Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած երիտասարդներ Նվեր Կիրակոսյանին ու Արթուր Ավագյանին այսօր այցելության էր եկել տեր Շահե քահանա Հայրապետյանը: Ինչպես պարզվեց՝ նրան Մայր աթոռն էր հորդորել դա անել:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, ո կոչ չի արել հացադուլը դադարեցնել ու ասաց. «Հանցագործները հացադուլ են անում, կարում էին շուրթերը, որ չուտեին, բայց իմ եղբայրները մաքուր անձնավորություններ են՝ քրիստոնյա: Մենք գիտենք պահքի եւ ծոմի հրաշքը ու այդ մեծ զորությունը, որ Աստված տվել է մեզ ընդամենը փոքրիկ քաղաքական նպատակի ծառայեցնելը կարծում եմ՝ ճիշտ չէ: Խնդրանքս է իրենց, որ ավելի ճիշտ մեթոդներով աշխատեն: Մենք փորձեցինք իրար հետ արժեհամակարգ քննարկել, ուրախ եմ, որ առողջ դատողությունը հաղթեց: Ունենք նպատակ՝ իմանալու՝ անկախության սերունդը արդյոք պատահակա՞ն ծնունդ է, թե՞ սերունդ է, որ կկանգնի իր սերնդակիցների կողքին ու ձեռք ձեռքի բռնած՝ նպատակ կկատարեն: Եթե ոչ՝ շատ տխուր պիտի լինի, եթե այո, ուրեմն մենք միասին ենք բոլորս»:
Մեր հարցին՝ ձեր այցը զուտ մարդասիրակա՞ն բնույթ է կրում, թե՞ այս քայլով ուզում եք համախմբել բողոքողերին՝ նա պատասխանեց. «Այսօր Մայր աթոռից հորդորեցին, որ ես լինեմ իմ եղբայրների կողքին ու ես սուրբ հաղորդությունը վերցրած՝ եկել եմ հաղորդություն տալու, որ Աստված զորավիգ լինի իմ եղբայրներին, որովհետեւ իրենց նպատակը մեր բոլորիս նպատակն է: Մենք ճամփա ենք ընկել ու տա Աստված, որ մենք տեղ հասնենք»:
Կարդացեք նաև
Ճշտեցինք՝ դուք կոնկրետ Փաշինյանի հրաժարականը չե՞ք պահանջում՝ տեր Շահեն պատասխանեց. «Մենք կորցնում ենք հայոց հողեր, հասկանո՞ւմ եք: Արաբներն էին ժամանակին, մոնղոլներն էին, պարսիկներն էին…Այն ժամանակ, երբ իմ պապերը թողեցին Մուշը, եկան, հիմա այս հարցը, որ դրվում է, ես տագնապի մեջ եմ ընկնում: Մենք պետք է ուժեղանանք, գնանք առաջ, հերիք է կորցրածի համար մեր մազերը փիտենք, հասկանալի՞ է մեր վիճակը: Թշնամուն գնան ասեն՝ վայ, առեւտուր անենք, չգիտեմ ինչեր անենք, բայց այդ թշնամին դարեր շարունակ ապացուցել է, որ հայատյաց է, ասում ես՝ ի՞նչ կերակուր տանեմ, որ ասում է՝ «Աստված պահի քո բալին, ոնց էր համը իմ ձագի», անընդհատ այս իրականության մեջ ենք: Մենք միասին ենք, որ կարողանանք տեղ հասնենք, թե ինչ մեթոդով՝ Աստված կթելադրի»:
Մեր հարցին՝ եկեղեցին իր դերն ունի, ինչքան էլ քաղաքականացված չլինի, հիմա եկեղեցին ի՞նչ քայլեր է մտածում հայրենիքի փրկության համար՝ նա պատասխանեց. «Երբ որ հայրենիքը առանց պետական ղեկավարի էր, եկեղեցին պահում էր հայրենիքը: Հիմա ամբողջ խնդիրը դա է՝ արդյոք պետական ղեկավարությունը պահո՞ւմ է հայրենիքը: Ձեզ եմ թողում պատասխանը»:
Նա ասաց, որ հայ ժողովուրդը միշտ փորձել է լեզու գտնել, հասկացնել, որ իրենք էլ են մարդ. «Ով մարդակերպ, դու էլ ես մարդ: Բայց կհասկանա՞, թե՞ չէ հարեւանը, ես կասկածում եմ, որ կհասկանա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ