Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ղազարյան. Սուր քննադատական խոսքը ատելության խոսք չէ և ուղղված է ոչ թե հայերին, այլ՝ ՀՀ իշխանությանը․ ՀՔԱՎ

Ապրիլ 21,2022 12:25

2022թ․ ապրիլի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստն էր։

Դատարանը շարունակեց հետազոտել ապացույցները, ապա պաշտպանների միջնորդությամբ անցավ դռնփակ ռեժիմի, քանի որ զննվող խոսակցությունները, ըստ Սաշիկ Սուլթանյանի, անձնական և ընտանեկան խոսակցություններ են։

Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։

Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Անի Չատինյանը, Սամսոն Գալստյանը և փաստաբան Արա Ղազարյանը:

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դատապարտել են ինչպես հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ։ Իր մտահոգությունն է հայտնել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Գործի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին էր դիմել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։

Ապրիլի 19-ին կայացած նիստի ընթացքում ուսումնասիրվեցին 5 տեսանյութեր, որոնցում Հայաստանում ապրող եզդիները ներկայացնում են, թե ինչ խնդիրներ են ունենում, դժգոհում ՀՀ իշխանություններից։ Այս մասով Ս․ Սուլթանյանի պաշտպան Արա Ղազարյանը կրկին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ տեսանյութերում քաղաքացիների դժգոհությունը ուղղված է իշխանություններին, ոչ թե՝ հայ բնակչությանը, ինչը դուրս է առաջադրված մեղադրանքի տրամաբանությունից։ Սաշիկ Սուլթանյանն էլ հավելեց, որ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ խնդիրները հորինված չեն, և իրենք իրականացրել են իրավապաշտպան գործունեություն՝ իրավական աջակցություն տրամադրելով։

Սաշիկ Սուլթանյանի հեռախոսազրույցներին վերաբերող մասը պաշտպանների միջնորդությամբ դատարանը հետազոտեց դռնփակ՝ հաշվի առնելով, որ դրանք անձնական խոսակցություններ են։ Դռնփակ նիստի շրջանակում հետազոտվող ապացույցները ներառում են նաև եզդիերենով խոսակցություններ, որոնք զննելու համար կներգրավվի թարգմանիչ։ Այդ հիմքով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2022 թ․ հունիսի 20-ին՝ 14։30-ին։

Դատական նիստի ամբողջական տեսագրությունը՝ ԱՅՍՏԵՂ:

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930