44-օրյա պատերազմում զոհված հերոս Ռուստամ Գասպարյանի հրամանատարությամբ գործող «Սեւ հովազ» ջոկատի անդամները, այդ թվում՝ «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, Արցախյան ազատագրական պայքարի մասնակից Սերոբ Գասպարյանն ու նրա աջակիցներն արդեն քանի օր է՝ Ազատության հրապարակում ցույց են անում:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Սերոբ Գասպարյանը հայտարարեց, որ իշխանությունները հետապնդումների շարք են սկսել իրենց դեմ ու ոստիկաններին ուղարկում են իրենց տներ՝ խուզարկությունների. «Մենք կանխատեսում էինք, որ կլինեն քաղաքական հետապնդումներ: Խոսքս ուղղում եմ այսօրվա վարչապետի աթոռը զբաղեցնողին, որն արդեն հրահանգ ստացած Ալիեւից թե գորշ գայլերից, որոնք սարսափած «Սեւ հովազից» ու այս դրոշից՝ քաղաքական հետապնդումներ են անում: Այսօր մտել են իմ տղաների տունը՝ խուզարկության: Նիկո՛լ, եթե վախենում ես, արի վախդ կբռնեմ, կաղոթեմ քո համար: Դու քո շողքից ես անգամ վախենում, ուզում ես գլխավոր գերագույն հրամանատա՞ր լինես: Թե՞ հրահանգ ես ստացել, որ պատերազմում գորշ գայլերին ջարդած մարդկանց այսպես անես: Իմ տղաներից ձեռքերդ հե՛տ քաշիր, «Սեւ հովազի» տղան վախ չունի: Եթե մենք չենք վախեցել, կամավոր մեր կյանքն ենք դրել, չենք վախենա քո խուզարկություններից ու հրահանգներից: Դու մի մոռացի, որ Հիսուս Քրիստոսը նաեւ ինձ մահանալ է սովորեցրել: Վախեցիր դո՛ւ, որ պատասխան ես տալու քո արածների համար, չփորձե՛ս մյուս անգամ հովազներին կպնել»:
Թե խուզարկությունների ժամանակ ինչ են որոնել, ինչ գործով՝ Սերոբ Գասպարյանը մանրամասնեց. «Իբր թե զենք-զինամթերք: Ես ոստիկաններին չեմ մեղադրում, նրանք իրենց պարտականությունն են կատարում, աշխատում են, սա ուղղակի Նիկոլ Փաշինյանի վախն է: Նա անգամ իրեն հայելու մեջ նայելուց է վախենում: Ոչ մի բան չեն գտել խուզարկության ժամանակ ու չէին էլ կարող գտնել, որովհետեւ մենք անօրինական ոչինչ չենք պահում»:
Կարդացեք նաև
Նա խուզարկությունը կապում է հենց իրենց ցույցի հետ. «Այդ տղան հողեր է ազատագրել, ի տարբերություն Նիկոլի, որ հողեր է տվել: Նորից եմ ասում՝ չփորձե՛ք հովազներին կպնեք»:
Սերոբ Գասպարյանը նաեւ ասաց. «Շատ են գալիս մարդիկ ու հարցնում են՝ ո՞ւմ հետ ենք մենք: Գալիս են ասում են՝ ուղիղ նայի աչքերիս մեջ ու սա՝ դու Վանեցյանի հե՞տ ես, թե՞ չէ: Ես ուղիղ նայում եմ իրանց աչքերի մեջ ու ասում եմ՝ ես, դու ու Աստված լսում է, ես այստեղ եմ եղել, երբ Վանեցյանը եկել է: Ես մարդու չեմ միանում, ցանկացած մեկը, ով հանուն հայրենիքի պայքարում է, կարող է գալ, ոչ թե կուռքերի միանալ: Մենք հայրենիքի զինվոր ենք: 90-ականներից սկսած՝ հայրենիքի զինվոր ենք եղել ու հիմա էլ այստեղ ենք պատերազմում հայրենիքի համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ