Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սոցիալական պայմանագիր իշխանության և հասարակության միջև (շարունակություն). Ռուբեն Վարդանյան

Ապրիլ 21,2022 22:00

Սկիզբը՝ այստեղ

Մաս 5

 

  • Ինքնություն. Մեր ինքնության գիտակցման մեջ պետք է հեռանանք ազգ-զոհի բարդույթից, փոխենք մեր ինքնաընկալումը՝ վերագտնելով արժանապատվության և հանդարտ հպարտության զգացումը: Ոչ ոք չի կարող պատմությունից ջնջել հայոց անցյալի փառապանծ էջերը, բայց և չի կարելի չընդունել, որ մեր ներկան չի կարող ընդհանուր հպարտության առարկա լինել։ Մոտ ապագայում հարկավոր է ստեղծել ինքնության նոր խորհրդանիշներ, որոնք Հայաստանում և ողջ աշխարհի սփյուռքյան համայնքներում ապրող հայերին կմղեն մերձեցման, նրանց մեջ ցանկություն կառաջացնեն զուգորդվելու մի ազգի հետ, որը մերժել է զոհի դերը և ընտրել է ժամանակակից աշխարհում ակտիվ դեր կատարելու ուղին։

Հարկավոր է ստեղծել ինքնության նոր խորհրդանիշներ, որոնք հայերի մեջ ցանկություն կառաջացնեն ազգի հետ զուգորդվելու։

Հայրենի հողի հանդեպ սիրո և այն կորցնելու վախի հետ մեկտեղ, հայության համար խթանող հզոր գործոն պետք է դառնան առողջ պատվախնդրությունը, հպարտությունն իրենց ձեռքբերումներով, իրենց երեխաների հաջողություններով, իրենց քաղաքով, երկրով ու ազգով, մի խոսքով՝ այն ամենով, ինչը կարող է շրջապատի մեջ հարգանք ներշնչել: Նման հպարտությունն ընդհանուր աղերս չունի գոռոզամտության կամ սնապարծության հետ, երբ մարդիկ իրենց բարձրացնում են և ուրիշներին նսեմացնում:

Ի նշան իրենց փրկողների հանդեպ հայության երախտագիտության. Կոնգոյի իրավապաշտպան Ջուլիեն Լուսենգեն Սուրբ Ղազար կղզում (Վենետիկ) ստանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 2021 թ.-ի մրցանակը:
Լուսանկարը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

Կարևոր է նաև մեկ այլ հանգամանք. մեր պատմության մեջ առաջին անգամ սկսեցինք ապրել միատարր երկրում, որտեղ անվանակիր ազգը կազմում է բնակչության մոտ 98%-ը։ Հայերը միշտ եղել են մեծ կայսրությունների մաս, և այսօրվա Հայաստանի միատարր բնույթը լուրջ մարտահրավեր է այն ժողովրդի համար, որը դարեր շարունակ ապրել է քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկում: Մենք ետ ենք վարժվել «ուրիշների» հետ կողք-կողքի ապրելուց, դարձել ենք մեծամիտ և, որքան էլ զարմանալի է, հակված ենք փոքրամասնությունների նկատմամբ խտրականության։ Պատրա՞ստ ենք արդյոք մեր հայրենիքում հյուրընկալելու ուրիշ ազգի, կրոնի, սեռական կողմնորոշման և այլ մարդկանց։

Ինչպե՞ս պահպանենք մեր ինքնության ավանդական սյուները՝ քրիստոնեական հավատքն ու եկեղեցին, ընտանիքն ու հայոց լեզուն, և միևնույն ժամանակ դրանք պահպանենք պահածոյացումից ու լճացումից։ Ինչպե՞ս գտնել ամենաթողության և անհանդուրժողականության միջև նուրբ սահմանը՝ առանց սայթաքելու այս կամ այն ​​ծայրահեղության կողմը: Այս նյութերը չափազանց կարևոր են միատարր փակ հասարակության մեջ բաց քննարկման համար, որը հատուկ զգայնությամբ է արձագանքում ազգային ինքնությանը վերաբերող բոլոր հարցերին:

Մեր շատ խնդիրներ արմատ են ձգել մեր մտքում: Սակայն գիտակցություն փոխելը դժվարագույն գործ է: Դա պահանջում է ժամանակ և անհավանական ջանքեր, կամք ու վճռականություն: Բացի այդ, համբերություն է պետք, որպեսզի մարդիկ հավատան դեպի լավը տանող փոփոխությունների հնարավորությանը։ Երբեմն քաղաքականությունը նպաստում է այդ գործընթացին, երբեմն քաղաքականությունը և կարգավորող միջոցների ներդրումը բավարար չեն լինում, և այդժամ անհրաժեշտ են դառնում հետևողականությունն ընդունված օրենքների և կանոնակարգերի կատարման գործում, և, որ ամենակարևորն է, այն ընկալման փոփոխությունը, թե ինչն է ընդունելի մեր հասարակության մեջ, և ինչն է անընդունելի։

Պատրա՞ստ ենք արդյոք ապրելու «ուրիշների» հետ կողք կողքի։ Դիլիջանում միջազգային դպրոց բացելիս կարևոր ենք համարել տեղի երիտասարդության հետ աշակերտների փոխգործակցության ապահովումը։
Լուսանկարը՝ UWC Դիլիջան

  • Բարգավաճում. Հայտնի է, որ հասարակության զարգացման կարելի է հասնել երկու ճանապարհով՝ ագրեսիայով ու հակամարտությամբ, որոնք առաջանում են սահմանափակ ռեսուրսների և բարիքների համար պայքարի արդյունքում, և սրտակցությամբ ու փոխգործակցությամբ՝ հանուն այդ բարիքների համատեղ բազմացման: Ճանապարհի ընտրությունն ինձ համար ակնհայտ է, ուստիև գործընկերությունն ընկած է իմ բոլոր նախագծերի հիմքում: Իմ կարծիքով, ազգի բարգավաճման համար, որտեղ էլ որ ապրելիս լինեն նրա ներկայացուցիչները, պետք է համադրվեն մի քանի տարրեր. բարեկեցության աճը, ներդաշնակ կենսամիջավայրը, մշակութային բարձր զարգացումը և ինքնության ամրապնդումը։ Այս տարրերից և ոչ մեկը չի կարող գերակշռել՝ արհեստականորեն ապահովվելով մյուսների հաշվին. բարգավաճման ձեռքբերումն անհնար է առանց դրանց ներդաշնակ հավասարակշռության: Պահպանության ռեժիմից դեպի բարգավաճման ռեժիմ անցումն անհնար է առանց ազգի վերածննդի՝ նրա զարգացման ուղիների վերաբերյալ բավարար կոնսենսուսի հիմքի:
  • Հասարակության առավել ակտիվ հատվածի հավաքական պատասխանատվություն Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի համար և մասնակցություն երկրի կառավարմանը. Չի կարելի սպասել, որ երկրի ղեկավարն ու իր թիմը մեկ գիշերում լուծեն կուտակված բոլոր խնդիրները։ Դա մարդկանց փոքր խմբի ուժերից վեր է, եթե նույնիսկ այդ խումբը բաղկացած լինի ամենափորձառու մասնագետներից։ Մենք չպետք է մեզ ազատենք երկրի և ազգի համար պատասխանատվությունից. այն մեր ընդհանուր խնդիրն է, և ես ցանկանում եմ դա ընդգծել։ Միանգամայն իրատեսական է այնպիսի պայմանների ստեղծումը, որոնց առկայությամբ բոլոր հոգատար մարդիկ՝ լինեն հայ, թե Հայաստանի բարեկամ, որտեղ էլ բնակվելիս լինեն, կարողանան մասնակցել մեր բարեփոխումների գործընթացին։ Դրա համար պահանջվում է մասնագիտական ​​ու ֆինանսական զգալի ռեսուրսների ներգրավում, այնպիսի մեխանիզմների ստեղծում, որոնք ապահովում են աննախադեպ թափանցիկություն և իշխանության ու հասարակության միջև համակարգային ազնիվ երկխոսություն։

Կուտակված բոլոր խնդիրները միայնակ լուծելու ի զորու չեն նույնիսկ ամենափորձառու մասնագետները։

Ինչպես արդեն ասվեց, մենք բաց թողեցինք այն պահը, երբ ընդհանուր հուզական վերելքի ալիքի վրա հնարավոր կլիներ փոխել Հայաստանի զարգացման հարացույցը։ Հիմա հարկավոր է, որ երկրի ճակատագրի ու հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ վախը վերածվի բեղմնավոր ցանցային փոխգործակցության, որպեսզի հասնենք մեր ընդհանուր երազանքին։

  • Հավասարակշռություն հիերարխիաների և ցանցերի միջև. Վերջին 200 տարում ռեսուրսների հասանելիության համար պայքարի համատեքստում հասարակության կառուցվածքում գերակշռել են հիերարխիայի սկզբունքով կառուցված ինստիտուտները։ Սակայն 21-րդ դարում, երբ հիմնական ռեսուրս են դառնում մարդն ու նրա տաղանդը, հիերարխիաների ու ցանցերի հարաբերակցությունն սկսում է փոխվել։ Տեխնոլոգիական հարթակները, որոնք թույլ են տալիս ստեղծել բազմաթիվ սոցիալական ցանցեր, արդեն իսկ սկսում են միավորել մարդկությանը։ Վիրտուալ հաղորդակցությունն ավելի ու ավելի է օգտագործվում ոչ միայն տեղեկատվության փոխանակման, այլ նաև խնդիրների լուծմանը բազմաթիվ մարդկանց համատեղ մասնակցության համար՝ մշակութային ու բնապահպանական նախագծերի ֆինանսավորումից մինչև քաղաքական վճռորոշ փաստաթղթերի համատեղ քննարկում. մի բան, որ դժվար է ավանդական ինստիտուտների համար:

Հուսով եմ, որ Հայաստանը կգտնի պետության, կառույցների և սփյուռքյան համաշխարհային ցանցի միջև փոխգործակցության յուրօրինակ բանաձևը։

Մինչ ավանդական հաստատությունների (կառավարության, բիզնեսի, ՀԿ-ների և լրատվամիջոցների) նկատմամբ հավատը գտնվում է պատմականորեն ցածր մակարդակի վրա, վստահությունն այն մարդկանց նկատմամբ, ում անձամբ ճանաչում ենք առնվազն որպես ցանցի մասնակիցների, աճում է և հետագայում ևս կշարունակի աճել: Սա, բնականաբար, չի նշանակում, թե ցանցերն ամբողջությամբ դուրս կմղեն հիերարխիան։ Ավելի շուտ, կարելի է ակնկալել զուգահեռ գործընթացներ՝ հիերարխիկ կառույցների բարեփոխություններ և, միաժամանակ, ցանցային փոխգործակցության տարբեր ձևերի կայացում։

Համոզված եմ, որ հիերարխիաների ու ցանցերի հավասարակշռված համադրությունը, ինչպես նաև պետական-մասնավոր գործընկերությունը, որը, համայնքների ճկունության ու ռեսուրսների հետ մեկտեղ, հնարավորություն է ընձեռում ճիշտ օգտագործելու պետության ինստիտուցիոնալ կարողությունը, թույլ կտան տեղական ու գլոբալ մարտահրավերներին համարժեք պատասխաններ գտնել։ Մարդկանց, ինչպես նաև պետական ​​ինստիտուտների և հասարակության միջև արդյունավետ ցանցային հարաբերությունների հիմքը պետք է դառնա վստահությունը: Հուսով եմ, որ Հայաստանն ամբողջ աշխարհի համար կկարողանա դառնալ այնպիսի երկրի եզակի օրինակ, որը պետության, կառույցների և սփյուռքյան համաշխարհային ցանցի փոխգործակցության գտնված բանաձևի շնորհիվ կարողացել է հաղթահարել իր խնդիրները։

Ստորև ձևակերպված են մի շարք սկզբունքներ, որոնք, իմ կարծիքով, պետք է ընկած լինեն նոր հասարակություն կառուցելու հիմքում։ Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, այս սկզբունքներին հետևելը թույլ է տալիս հաջողությամբ կառավարել մարդկանց խմբերը (լինեն դրանք առևտրային ընկերություն, զարգացման խոշոր ծրագիր իրագործող թիմ կամ նույնիսկ պետություն), որոնց միավորում է ընդհանուր նպատակ։

  • Ինչպես հասարակական կառույցների ու ինստիտուտների միջև, այնպես էլ նրանց ներսում թափանցիկության, արժանավարության ​​սկզբունքների, պրոֆեսիոնալիզմի, ձեռնհասության, բոլորի համար նույն կանոնների ապահովում և, ի վերջո, սոցիալական վստահության շրջանակի առավելագույն ընդլայնում։ Անշուշտ, չկան կանոններ առանց բացառությունների, բայց դրանք չեն կարող շատ լինել, և դրանց առկայությունը (կամ բացակայությունը) պետք է հստակորեն փաստարկված ու հիմնավորված լինի:
  • Հետևողականություն. Այս սկզբունքը հրաշալիորեն ձևակերպել է «Սինգապուրյան հրաշքը» ստեղծող Լի Կուան Յուն, ում քաղաքական գործունեությունը իշխանության և հասարակության միջև հարաբերությունների բարեհաջող կառուցման օրինակ է։ Նա գրել է. «Երեք բան կա, որ ամենավատն են։ Առաջինը դեսուդեն զարկվելն է՝ ձգտելով ամեն մեկին ու բոլորին հաճոյանալ։ Երկրորդն անավարտ ծրագրերն են։ Նույնիսկ եթե սխալվել ես, սկսածդ ավարտին հասցրու։ Երրորդը խաղի կանոնները չպահպանելն է։ Եթե կանոնները հայտարարվել են, դրանք չեն կարող գործել ընտրովի կամ հընթացս փոփոխվել»:
  • Ինստիտուցիոնալ շրջանակի առկայություն որոշումների կայացման և փոխգործակցության համար. Խոսքը քաղաքացիական հասարակության իսկապես գործող ինստիտուտների մասին է, որոնք վերահսկում են իշխանության և երկրի ղեկավարի գործողությունները՝ թույլ չտալով, որ նրանք ընկնեն պետության կառավարմանն ընտելացած գոյակարգի մեջ։
  • Զարգացման արդյունքների կանոնավոր չափման մեխանիզմների գործարկում. Ինչպես հայտնի է, այն, ինչ հնարավոր չէ չափել, հնարավոր չէ վերահսկել: Առանց հետազոտական անկախ ​​կենտրոնների աշխատանքի, որոնք պետք է մշտադիտարկման ենթարկեն հասարակության իրավիճակը, վերլուծեն տեղեկությունները, վերահսկեն, թե ինչպես են կյանքի կոչվում կայացրած որոշումները, և բարձրորակ փորձագիտական ​​գնահատականներ տան, հնարավոր չի լինի համակարգված բնույթ հաղորդել կառավարության և հասարակության միջև երկխոսությանը: (Առայժմ այս ուղղությամբ նախաձեռնությունները պատկանում են մասնավոր հատվածին. մինչ օրս «Հայաստան-2041» հիմնադրամը հասարակական կարծիքի հինգ սոցհարցում է անցկացրել՝ բացահայտելու համար հայության արձագանքն ընթացիկ իրավիճակի, գործողությունների և որոշումների վերաբերյալ, ինչպես նաև` ամենահրատապ խնդիրները բացահայտելու նպատակով։ Հարցումներից պարզվել է, որ Երևանի, Գյումրու և Դիլիջանի բնակիչներին, անվտանգության հարցերից հետո, ամենից ավելի անհանգստացնում է այն հանգամանքը, որ այդ քաղաքներում անհավատալի քանակով թափառող շներ են բազմացել։ Այս խնդրի լուծման համար մենք սկսել ենք հատուկ ծրագիր մշակել)։
  • Կառուցվող հաստատությունների մատակարարում զսպումների և հակակշիռների որոշակի համակարգով. Հարկավոր է նախօրոք սահմանել կառավարման և որոշումների կայացման կանոնները՝ հատուկ ուշադրություն հատկացնելով այն հանգամանքին, որ ստեղծված կառույցները չփչանան, ժամանակի ընթացքում չվերածվեն ավանդական հիերարխիայի, բյուրոկրատական անկառավարելի ​​հրեշների։
  • Զարգացման հանդեպ համապարփակ մոտեցում. Կարևոր է, որ իրականացվելիք բոլոր նախաձեռնությունները փոխկապակցված լինեն և աստիճանաբար համալրվեն փոփոխությունների միասնական համակարգի մեջ:
  • Ընդգրկում և գործունեության լայն հորիզոնների ձգտում. Մենք պետք է կենտրոնանանք զարգացման մի շարք նոր նախաձեռնություններ մեկնարկող ռազմավարական խարսխային ծրագրերի վրա, որոնք իրենց ամբողջությամբ փոխում են իրականությունը:

Կամուրջ անցյալի և ապագայի միջև. Դիլիջանի վաղուց ավերված եկեղեցու պատի քարը դրվել է նոր տաճարի հիմքում։
Լուսանկարը՝ IDeA հիմնադրամ

 

  • Հետաքրքրություն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է երկրից դուրս, համաշխարհային առաջադեմ պրակտիկաների ուսումնասիրություն և հետևողական իրականացում։
  • Բոլորի համար ցկյանս ուսուցման հնարավորության խրախուսում, ինչպես նշված է ՄԱԿ-ի Կայուն զարգացման 17 նպատակներից մեկում:
  • Այն ​​փաստի ընդունում, որ այսօրվա մեր խնդիրները կարող են լուծվել միայն հավաքականորեն, և բարդ խնդիրների թիմային լուծման հմտությունների զարգացում:
  • Հարգանք մարդկանց նկատմամբ և կառավարման հնացած մոդելների մերժում ու քաղաքացիների հետ փոխգործակցություն՝ ի նպաստ նոր, գործընկերային հարաբերությունների։
  • Հետադարձ կապի մեխանիզմների ստեղծում թե՛ պետական ​​կառույցների հաշվետվողականության ու արդյունավետության ապահովման և թե՛ պետական ​​ու ազգաշինության գործընթացներում հնարավորինս մեծ թվով քաղաքացիներ ներգրավելու համար։
  • Ներգրավվածություն. Ինձ թույլ եմ տալիս ևս մեկ անգամ մեջբերել Լի Կուան Յուին. «Անհնար է ինչ-որ բանի հասնել, եթե չես սիրում քո զբաղմունքների առարկան և պատրաստ չես մնացած ամեն ինչ զոհաբերելու հանուն հաջողության»: Այլ կերպ ասած, հզոր ու բարգավաճ Հայաստանի երազանքը կիրականանա միայն այն դեպքում, եթե դրա շուրջ համախմբվեն հոգատար մարդիկ, որոնք սիրում են իրենց երկիրն ու ժողովրդին և նրանց բարեկեցությունը վեր են դասում ամեն ինչից։

Հարկավոր է դադարեցնել մեր գիտակցության մեջ Հայաստանի քաղաքացիների ու սփյուռքահայերի տարանջատումը։

 

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Էվոլյուցիոն վիզիոներ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, UWC Դիլիջան միջազգային դպրոցի, FAST հիմնադրամի, «Մատենա» միջազգային դպրոցի և այլ նախագծերի համահիմնադիր

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930