Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ես երիտասարդներին ասում եմ. ձեր շարքերը նոսրացել են, դուք պատասխանատվություն ունեք լսարանում ձեր համակուրսեցու դատարկ նստարանի, նրա փրկած, նրա կորցրած հայրենիքի համար»

Ապրիլ 21,2022 13:38

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը, որ 5165 շարժման հետ միասին «Ազատության» հրապարակում միացել ու մասնակցում է իշխանության հրաժարականը պահանջող ցույցերին, վճռորոշ դերակատարություն վերապահում է հատկապես երիտասարդներին: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Մենք բուհերում իրազեկման մեր ակցիաներն անում ենք կիրառելով ամենաընդունելի, ամենապարզ վարքագիծը՝ բացառելով արկածախնդրությունը, բախումնային վիճակների ստեղծումը, բուհերի տարածք մտնելը, շենքերում գործողություններ անելը, մեր տեսակետը պարտադրելը:

Մենք ուզում ենք ուսանողությանը հասկացնել, որ իրենք մեր կարիքն ունեն, մենք՝ իրենցը: Ասում ենք՝ ի տարբերություն մեզ, դուք ծնվել եք Անկախ Հայաստանի Հանրապետությունում, սա ձեր երկիրն է, որը ծնվել է ձեր ծնողների նվիրական պայքարի արդյունքում: Ասում ենք՝ իրենք, որ հիմա ուսանում են այս կամ այն բուհում, 1988 թվականին իրենց ծնողները եղել են «Ազատության» այս հրապարակում: Հիմա ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ չար ուժեր են հայտնվել եւ ուզում են իրենց ծնողների ստեղծած ու իրենց փոխանցած հայրենիքը իրենցից խլել: Ես ասում եմ. սա ձեր հարստությունն է, դուք առաջնորդեք այս շարժումը, դուք եկեք՝ մեզ տարեք առաջ, մենք էլ ձեզ օգնենք: Ես իրենց ասում եմ. ձեր շարքերը նոսրացել են, դուք հիմա մտնում եք լսարան ու չկա… Հարությունը, չկա Աղաջանը… Ո՞ւր է ինքը, ձեզ այդ հարցը չի՞ հուզում: Դուք պատասխանատվություն ունեք լսարանում ձեր համակուրսեցու դատարկ նստարանի համար, նրա փրկած, նրա կորցրած հայրենիքի համար: Եթե դուք այդ պատասխանատվությունը չունեք, ինչպե՞ս է անցնելու ձեր կյանքը։ Դուք հիմա պետք է վաստակեք ձեր հայրենիքը փրկելու եւ այնտեղ ապրելու բարոյական իրավունքը: Ես հուսով եմ, որ մեր երիտասարդների մեջ քիչ չեն գիտակից մարդիկ:

Տեսեք, «Ազատության» հրապարակում հացադուլի են նստել 44-օրյա պատերազմին մասնակցած իրենց հասակակից երկու երիտասարդներ, որոնք եւ կրթություն են ստացել եւ սովորում են եւ ընտանիք ունեն եւ մասնակցել են հայրենիքի պաշտպանությանը: Ես իրենց հետեւից պիտի գնամ: Ինձ պետք չէ շարժում առաջնորդել: Ինձ պետք է կանխել երկրի առջեւ ծառացած վտանգը: Պետք է առաջնորդեն այս երկրի իրական տերերը՝ երիտասարդները: Բայց ես իմ պետական աշխատանքի, դիվանագիտական աշխատանքի փորձով կարող եմ իրենց ասել, թե այս հայտարարությունը, այս բանաձեւը, այս հանդիպումը, այս հեռախոսազրույցը իր մեջ ինչ կարող է պարունակել, ինչի կարող է հանգեցնել: Ես դա ասում եմ ամենայն անկեղծությամբ, առանց որեւէ սպասելիքի ու ակնկալիքի: Ես դա տալիս եմ երիտասարդներին: Իրենք էլ դա պիտի վերցնեն ու առաջ տանեն, իրենք լինեն առաջնորդը, իրենք լինեն այս ամեն ինչի տերը: Մանավանդ, որ հիմա քաղաքական որեւէ գործիչ փողոցում կանգնած որեւէ մարդուց չի տարբերվում: Եթե պետություն չկա, քաղաքական համակարգ չկա, ֆունկցիոնալ առումով կուսակցություն ինչպե՞ս կարող է լինել: Դրա համար հիմա պետք է բոլորը մոռանան իրենց կուսակցական լինելու մասին եւ որպես քաղաքացի հանդես գան, իջեցնեն բոլոր դրոշները, բացի Հայաստանի եւ Արցախի դրոշներից»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930