Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ Վանեցյանի նստացույցը անակնկալ է եղել «Պատիվ ունեմ»–ի պատգամավորների համար, Վանեցյանի ուղիղ եթերից են իմացել նրա քայլի մասին. Աննա Մկրտչյան

Ապրիլ 21,2022 12:38

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էին առավոտյան եկել Ազատության հրապարակ՝ Արթուր Վանեցյանին այցելելու:

Աննա Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Փաշինյանի այցին Մոսկվա եւ ստորագրված հայ-ռուսական համատեղ հայտարարությանը. «Ոչ մի հանդիպում չի կարող հայանպաստ լինել, եթե այնտեղ չկա Հայաստան ներկայացուցիչը: Այնտեղ, որտեղ Նիկոլն է, ես համարում եմ նվազագույնը ՀՀ-ի համար կորսված շանս, առավելագույնը՝ ՀՀ-ի դեմ կնքված ակտեր, որովհետեւ մարդ, որը կարողանում է Ալիեւի մեռած դերը հետ բերել, միջազգային հանրության սեղանին դնել եւ 30 տարի Հայաստանի դիվանագիտության չեզոքացրած թեզերը նորից բերել, ինչպես օրինակ Ադրբեջանի համայնք հասկացությունը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության գերակա լինելը ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի նկատմամբ: Ես երբեւէ չէի կարող մտածել, որ Հայաստանի ներսում կգտնվի մեկը, ով կասի, որ Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ: Սրանից հետո ավելորդ է խոսել Նիկոլի գոյության մասին»:

Հարցին՝ Փաշինյանը ադրբեջանական թեզեր էր հնչեցնում ԱԺ ամբիոնից, իսկ ընդդիմությունը ինչո՞ւ այնտեղ չէր, որ հակադարձեր, սա ձեր թերացումը չէ՞ նաեւ՝ Աննա Մկրտչյանը պատասխանեց, որ խորհրդարանը զավթված է ու այնտեղից կարող է շրջանառվել ցանկացած հակահայկական հայտարարություն: Ըստ նրա, զավթված է նաեւ գործադիր իշխանությունը ու առհասարակ Հայաստանը. «Խորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում՝ ես, ունեցել եմ այդ հնարավորությունը Նիկոլի դեմքին ասելու, որ ինքը դավաճան է, ազգադավ է ու զավթել է իշխանությունը Հայաստանում: Մեր միակ խնդիրն ու նպատակը անփոփոխ է՝ իրեն ուղղակի վռնդել: Այդ ելույթը ամբողջությամբ խայտառակություն էր՝ ՀՀ ԱԺ-ում լսել ադրբեջանական կեղծ թեզեր»: Նա ասաց, որ իր խնդիրն է՝ որպես քաղաքացի՝ ամեն ինչի պատրաստ լինել՝ Փաշինյանին Հայաստանից վռնդելու համար:

Խոսելով Վանեցյանի ցույցի մասին՝ հարցրեցինք՝ դուք գալիս եք Ազատության հրապարակ՝ այցելուի կարգավիճակում, նախաձեռնությունը ձեզնով չեք անում ու այնպիսի տպավորություն է, որ եթե Վանեցյանը հաջողեց՝ այդ դափնիները ձերը կհամարեք, չհաջողեց՝ մի կողմ կքաշվեք, ինչո՞վ է սա պայմանավորված: Նա պատասխանեց, որ այդ տպավորությունը սխալ է, որովհետեւ ի սկզբանե հայտարարված է, որ սա պարոն Վանեցյանի նախաձեռնությունն է. «Մենք պարոն Վանեցյանի լայվը դիտելուց ու իմանալուց հետո խմբակցությամբ եկել ենք այստեղ ու շարունակում ենք այստեղ լինել: Պայքարը լինելու է տարբեր գործիքակազմերի օգտագործմամբ: Մենք թե՛ հաջողության, թե՛ անհաջողության կիսողն ենք»:

Ճշտեցինք՝ այսինքն, դուք Վանեցյանի նստացույցի մասին իմացել եք նրա ուղիղ եթերի՞ց, մինչ այդ նա չի՞ խոսել ձեզ հետ՝ Աննա Մկրտչյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ կարիք կար հայտնելու: Ես, ինչպես ՀՀ հազարավոր քաղաքացիներ, դիտել եմ պարոն Վանեցյանի ուղիղ եթերը, դրանից հետո անմիջապես շտապել եմ այստեղ»: Ճշտեցինք՝ անակնկա՞լ էր՝ նա պատասխանեց. «Հաճելի անակնկալ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930