարկվում է:

Փոխոստիկանապետը չհամաձայնեց պատգամավորների հետ՝ առանց որոշակի փաստաթղթերի քաղաքացիություն շնորհելը՝ վտանգավոր է եւ հիշեցրեց, որ քաղաքացիության շնորհման կարգում արդեն իսկ պարզեցումներ են կատարվել, մասնավորաբար, ժամկետներն են կրճատվել:

Իսկ բուն նախագծի մասով էլ, Վլադիմիր Վարդանյանն առաջարկեց՝ ձեւակերպումների մասին մի փոքր մտածել, դրանք կարող են ավելի լավը լինել:

Մանրամասները՝ տեսանյութում

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ նաեւ դրական եզրակացություն տվեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» լրացում կատարելու մասին եւ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին: Առաջինով սահմանվում է, որ լիզինգատուն եւ լիզինգառուն կարող են լիզինգի պայմանագրով ամրագրել լիզինգառուի կամ նրա լիազորած անձի կողմից լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: Երկրորդ փոփոխությամբ սահմանվում է, որ լիզինգի առարկա տրանսպորտային միջոցների բացթողնումն արգելվում է, եթե լիզինգի պայմանագրով ամրագրվել է լիզինգառուի կամ վերջինիս լիազորած անձի կողմից տրանսպորտային միջոցի ելքի իրավունքի սահմանափակումը ՀՀ-ից:

Գրիգոր Մինասյան

Հարցը ներկայացնող ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանն ասաց, որ գործող նորմերը չեն կարգավորում այդ խնդիրը, արդյունքում, լիզինգառուն ցանկացած պահի կարող է լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով, ցանկացած պահի հատել ՀՀ սահմանը՝ ռիսկի տակ դնելով տվյալ տրանսպորտային միջոցի իրացվելիությունը: Նա տեղեկացրեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում կնքվել է 303 լիզինգի պայմանագիր, հաստատված է, որ լիզինգային պայմանագրով ձեռք բերված 4 տրանսպորտային միջոց ՀՀ-ից դուրս են գտնվում, 10 տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն անհայտ է: Գրիգոր Մինասյանը ենթադրում է, որ դրանք էլ են երկրից դուրս գտնվում: Առաջարկվող փոփոխություններով, լիզինգառուն հնարավորություն կստանա հատել սահմանը լիզինգով ձեռք բերված տրանսպորտային միջոցով, բացառապես լիզինգատուի համաձայնությամբ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930