«Ինչ նպատակ մեր առջեւ դրել ենք, կատարել ենք 100%, մի բան էլ ավելի, արձագանքը շատ լավ եմ գնահատում»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա ասաց, որ Ազատության հրապարակ են գալիս մարդիկ, որոնք երբեւէ որեւէ միտինգի չեն գնացել ու իրենց բողոքի ձայնը չեն բարձրացրել, բայց հիմա գալիս են՝ պայքարելու հանուն Արցախի ու հայ ժողովրդի:
Կարդացեք նաև
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այս օրերին, ինչ նստացույց եք անում, ձեր եւ ձեր ընտանիքի նկատմամբ սպառնալիքներ, ճնշումներ նկատե՞լ եք՝ նա պատասխանեց. «Իշխանական ֆեյք բանակներն են ակտիվացել անհասկանալի կերպով: Չափ ու սահման չկա, ես չգիտեմ՝ որտեղից են սրանք սնվում: Կեղծ լուրեր են ստեղծում, հետո սկսում են իրենց մամուլով տարածել: Լրատվական դաշտում իրենց շատ վատ են պահում ու փորձում են մոլորեցնել հանրությանը»:
Մենք նաեւ հարցրեցինք՝ սոցցանցերում իշխանամերձ շրջանակները ձեզ պատժելու ձեւեր են հուշում իշխանություններին, մասնավորապես, ասում են՝ Վանեցյանին կոչումներից զրկեք, այն ձայնագրությունը դրեք դիմացն ու տարեք փակեք, ինչպե՞ս եք արձագանքում այսօրինակ պատժատեսակներին՝ Վանեցյանը պատասխանեց. «Գլուխները պատո՛վ կտան ինձ կոչումներից կզրկեն, այդ կոչումները իրենց հոր տնից չեն բերել: Այդ կոչումներին ես արժանացել եմ իմ երկարատեւ ծառայության համար: Եթե իմ նկատմամբ հնարավոր լիներ օրինական ճանապարհով որեւէ քրեական գործ հարուցել, դատապարտել, կալանքի ենթարկել, հավատացեք, իրենք վաղուց արած կլինեին: Իմ հրաժարականից հետո 5-ից ավելի գործերով մեղադրյալ եմ եղել, ամենածանր հոդվածներից սկսած, որը սահմանում էր՝ վարչապետի նկատմամբ մահափորձ, ինչ-որ բաներ, որոնք ամբողջությամբ հերքվեցին ու կարճվեցին: Այն տեղեկատվական տեռորը, որ սկսվել էր իմ նկատմամբ, անգամ Փաշինյանի խոսնակի մակարդակով տարածվող կեղծ տեղեկությունները արդեն դատարանի կողմից պարտավորեցվել է հերքել դրանք: Այսինքն, ես չեմ արել որեւէ բան, որն օրենքից դուրս է ու որի համար ինձ կարող են քրեական պատասխանատվության ենթարկել: Նրանց գործիքը դա է՝ կեղծ տեղեկություններ, վարկաբեկման փորձ ու կարճ ժամանակ հետո հանրությունն իմանում է՝ ով էր ճիշտ, ով՝ սխալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ