Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի ստորագրած համատեղ հայտարարության 30 կետերից մեկում հպանցիկ անդրադարձ կա Արցախին, մասնավորապես՝ 24-րդ կետը վերաբերում է Ռուսաստանի դերակատարմանը նոյեմբերի 9-ի Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությանը: Կողմերն արտահայտվել են այդ «պայմանավորվածությունների հետեւողական իրականացման օգտին», շեշտել «ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ եւ անվտանգ պայմանների ստեղծման գործում», ընդգծել «հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման եւ քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման պահանջվածությունը»: Սակայն, մեծ հաշվով, կարգավիճակի հստակեցման մասին խոսք չկա։ Այս եւ Արցախին առնչվող այլ թեմաներով զրուցել ենք Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական պատգամավոր Վահրամ Բալայանի հետ։
– Պարոն Բալայան, մի կողմից՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին ոչ մի խոսք հայտարարության մեջ չկա, մյուս կողմից՝ 25-րդ եւ 26-րդ կետերով հաստատվել է, որ սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցի կարգավորումը պիտի ավելի արագ եւ ինտենսիվ կազմակերպվի։ Եթե կարգավիճակը չի հստակեցվում, բայց գծվում են սահմաններ, ասել է թե` ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չի՞ նշանակում Արցախի դիտարկում Ադրբեջանի կազմում։
– Եթե դուք նկատել եք, հենց ռուսական կողմն արտգործնախարարի մակարդակով այն միտքն է հնչեցրել, որ այդ երկու հանգամանքները չպետք է իրար հետ կապել, այսինքն` Հայաստանի Հանրապետության` Ադրբեջանի հետ կնքվելիք պայմանագիրը չպետք է կապ ունենա Արցախի հետ։
– Այսինքն, երբ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Արցախը որտե՞ղ է մնում, ի՞նչ կարգավիճակ է ստանում։
Կարդացեք նաև
– Նայած թե որ կողմն ինչպես է նայում, ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է, որ Արցախի կարգավիճակի հարցը հենց տարածքային ամբողջականության խորապատկերի վրա դիտարկի, Հայաստանին ստիպելու, որ այդ ամենի վրա Արցախը դիտարկի Ադրբեջանի կազմում, բայց ես չեմ կարծում, որ ՀՀ ժողովուրդը կհանդուրժի այդ ամենը եւ թույլ կտա, որ իր ղեկավարությունը նմանօրինակ փաստաթուղթ ստորագրի, որի մեջ պիտի խոսվի Արցախի ճակատագրի մասին՝ ի վնաս հայ ժողովրդի։ Մենք հեռուստատեսությամբ տեսնում ենք, որ Հայաստանի բնակչության մի հատված անընդհատ խոսում է, որ պետք է հրաժարվել Արցախից` հեշտ ապրելու համար, բայց, իմ խորին համոզմամբ, հայ ժողովուրդը չի կարող ձեռքերը լվանալ Արցախից, ի վերջո՝ 30 տարվա զոհողություններով անցած ժողովուրդը չի կարող այսքան հեշտությամբ հրաժարվել իր զավակների արյան գնով արձանագրած ձեռքբերումներից՝ ազատությունից, հայրենիքում ազատ ապրելու իրավունքից եւ այլն։
– Կարծում եք՝ ՀՀ իշխանությունները կհրաժարվե՞ն որդեգրած կուրսից՝ նկատի ունեմ, որ վերջին ամիսներին ակնհայտ էր, թե ուր էին տանում գործընթացները՝ հրատապ կարգով խաղաղության պայմանագրի ստորագրում, Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում, ընդհուպ՝ Արցախն Ադրբեջանի կազմում դիտարկել, սահմանագծում եւ այլն։
– Եթե ժողովուրդը պինդ կանգնի, ես համոզված եմ, որ ոչ մի իշխանություն էլ չի կարող ինքնագլուխ որոշումներ կայացնել։ Հայ հասարակության մոտ տպավորություն է, որ Արցախից հրաժարվեն, հեշտ կապրեն, բայց կյանքն ապացուցեց հակառակը՝ հրաժարվել Արցախից՝ կնշանակի վտանգն ավելի մոտեցնել իր տան սահմաններին։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: